f

Անկախ

«Աղջիկ, որը երազում է...» Արմինե Աղաջանյան


MOSH STUDIO-ն մի փոքրիկ աղջկա իրականացած երազանք է։ Այն գտնվում է Հայաստանի գեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Եղեգնաձոր քաղաքի «Փակ փողոց» կոչվող մի գողտրիկ անկյունում:  2011 թ.-ին ,հավատարիմ մնալով իր նպատակին ՝աղջիկը բացեց իր արվեստանոցը։Այն կրթամշակութային հետաքրքիր հարթակ է, որտեղ ստեղծագործական թիմը զբաղվում է բազմապրոֆիլ տեքստիլ արտադրությամբ,ձեռքի աշխատանքներով, վարպետության դասերովցուցադրություններով։ Արտադրության առանձնահատկությունը կայանում է նրանում,որ ստեղծված ապրանքների վրա միշտ առկա է ձեռքի աշխատանք բատիկ տեխնիկայով, ասեղնագործություն, ապլիկացիա, հելյունագործություն, ուլունքագործություն։ Սրահում կարվում և նկարազարդվում են զգեստներ,կոշիկներ,պայուսակներ, շարֆեր, կերպարային տիկնիկներ, պաննոներ, պատրաստվում են բազմատեսակ զարդեր։ Պատմամշակութային օրնամենտների վերամշակումն ու կիրառումը հավաքածուներում  հաջողություն բերեց մի շարք միջազգային ցուցադրություններում։ Հաճախակի անց է կացվում բատիկի,կար ու ձաևի, տիկնիկագործության վարպետության դասեր տուրիստների և արվեստասեր երիտասարդների համար։ MOSH-ի նպատակն է ստեղծել բացառիկ արտադրատեսակ ՝ նրբաճաշակություն և պարզություն գնահատողների համար ։Բրենդի կայունության երաշխիք է հանդիսանում համագործակցությունը USAID,MY ARMENIA,AGBU,AYWA,HERA կազմակերպությունների հետ։Ապրանքի վրա ամրացված պիտակին կտեսնեք փոքրիկ պատմություն ՝ «Աղջիկ, որը երազում է․․․» 

«Անկախ»-ի  զրուցակիցն է դիզայներ,  «Մոշ»  գեղարվեստական սրահի հիմնադիր Արմինե Աղաջանյանը:

Ինչպե՞ս  ստացվեց, որ  մասնագիտությամբ   արևելագետ  Արմինե  Աղաջանյանը  որոշեց Եղեգնաձորում  նորաձևության սրահ   հիմնել։ 

Նախ սկսեմ նրանից, որ արևելագիտությունը իրականում իմ ընտրած մասնագիտությունը  չէր։  Ես արվեստաբանության հետքերով էի ընդունվել համալսարան, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտնվեցի արևելագիտության ֆակուլտետում, շատ սիրեցի կուրսս, մինչ այժմ նրանք ինձ «արվեստ»  են անվանում։

Ամեն դեպքում Մոշ ստուդիան փոքրիկ աղջկա իրականացած երազանքի արդյունքն է։ Փոքրիկ   Եղեգնաձոր քաղաքում ապրում էր մի աղջիկ, ով շատ վաղ մանկուց ուներ երազներ և նվիրական մեծ ցանկություն՝  ունենալ  մի անկյուն,  որտեղ կիրականացվեն շատ կանանց և աղջիկների երազանքները։ Քայլ առ քայլ,  տարիների ընթացքում այդ երազանքը դարձավ իրականություն։ Դեռ շատ տարիներ առաջ   «Ես տասը տարի անց» վերնագրով դպրոցական շարադրության մեջ  նկարագրել եմ հենց այն ամենը,  ինչը տարիներ անց իսկապես իրականություն դարձավ։ Իսկ ավելի փոքր տարիքում ես նորաձևության ցուցադրություններ  էի  կազմակերպում  բակի տատիկների, երեխաների համար։ Հետաքրքրություն ի սկզբանե դեռ վաղ մանկուց է եղել. ծնվել, մեծացել եմ ճարտարապետի ընտանիքում, արվեստի մթնոլորտում։ Նույնիսկ մայրիկի գունագեղ զգեստապահարանը խորը տպավորություն է թողել  ինձ վրա։ Շատ էի սիրում նկարել. նկարում էի թե տանըթե դասերի ընթացքում, թե համալսարանում։ Ունեցել եմ էսքիզների մի շարք ցուցադրություններ։  Իմ զգեստներն էլ միշտ եղել են տարբերվող։  Հետագայում արդեն, երբ դարձա  թուրքագետ, շատ էի ափսոսում և ամաչում՝  տեսնելով  հայկական  շուկայում  ողողված թուրքական ապրանքանիշը։  Միշտ երազել եմ, որ հայ կանայք և աղջիկները կրեն հայկական արտադրության զգեստներ,  լինեն ավելի  նուրբ  ու  կանացի։  Իրականում այս ամենը երազանքից հասավ մինչև արտադրություն։

Մոշ ստուդիո բրենդը այսօր էլ ունի իր կարգախոսը. «Աղջիկ, որը երազում է...»

«Մոշ»  ստուդիայում   ներկայացնում   եք կարի և բատիկի տեխնոլոգիայով ստեղծված արհեստի  նմուշներ, որոնցում  գերիշխող է մեր ազգային ոճը, ձևերը, գույները, նախշերը: Կասեք, ո՞րն է  «Մոշ  ստուդիո»-ի ամենագլխավոր   առանձնահատկությունը:

Մոշ ստուդիայի արտադրանքում առկա են Վայոց ձորին բնորոշ պատմամշակութային ժառանգության յուրահատուկ , չհանրահռչակված  նմուշներից զարդանախշեր, օրնամենտներ, որոնք հիմնականում վերցված են խաչքարերից։ Ինչ վերաբերվում է ապրանքի առանձնահատկությանը, ես ուզում եմ առանձնացնել այն, որ «Մոշ»  ստուդիայում ստեղծված յուրաքանչյուր ապրանքի վրա առկա է ձեռքի աշխատանք։ Հիմնականում նկարում ենք կտորի վրա, հետո նոր կարում զգեստը։ Կամ կարում ենք զգեստը՝  ապա նոր ըստ հաճախորդի ցանկության, պատկերացումների նկարում զգեստի վրա։ Հիմնականում լինում են ապլիկացիաներ, ասեղնագործություն  և այլն։ 

Արտադրության թափոններից տիկնիկներ պատրաստելու գաղափարը շատ հետաքրքիր էր, քանի որ մեր ստուդիայում հիմնականում թափոններ չենք ունենում։ Ցանկացած փոքրիկ կտոր, թել, փետուր, ծաղկի կտորներբոլորը մեզ մոտ առանձնացվում են:  Եվ  միտք ծագեց դրանցով պատրաստել տիկնիկներ։  Այսպիսով   մենք ունենք մանկական հավաքածուներորոնց հետ առկա են տիկնիկներ՝ նույն զգեստով։ Այս  գաղափարը շատ ջերմ ընդունվեց այցելուների կողմից։ Մեզ մոտ ունենք նաև վարպետության դասընթացներ։ Տուրիստներին առաջարկում ենք վարպետության դասեր բատիկ տեխնիկայովտիկնիկագործության դասընթացներ, պատրաստում ենք հրեշտակներ պինգ պոնգի գնդակներից։ Դա շատ յուրահատուկ է և շատ զվարճալի։ Այնուհետև տուրիստներին պատմում ենք  տիկնիկներով  ծիսական արարողությունների մասին, որը հայկական մշակույթում շատ կարևոր տեղ է ունեցել։

Այս ամռանը, քանի որ համավարակով պայմանավորված չունեցանք տուրիստներ, նույն միջոցառումները կազմակերպեցինք համայնքի, տեղի երեխաների համար, որը մեծ ցնծությամբ ընդունվեց։  Դասընթացների ընթացքում երեխաները ծանոթացան ձեռարվեստի հմտություններին, նկարչություն սովորեցին, ծանոթացան տեքստիլ նկարչության հետ, նկարեցին իրենց շապիկներին, իրենց համար դիմակներ, աքսեսուարներ պատրաստեցին։

Ձեր ստեղծած հագուստների վրա կարծես  թե  գերակշռում  են նաև Մոմիկի զարդանախշերը: Կպատմեք, ի՞նչ  խորհուրդուղերձ  են  կրում  այդ զարդանախշերը:

Ես միշտ հետաքրքրվել եմ, միշտ ուսումնասիրել եմ եկեղեցիների, վանքերի զարդանախշերը, խաչքարերի վրա առկա զարդանախշերըքանի որ հայրս մի շարք եկեղեցիների ճարտարապետ է։ Ինձ միշտ հետաքրքրել են այդ փոքրիկ զարդամոտիվները, որոնցից  յուրաքանչյուրը ինչ-որ խորհուրդ ուներ։

Կուզեի խոսել Մոմիկի զարդանախշի մասին. այս զարդանախշը վերցված է հայկական խաչքարի զարդամոտիվային համակարգից։ Խաչքարը, որից վերցրել եմ զարդանախշը, 13-րդ դարի հուշարձան է, այժմ պահպանվում է Նորավանքի վանական համալիրում։ Բազմաթիվ ուսումնասիրողներ գտնում են, որ խաչքարը քանդակել է միջնադարյան հայ ճարտարապետ Մոմիկը։ Բայց կա նաև տեսակետըստ որի այն քանդակված կարող է լինել նաև ավելի ուշ, և կարող է պատկանել Մոմիկի քանդակագործական դպրոցին։ Չնայած նրան, որ զարդանախշը քանդակվել է 13-րդ դարում, իր խորհրդանշական իմաստով, որպես սիմվոլ, այն գալիս է հազարամյակների խորքից։ Սա բուսածաղկային զարդանախշ է, որը հնուց ի վեր խորհրդանշել է կյանքի հարատևությունը, բնության մեռնող -հառնող ուժը, պտղաբերությունը և այլն։ 

Նմանատիպ զարդանախշեր մեր ժողովուրդը լայնորեն կիրառել է դեկորատիվ- կիրառական արվեստի բոլոր ճյուղերում՝  գորգագործություն, տարազ, ոսկերչություն, արծաթագործություն, զարդարվեստ և այլն։  Սակայն ուզում եմ ընդգծել, որ հենց այս զարդամոտիվը կիրառվում է իմ կողմից առաջին անգամ և հպարտությամբ կարող եմ նշել, որ այն մեծ ազդեցություն ունեցավ և շատ սիրով ընդունվեց  թե՛  Հայաստանի սահմաններում, թե՛   արտասահմանում։  Մոմիկի զարդանախշով պատվերներ շատ ենք ունենում արտասահմանից, և չենք ձանձրանում անընդհատ կիրառել այդ զարդանախշը։  Շատ հետաքրքիր գաղափար է իր մեջ ներառում այդ զարդանախշը, մեզ շատ հաջողություն է բերել, մենք այդ զարդանախշը կիրառում ենք թե՛ հագուստի, թե՛ պայուսակներիթե՛ աքսեսուարների  վրա։

Ձեր պատրաստած  շքեղ զգեստներ, յուրօրինակ  շարֆեր և աքսեսուարներ մեկ այլ առանձնահատկություն էլ ունեն՝  հիմնականում  ձեռագործ  են: Ձեր աշխատանքների վրա երկա՞ր ժամանակ եք ծախսում

Երբ սկսում եմ նկարել, կորցնում եմ ժամանակի զգացողությունը, որովհետև ամեն մի ստեղծագործություն ինձ համար հեքիաթ է. այն ունի սկիզբ, զարգացում և գեղեցիկ ավարտ։ Ես չեմ կարող աշխատանքը կիսատ թողնել։ Ստեղծագործելիս ես պետք է մենակ լինեմ, հետաքրքիր երաժշտություն լսեմ կամ լինեմ բնության գրկում։ Օրինակ իմ սրահի հետնամուտքի մոտ ես ունեմ ծառեր, ծլվլացող ծիտիկներ և այնտեղ հրաշալի է ստեղծագործել։ Այնպես որ,   գոնե լավ է, որ  ընտանիքիս անդամները  հիշեցնում են, որ պետք է  նաև սնվեմ և քնեմ։

Համավարակի օրերին, արտակարգ դրության պայմաններում շատ արվեստագետների մոտ  ծնվում  ու  կյանքի  են  կոչվում    նոր  գաղափարներ  ու  աշխատանքներ: Հետաքրքիր   է  ստեղծված  իրավիճակը  ի՞նչ  հետք  թողեց ձեր աշխատանքների  վրա:

Համավարակի սկզբնական շրջանում ստիպված էի աշխատել տանը։  Տանը կից ունենք այգի՝  ծառերով  և  ծաղիկներով հարուստ։ Եվ բնության գրկում ստեղծագործելը  ինձ համար միշտ ցանկալի է եղել, պարզապես երբևէ սրահից դուրս ստեղծագործելու հնարավորություն չէր եղել։

Ասեմ, շատ հաճելի էր այգում նստել, նկարել ծաղկած ծառերի տերևներն ու ծաղիկները։ Մի խոսքով հետաքրքիր ստեղծագործական ժամանակաշրջան էր։ Բնությունը ինձ համար ներշնչանքի մեծ աղբյուր էր։ Ուզում եմ նաև նշել, որ համավարակի օրերին ստեղծվեց դիմակների վրա նկարելու պահանջարկը. ունեցանք շատ հետաքրքիր շարքեր, հավաքածուներ։  Վերջերս մեր վարպետության դասերին  ներառեցինք նաև  «Պատրաստիր ինքդ քո դիմակը»   խորագրով վարպետության դասը, որի ընթացքում երեխաները այցելում էին մեր սրահ, իրենց համար դիմակներ կարում, և դրանց վրա նկարում իրենց ցանկալի պատկերը։

Ինչպե՞ս է իրականացվում   «Մոշ  ստուդիո»-ի արտադրանքի  վաճառքըՈվքե՞ր  են  Ձեր այցելուներըհիմնականում  հայե՞ր  ենթե՞  արտասահմանցիներ:

Մոշ ստուդիայի հաճախորդները  նրբաճաշակություն  և պարզություն  գնահատող կանայք և աղջիկներն են։ Ինչպես նաև կիրառական արվեստով հետաքրքրվող տուրիստներ, որոնք այցելում են մեր սրահ։ Մեր հաճախորդները սիրում են արվեստը,մեղմ գունային երանգներ,մինիմալիստ են,տարբերվող։Նրանք սիրում են կրել իրենց հետ արվեստի մի կտոր,առանձնանալ միատար հասարակությունից,կերպարային են,ապրում են հեքիաթում: Մեր արտադրանքը հիմնականում սպառվում է սրահում կամ օնլայն տարբերակով։ Վերջին տարիներին արդեն մեր ապրանքատեսակներից օգտվում են նաև Հայաստանի այլ մարզերից, բնակավայրերից, ինչպես  նաև արտերկրից։

Կարծում եմ  մեր ընթերցողներին կհետաքրքրիինչո՞ւ  հենց «Մոշ»:

Ասեմ, որ դեռ շատ փոքր տարիքից հայրս ինձ այդպես է անվանել իմ սև- սաթ մազերի  և աչքերի համար։ Մինչ այժմ էլ ես հարազատների և ընկերների շրջապատում հայտնի եմ որպես  Մոշ։

Ի՞նչ ծրագրեր ունեք մոտակա  ժամանակներս: Հնարավո՞ր  է «Մոշ  ստուդիոն» մասնաճյուղ  ունենա  նաև  Երևանում:

Նշեմ, որ դա իմ երազանքների շարունակությունն է:  Եվ վաղուց ժամանակն է ունենալ մասնաճյուղ Երևանում, քանի որ մեր հաճախորդների մի մասը հենց Երևանից են։ Այո,  մեր ծրագրերում կա նաև ունենալ փոքրիկ մի անկյուն Երևանում, որից հետո մեծ հույսեր ունենք բացել  «Մոշ ստուդիո»  եվրոպական  որևէ  հետաքրքիր  քաղաքում։

Կարծում եմ  բիզնեսին հասնելու ճանապարհը լի է եղել  դժվարություններով: Ո՞րն է  Ձեր  ոգեշնչման  աղբյուրը, ի˚նչն  է  ստիպում  չկանգնել  ու շարունակ առաջ  նայել:

Սկիզբը  իսկապես դժվար է եղել և այնպես չի, որ հիմա հեշտ է։ Փոքրիկ երեխայի նման բիզնեսը  որքան մեծանում է, խնդիրներն էլ են մեծանում։ Սակայն երբ ունես հստակ նպատակ,  ունես երազանք ու ոչ մի վայրկյան չես շեղվում քո երազանքից, դու համոզված ես, որ անում ես այն, ինչ պետք է անես, դա քո առաքելությունն է, դու ոչ մի վայրկյան չես հուսահատվում։ Կոնկրետ իմ դեպքում ես երբևէ չեմ կասկածել  իմ մասնագիտության մեջ, երբևէ չեմ շեղվել այլ ուղղություններով, չեմ մտածել,  միգուցե ես հոգեբան լինեի կամ տնտեսագետ ։  Ես միշտ համոզված եմ եղել, որ սա իմ աշխարհն է։ Ես պետք է ստեղծեմ հեքիաթային զգեստներ, ես պետք է ինչ-որ մեկին տեսնեմ երջանիկ այդ զգեստով։  Միշտ ասում են, որ հայրս եկեղեցիներ է կերտում, իսկ ես զգեստներ։ Ես հասկանում եմ, որ ես պետք եմ, մարդիկ ունեն իմ կարիքը,  և ես այդքանով երջանիկ եմ։ Հենց դա էլ ոգեշնչում է քեզ, որ արթնանաս, որովհետև դու պետք ես։ Կան մարդիկ, ովքեր քո սրահի դիմաց սպասում են քեզ, կան մարդիկ, ովքեր գրում են քեզ։ Եվ որևէ համաճարակորևէ ցուրտ ձմեռ կամ շոգ ամառ չի խանգարել, որ ես ունենամ պատվերներ։ Միշտ գրում են, միշտ գալիս են, միշտ պահանջում են։  Երբևէ  ջերմության պակաս չեմ ունեցելմիշտ ստացել եմ ջերմությունգնահատողների հսկայական բանակ ունեմ։

Միշտ հիշում եմ այն դեպքը, երբ ցուցահանդես ունեինք, սրահից իրերը տեղափոխում էինք թանգարան,  և  նկատեցի ականատես մարդկանց վախեցած հայացքներըովքեր մտածում էինթե  սրահը կարող է փակվել։ Շատ լավ է, երբ  գիտես, որ դու պետք ես։ Եվ այդ պիտանի լինելու շարժիչ ուժը, որ մարդիկ աչքերը փակ վստահում են քեզ,  ինձ համար շատ կարևոր փաստ է ։

Սա իմ կոչումն է, սա իմ առաքելությունն է։ Եվ ես գիտեմ, որ մինչև կյանքիս վերջ ես զբաղվելու եմ սրանով՝  օր օրի կատարելագործելով իմ հմտությունները, օր օրի ինֆորմացվելով. ես ամեն օր սովորում եմ, ամենափոքրիկից սովորում եմ։ Ես ի դեպ,  անտառով եմ իջնում սրահ և անտառի ամեն մի ճյուղի, տերևի,  բույսի մեջ նայելով՝  նկարում եմ այդ ամենը։ Կարծում եմ  ոգեշնչումը  գալիս է, երբ ունես ճիշտ երազանքներ։

Հարցազրույցը՝   Թամարա  Թորոսյանի

Հայաստան հարցազրույց Արմինե Աղաջանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը․ Էլինար Վարդանյան
Պետք է մեր վճռական ձայնը բարձրացնենք և թույլ չտանք գործող իշխանությանը նորից պառակտել մեր հերոսական և մարտնչող ազգը․ Ավետիք Չալաբյան
Տարածաշրջանային լարված իրադրության պայմաններում տեղեկատվական գործիքների ճիշտ և օպերատիվ կիրառումն առանձնահատուկ նշանակություն ունի․ Տիգրան Աբրահամյան
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները
Քարաթափում՝ Ալավերդիում
Ազատության պողոտայում BMW է այրվել
Վայոց ձորում խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը
Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանն այլեւս քաղաքական բանտարկյալ է. ԲՀԿ հայտարարությունը
Եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն, այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ․ Վահրամ Պետրոսյան
Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել
ՅՈՒՆԻՍԵՖ․ Հակամարտությունները, կլիմայական ճգնաժամը և ՔՈՎԻԴ-19-ը հսկայական վտանգ են ներկայացնում կանանց և երեխաների առողջության համար
Կորոնավիրուսով վարակման 429 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Քաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը
Էրիկ Բազինյան. «Ինչպես ռինգում, այնպես էլ կյանքում պետք է ամեն ինչ անել հաղթող դուրս գալու համար»
Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ
«Ժողովուրդ». Սնանկության դատարանի դատավորները դիմումներ են գրում. գործընթացը սկսված է
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Դատական համակարգում բարեփոխումներ են արվելու աննադանիբեկյանակերպ ու մնացականմարտիրոսյանանման երևույթներին ավելի բարձր պաշտոններ շնորհելու համար
«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել
«Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են
«Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով
«Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել
Պետությունը չի հոգում բժիշկների կարիքները, ոչ հատուկ արտհագուստ տրամադրելով, ոչ էլ նորմալ քանակի դիմակ տալիս
Ավելին
Ավելին