f

Անկախ

​Էջեր Երևան քաղաքի պատմության թանգարանից


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երևան քաղաքի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Լուսինե Ամիրջանյանի հետ:

-Տիկին Ամիրջանյան, թանգարանը հիմնադրվել է 1931-ին և բավական բարդ ճանապարհ է անցել: Ինչպե՞ս է այն կարողացել հաղթահարել իր առջև ծառացած դժվարությունները:

-Մեր թանգարանը 88 տարեկան է, ինչը պատկառելի տարիք է թանգարանների պատմության մեջ: 1930-ականներին այն կոչվում էր Կոմունալ թանգարան, քանի որ հիմնականում պետք է ներկայացներ Երևանի կենցաղը: Թանգարանը զբաղեցնում էր Հրշեջ վարչության շենքի երկրորդ հարկի մի փոքրիկ սենյակ: Այնուհետև շուրջ 60 տարի թանգարանը գործել է Կապույտ մզկիթում, որից հետո տեղափոխվել է Ամիրյան 6 հասցեում գտնվող նախկին Հռիփսիմյան իգական գիմնազիայի շենքը: Սակայն շենքի շուրջ ծագած անցանկալի խնդիրների պատճառով թանգարանի հաջորդ հանգրվանն է դարձել Շահումյանի անվան դպրոցի քառահարկ մասնաշենքը: Ֆոնդերի առումով պայմանները վատը չէին, բայց ցուցադրության հատված չունեինք: Հենց այդ շրջանում էլ, երբ որոշվեց Երևանի քաղաքապետարանը տեղափոխել ներկայիս շենք, որի ճարտարապետը Ջիմ Թորոսյանն էր, նրա առաջարկով թանգարանը քաղաքապետարանի շենքի համալիրի մաս կազմեց: Հուսով եմ՝ սա մեր վերջնական հանգրվանն է: Պիտի շեշտեմ, սակայն, որ թանգարանի ոդիսականը երբեք չի խանգարել լիարժեք իրականացնել մեր գործունեությունը: Ներկայիս շենք տեղափոխվել ենք 2005-ին, իսկ հիմնական ցուցադրությունը գործում է 2007-ից:

Լուսինե Ամիրջանյան

-Ի՞նչ կարգախոսներով եք առաջնորդվում:

-Մեզ համար շատ կարևոր է, որ ճշմարտացի ներկայացվի իրականությունը, և թանգարան ոտք դնող յուրաքանչյուր ոք, լինի տեղացի թե օտարերկրացի, կարողանա լիարժեք պատկերացում կազմել Երևան քաղաքի պատմության մասին: Ի վերջո, մեր հավաքածուն մեզ տալիս է այդ հնարավորությունը: Երբ այցելուն գալիս և տեսնում է Երևանյան քարայրից հայտնաբերված հազարավոր տարիների պատմություն ունեցող իրեր, լսում բացատրություններ, ամեն ինչ ավելի շոշափելի է դառնում: Քաղաքի հիմնադրման արձանագրությունը Էրեբունու գրավոր անձնագիրն է, բայց որպես բնակավայր (ոչ Էրեբունի անունով)՝ իրականում հազարամյակների պատմություն ունի:

Թանգարանի գործառույթներից է նաև գիտական աշխատանքը: 2005-ից առ այսօր 5 գիտական նստաշրջան ենք անցկացրել՝ հանրապետության լավագույն պատմաբանների, թանգարանագետների, արվեստաբանների և այլոց մասնակցությամբ: Ըստ այդմ հրատարակել ենք «Երևան» գիտական հոդվածների հինգ ժողովածու, որոնք ընդգրկում են Երևանի պատմության բազմաբնույթ հարցեր:

-Ի՞նչ ճանապարհներով է համալրվել ու համալրվում թանգարանը:

-Թանգարանի ցուցանմուշների հավաքագրման ընթացքը սկսվել է թանգարանի ստեղծմանը զուգահեռ: Սկզբնական ցուցանմուշները բերվել են Հայաստանի պատմության թանգարանից, ապա դիմել են երևանցիներին՝ Երևանի պատմությանը վերաբերող իրերը հանձնել թանգարանին: Հայտարարությանն արձագանքել են թե´ հասարակ քաղաքացիները, թե´ արվեստագետները: 1930-ականն թթ. մի քանի հազար առարկաների համեմատ՝ այսօր ունենք 97.000 ցուցանմուշներ: Դրանցից 1700-ը տեղ է գտել թանգարանի մշտական ցուցադրությունում, իսկ մնացածը հանրությանն է ներկայացվում ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով:

Թանգարանի գիտական բաժինների կարևոր գործառույթներից մեկը թանգարանի ֆոնդերի համալրումն է, ընդ որում դա կարող է լինել նպատակաուղղված. ձեռք ենք բերում հենց այն իրը, որը մեզ անհրաժեշտ է: Իհարկե, թանգարանը մեծ ֆինանսական հնարավորություններ չունի: Ամեն տարվա սկզբին որոշվում է այն սահմանափակ գումարը, որը կարող ենք այդ տարի հատկացնել իր գնելուն: Դրա համար շեշտը դնում ենք նվիրատվությունների վրա, որոնք շատ ավելի մեծ թիվ են կազմում: Թանգարանի կայքում միշտ գրում ենք նվիրատուների ցուցակը: Եվ այսօր էլ հաճախ դիմում ենք երևանցիներին, որ եթե տանն ունեն տատիկ-պապիկներից մնացած մասունքներ, հանձնեն թանգարանին: Օրինակ՝ խորհրդային շրջանում, մարդիկ, երբ պիտի թարմացնեին իրենց կահույքը (ի դեպ, երևանյան կահույքի մեծ հավաքածու ունենք), զանգահարում էին մեզ և շատ չնչին գումարով վաճառում կամ նվիրում: Իմ աշխատանքային երկարատև գործունեության ընթացքում բազում անգամներ մասնակից եմ եղել ցուցանմուշների համալրմանը:

Ինչ վերաբերում է հնագիտական իրերին, դրանք մեզ են հանձնվում հնագիտական պեղումներից հետո: Հնագետի պարտականությունն է հայտնաբերված իրերը համապատասխան թանգարանին փոխանցելը: Բարեբախտաբար այսօր էլ շարունակվում են Երևանի և հարակից տարածքների պեղումները, որոնց արդյունքում թանգարանը շարունակում է հարստանալ նոր ու արժեքավոր ցուցանմուշներով:

Երևան քաղաքի պատմության թանգարան

-Քանի՞ բաժին ունի թանգարանը: Ի՞նչ սկզբունքով են բաշխված ցուցանմուշները:

-Ունենք երեք գիտացուցադրական բաժին (իրենց բաժնի վարիչով ու գիտաշխատողներով): Մշտական ցուցադրությանը հատկացված է երեք հարկ: Հիմնական ցուցադրությունը կազմակերպել ենք ժամանակագրական սկզբունքով. առաջին հարկում հնագույն և միջնադարյան բաժինն է, երկրորդ հարկում՝ նորը, երրորդում՝ նորագույնը: Ավելացնեմ նաև, որ հաճախ երրորդ հարկում նորագույն պատմության շրջանը մենք որևէ թեմատիկ ուղղվածությամբ ենք ներկայացնում (տնտեսություն, կոնյակագործության պատմություն, սպորտ և այլն):

Թանգարանի հավաքածուները հատկապես գնահատվում են մասնագետների և կոլեկցիոներների կողմից: Նրանք հաճախ են իրենց զարմանքն ու հիացմունքն արտահայտում այս կամ այն հավաքածուն տեսնելիս: Օրինակ՝ թանգարանի տարազների հրաշալի հավաքածուն հնարավորություն է տալիս մասնակցել արտագնա ցուցահանդեսներին և օտարներին զարմացնել մեր ազգային տարազների յուրօրինակությամբ:

Երևան քաղաքի պատմության թանգարան լինելը մեզ չի խանգարում ունենալ ընդհանրապես Հայաստանի պատմությանը վերաբերող առարկաներ և ներկայացնել դրանք ցուցահանդեսների ժամանակ:

-97.000 առարկաներ ունեցող թանգարանն ինչպե՞ս է կարողանում հոգալ այդ ողջ հարստության պահպանության հարցը:

-Թանգարնն ունի ֆոնդային բաժին, 8 գիտաշխատող, որոնք նյութական պատասխանատվություն են կրում թանգարանային առարկաների պահպանության համար: Նրանք իրականացնում են նաև յուրաքանչյուր ֆոնդի համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ: Իհարկե, ամեն բան իդեալական չէ, ինչպես աշխարհի շատ թանգարաններում, բայց անում ենք մեր առավելագույնը: Ֆոնդապահները, որ ունեն 30 և ավելի տարիների աշխատանքային փորձառություն, լավ են տիրապետում իրենց գործին:

-Տիկին Ամիրջանյան, որո՞նք են Երևան քաղաքի պատմության թանգարանի առանձնահատկությունները:

-Մենք ներկայացնում ենք քաղաքի պատմությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը: Օրինակ՝ առանց Երևանի պատմության թանգարանի լուսանկարների, որ 16000-ից ավելի են, 19-րդ դարի Երևանը ուղղակի անհնար է ներկայացնել: 20-րդ դարի սկզբին քանդված շատ շենքեր այսօր հնարավոր է տեսնել միայն լուսանկարներում: Երևանի մասին ուսումնասիրություն գրել ցանկացող յուրաքանչյուր ոք չի կարողանա իրագործել իր նպատակը առանց մեր թանգարանի օգնության: Վերջերս հրատարակվեց «Երևանի պատմությունը» գիրքը, որն ըստ էության, Թադևոս Հակոբյանի նույնանուն քառահատոր աշխատությունից հետո առաջին կոթողային գործն էր հանրապետության լավագույն գիտնականների մասնակցությամբ, և առանց մեր թանգարանի հավաքածուի այդ գիրքը հրատարակելն անհնար կլիներ:

Մենք նաև ամենաայցելվող թանգարանների թվին ենք պատկանում, ինչը շատ ուրախալի է: Թանգարանի բոլոր աշխատողներն էլ շատ սիրում են մեր քաղաքը, և Երևանի պատմությունը ներկայացնելն ամեն մեկիս համար շատ պատվաբեր է ու կարևոր:

Երևան քաղաքի պատմության թանգարան

-Ո՞ր տարիքից է մատչելի թանգարանը, և ի՞նչ նորամուծություններ եք կիրառում նոր սերնդին թանգարանն առավել գրավիչ դարձնելու համար:

-Մեզ կարող են այցելել բոլոր տարիքային խմբերը՝ սկսած մանկապարտեզային տարիքից, որովհետև հաճախ կազմակերպում ենք Երևանի պատմությունը ներկայացնող տիկնիկների ցուցահանդես: Բացի դրանից՝ Երեխաների միջազգային օրը, Էրեբունի-Երևանի տոնին և այլ նշանակալի օրերի ընթացքում նախաձեռնում ենք հետաքրքիր մանկական միջոցառումներ, որոնց երեխաներն անմիջական մասնակցություն են ունենում, ինչն էլ ապահովում է նրանց հետագա այցելությունը թանգարան:

Հիմնական շեշտն, իհարկե, դնում ենք դպրոցականների վրա: Շատ կարևորում ենք երեխաների կրթությունն ու որպես արժանապատիվ երևանցի դաստիարակելը՝ համարելով մեր առաքելություններից մեկը: Կազմակերպում ենք ամենատարբեր բնույթի գիտակրթական ծրագրեր՝ խաղ-էքսկուրսիաներ, դաս-էքսկուրսիաներ: Այն, ինչ ժամանակին աշակերտներին փոխանցում էինք դասախոսությունների միջոցով, այժմ վերածել ենք խաղ-էքսկուրսիաների, որ առավել հետաքրքիր են ժամանակակից սերնդին:

Ունենք նաև Երևանը ներկայացնող 3D անիմացիոն մակետ, որի միջոցով Երևանը կենդանություն է առնում՝ իր թաղերով, փողոցներով, տեսարժան վայրերով և այլն:

Հաճախ մեզ այցելած աշակերտների հետ կազմակերպում ենք թիմային խաղեր՝ հաղթողներին պարգևատրելով խորհդրանշական նվերներով՝ իհարկե, չանտեսելով նաև մյուսներին, որ բոլորն անպայման դրական հիշողություններ ունենան թանգարանից:

Ունենք նաև երդման արարողություն: Քանի որ մեզ մոտ միաժամանակ ցուցադրվում են Երևանի խորհրդանիշերը (զինանշան, դրոշ, օրհներգ), քաղաքապետի լանջաշղթան և երդման տեքստը, հենց այդ հատվածում երեխաները Երևանի հիմնի հնչյունների ներքո երդվում են և խոստանում լինել արժանապատիվ երևանցի:

Այս ամենի արդյունքում, կարող եմ ասել, որ մեր այցելուների քանակը 4-5 հազարից հասել է 23 հազարի, որը Հայաստանի համար բավականին մեծ թիվ է: Ի դեպ, անիմացիոն ծրագրերն ամենաշատն են նպաստում այցելուների թվի աճին: Այսօր ունենք բազմաթիվ այցելուներ, որ թանգարան են գալիս զուտ Երևանի մակետը կենդանացած տեսնելու համար: Դրա համար այս տարի նախատեսում ենք նաև կենդանություն տալ թանգարանի մի քանի գեղանկարների: Ի դեպ, մեր թանգարանն ունի ժամանակի բոլոր հայտնի գեղանկարիչների գործերից:

-Ի՞նչ դժվարություններ ունի թանգարանը:

-Մեր ունեցած դժվարությունները հատուկ են բոլոր գիտամշակութային օջախներին, օրինակ՝ ցածր աշխատավարձը, ինչը հնարավորություն չի տալիս երիտասարդներին երկար աշխատել թանգարանում:

Մեր թանգարանը նաև մեծ ցավ է ապրում պատմամշակութային շենքերի քանդվելուց: Մենք կազմակերպել ենք ցուցահանդես՝ «Կառուցենք առանց քանդելու» խորագրով: Այս ձևով ենք փորձում օգտակար լինել մեր քաղաքին: 1930-ական թթ. քաղաքում որևէ շինություն կառուցելիս կամ քանդելիս անպայման հաշվի էին առնում թանգարանի կարծիքը: Գուցե պատճառն այն էր, որ այն ժամանակ թանգարանի գիտխորհրդի կազմում էին Ալ. Թամանյանը, Թ. Թորոմանյանը, Ն. Բունիաթյանը, Մ. Սարյանը և այլք, բայց այժմ, ցավոք սրտի, թանգարանն այդ գործառույթը չունի: Բացի դրանից, որքան էլ ցավալի է խոստովանելը, արդեն այնքան շատ են քանդել, որ այլևս բան չկա քանդելու:

-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Ուզում եմ, որ սիրենք մեր քաղաքը, մաքուր պահենք, գեղեցկացնենք, տիրապետենք նրա պատմությանը և, ամենակարևորը, հասկանանք, որ սա մեր տունն է: Արդյունքում նաև մեր թանգարանը կդառնա առավել այցելելի:

Արփի Խաչատրյան

հարցազրույց Երևան քաղաքի պատմության թանգարան Լուսինե Ամիրջանյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին