Պետության կողմից բավականին գումարներ է ծախսվում, բայց գյուղացին չի զգում էկոնոմիկայի նախարարութան գոյությունը, որում ներառվել է նախկին Գյուղատնտեսության նախարարությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը՝ խոսելով գյուղատնտեսական ոլորտի առկա խնդիրների մասին:
Ըստ նրա՝ գյուղատնտեսության «հերն անիծեցին այն ժամանակ, երբ Գյուղատնտեսության նախարարությունը վերացրին»: «Եթե գյուղերում, հարցնեք՝ գյուղատնտեսության գծով ո՞վ է էկոնոմիկայի փոխնախարարը, ոչ մեկ չի ճանաչում, որովհետև անծանոթ, անփորձ մարդիկ են նշանակվել»,– ասաց նա։
Սարգիս Սեդրակյանն ընդգծում է, որ այսօրվա իրականացվում են նախկին իշխանությունների կողմից մշակված «Խելացի գոմ», «Ինտենսիվ այգի» ծրագրերը, որոն, ըստ նրա, անարդյունավետ են, քանի որ գյուղացիների հետ չեն խորհրդակցում, հանրային քննարկում չի արվում, որպեսզի հասկանան ոլորտի առաջնային խնդիրները:
«Ես նշել եմ, որ անհրաժեշտ է մեքենատրակտորային կայանների ստեղծումը, քանի որ գյուղերում չկա տեխնիկա․ հին, մաշված հիմնականում Սովետի տեխնիկան է օգտագործվում: Իսկ մեր հարևան Վրաստանը լիքը նոր տեխնիկա ունի՝ բերված տարբեր երկրներից, իսկ առանց տեխնիկայի ո՞նց են աշխատելու»,- ասաց նա:
Սարգիս Սեդրակյանը նշում է, որ անասնապահության ոլորտում ևս բավականին շատ խնդիրներ կան` անասունները ժամանակին համապատասխան դեղեր ու սրսկումներ չեն ստանում, կան հիվանդություններ, որ չեն հայտնաբերվում, բացի այդ, անասնաբույժներն էլ ցածր աշխատավարձ են ստանում, ինչի պատճառով անասնաբույժների պակաս կա։
«Ինչ վերաբերում է սպանդանոցներին, ես ասել եմ, որ ցանկալի է շրջիկ սպանդանոցներ կիրառեն, գրաֆիկով մեքենայով գան գյուղ և հերթագրված անասուններին մեքենայի մեջ մորթ կատարեն, որովհետև սպանդանոցները շատ քանակի անասուն ունեցողների համար են․ սովորական գյուղացուն սպանդանոցը ձեռք չի տալիս»,– ասաց նա:
Անդրադառնալով մթերման խնդիրներին՝ Սարգիս Սեդրակյանը նշեց, որ դրանք բազմաթիվ են, երբեմն խաղողին ցածր գին են առաջարկում, երբեմն էլ՝ սկզբում գին չեն պայմանավորվում և միայն խաղողը հանձնելու ժամանակ ցածր գին է առաջարկու։
«Հիմա պետությունը զրո տոկոսով գումարներ է տվել մթերող գործարաններին, բայց տիրություն չի արվում այնպես, որ գյուղացու մթերքը ընդունեն և այդ պատճառով գյուղացիների շրջանում շատ դժգոհություններ կան: Նշում են, որ շատ ծրագրեր են արել, բայց գյուղացին ծրագրից օգտվելու համար պետք է մի քանի մլն գումար ներդնի, գնում է բանկ չեն տալիս, ասում են՝ ինչ ես գրավ դնելու, գյուղի տունը չեն ընդունում, այսինքն՝ գյուղացին չի կարողանում այդ վարկից օգտվել, այսինքն՝ այդ ծրագրից օգտվում են հարուստները և ստացվում է, որ պետությունն աշխատում է հարուստ գյուղացիների համար և հետո ասում է՝ աղքատությունը վերացրեք»: