f

Անկախ

​Գիտության և տեխնիկայի թանգարանում...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Գիտության և տեխնիկայի թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյանի հետ:

-Պարոն Սևոյան, Ձեր թանգարանը Երևանի ամենաերիտասարդ թանգարաններից է: Ե՞րբ և ինչպե՞ս է ծնվել նման թանգարան ունենալու գաղափարը:

-Ցավոք սրտի, խորհրդային շրջանում նման թանգարան ստեղծելու նախաձեռնություն չի եղել, իսկ արդեն անկախության տարիներին չկային հնարավորություններ: Իհարկե, տարբեր մասնագիտական ինստիտուտներին կից կամ գործարանների շրջանակներում եղել են մասնագիտական թանգարաններ, բայց դրանք չէին կարող համընդհանուր պատկերացում տալ Հայաստանի գիտատեխնիկական նվաճումների մասին: Այդ բոլոր նյութերը մեկ վայրում կենտրոնացնելու նախաձեռնությամբ ես և Արամ Սալաթյանը առաջինն ենք հանդես եկել՝ 2008-ին հիմնադրելով Գիտության և տեխնիկայի թանգարանը:

Մեր առաջնային նպատակը եղել է և կա՝ հավաքել ու ոչնչացումից փրկել հայկական տեխնիկական սարքերն ու սարքավորումները: Թանգարանը հիմնականում ընդգրկում է 1930-ական թվականներից առ այսօր Հայաստանում ստեղծված գիտաարդյունաբերական զարգացումը ներկայացնող նմուշներ՝ որպես հայ մարդու ձեռքբերումների ապացույցներ: Ուղղակի զարմանալ կարելի է ցեղասպանություն, ստալինյան բռնաճնշումներ, Հայրենական պատերազմ և այլ դժվարություններ տեսած մեր ժողովրդի կամքի ուժի վրա, որ կարողացել է այդ ամենից հետո Խորհրդային միության տարիներին հասնել գիտատեխնիկական նման նախանձելի ձեռքբերումների:

Գիտության և տեխնիկայի թանգարան

-Ինչպե՞ս եք իրականացրել ցուցանմուշների հավաքումը:

-Ցուցանմուշները հավաքել ենք տարբեր աղբյուրներից՝ անհատներ, նվիրատվություններ, խանութներ և այլն: Անգամ այցելել ենք շատ փակված գործարաններ, որտեղ դեն նետված իրերի միջից վերցրել ենք խորհրդային տարիների ընթացքում ստեղծված նմուշներ: Ժամանակ առ ժամանակ լինում ենք Վերնիսաժի բացօթյա տոնավաճառում, որտեղից ևս կարողանում ենք գտնել մեր թանգարանին հետաքրքրող իրեր: Նաև հայտարարություններով ենք հանդես գալիս: Շատ գիտնականներ կամ նրանց հարազատները, տեղեկանալով թանգարանի գործունեության մասին, այցելում են, ոգևորվում և ձեռքի տակ եղած համապատասխան նյութերն ու անձնական իրերը նվիրում թանգարանին: Մենք մշտապես երախտագիտությամբ ենք հիշում այն մարդկանց, որոնք նվիրատվություններ են անում, անգամ շնորհակալագրեր ենք տրամադրում:

Բնականաբար, իրերի հավաքման գործընթացը դեռ չի ավարտվել: Օրինակ՝ շատ ենք ցանկանում ձեռք բերել հայկական արտադրության էլեկտրոնային հաշվիչ սարքեր: Պատրաստ ենք նույնիսկ գնել չգործող սարքեր և հնարավորության դեպքում վերականգնել դրանք: Ցավոք, մինչև հիմա դրական արդյունքներ չունենք. մեզ հայտնի չեն Հայաստանի տարածքում հաշվիչ մեքենաների պահպանված նմուշներ:

-Թանգարանը գտնվում է Երևանի «Ճարտարագիտական քաղաք»-ի ներսում: Մի փոքր մանրամասնենք:

-Նոր Նորք վարչական շրջանում` Բագրևանդ փողոցի վրա, իհարկե, ոչ մեր նախաձեռնությամբ, ստեղծվում է «Ճարտարագիտական քաղաք», որի մի մասնիկն ենք մենք: Ծրագիրը նախնական փուլում է: Քաղաքն ընդգրկելու է ինչպես թանգարանը, այնպես էլ պատանի և երիտասարդ տեխնիկների համար նախատեսված կրթական համալիր, գրադարաններ, կիբերանվտանգության ոլորտը ներկայացնող տարբեր կազմակերպությունների գրասենյակներ, արտադրամասեր: Այստեղ հայ երիտասարդները հնարավորություն կունենան ստեղծել իրենց կազմակերպությունները, ծավալել գործունեություն՝ թեկուզ արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցելով:

-Ի՞նչ մասերից է բաղկացած թանգարանը: Քանի՞ ցուցանմուշ ունեք և ի՞նչ սկզբունքներով են դրանք ցուցադրված:

Գիտության և տեխնիկայի թանգարան

-Մեր թանգարանը պայմանականորեն բաժանված է երկու մասի՝ տեխնիկային և գիտությանը նվիրված բաժիններ: Տեխնիկական մասում ներկայացված են իրեղեն սարքեր ու սարքավորումներ՝ չափիչ և ստուգող սարքեր, հաստոցներ, տարբեր շարժիչներ և այլն: Գիտության բաժինը նվիրված է հայազգի խոշոր գիտնականներին՝անկախ նրանց գործունեության վայրից: Ներկայացնում ենք նաև ՀՀ-ում գործող այլազգի գիտնականներին:

Թանգարանի նմուշների ցուցադրությունը պայմանականորեն սկսվում է ամենապարզ սարքավորումներից՝ չափիչ սարքերից: Ինչպես մարդկության պատմության մեջ առաջին չափող սարքը ժամացույցն է, այնպես էլ մեր այցելուներն առաջինը տեսնում են հայկական արտադրության ժամացույցներ, որոնց հաջորդում են ավելի զարգացած չափող և ստուգող սարքերը, ավտոմատ կառավարման համակարգերը, էլեկտրական սարքերն ու սարքավորումները՝ նախատեսված արդեն գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների, գիտատեխնիկական ոլորտների աշխատողների համար: Տեխնիկական սարքերին հաջորդում է արդյունաբերական բաժինը՝ շարժիչներ, հաստոցներ, մեքենաշինական դետալներ, ավտոմեքենաների հանգույցներ, երաժշտական էլեկտրական գործիքներ և այլն: Այսինքն՝ բոլոր այն ոլորտները, որոնք արդյունաբերական աշխատանք են պահանջում: Կարող ենք ասել՝ թանգարանում պայմանականորեն ներկայացված են արդյունաբերական խոշոր ուղղությունները՝ քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, ծանր արդյունաբերությունը, հաշվիչ մեքենաների նախագծումն ու արտադրությունը, ատոմային ֆիզիկայի ոլորտը և տիեզերքի ոլորտը: Հաջորդ բաժինը ներկայացնում է այս ոլորտների ամենաբարձր աստիճանը՝ միկրոէլեկտրոնիկայի բաժինը՝ ռադիոէլեկտրոնիկային վերաբերող սարքեր ու սարքավորումներ, դետալներ, հանգույցներ, միկրոսխեմաներ, այդ թվում՝ նաև հաշվիչ մեքենաներ, հեռախոսային կապ, ռադիոկապ և ժամանակակից տեխնիկա:

Ընդհանուր հաշվով թանգարանի նյութերի թիվն անցնում է 600-ից, որոնց մի մասի նմուշներն այլևս գոյություն չունեն կամ դժվար են հայթայթվում: Ունենք նաև մեծ քանակությամբ լուսանկարներ այն իրերից, գործարաններից ու արտադրամասերից, որ ներկայացված են թանգարանում:

-Ի՞նչ արժեքավոր ցուցանմուշներ ունեք:

-Թանգարանի բոլոր ցուցանմուշներն էլ արժեքավոր են՝ պայմանավորված ոչ թե իրենց գնով, այլ եզակիությամբ, պատմական արժեքով, անցած ճանապարհով: Օրինակ՝ հաշվիչ մեքենան և ժամացույցը համարժեք չեն, բայց եթե չլիներ ժամացույցի արտադրությունը, մենք չէինք հասնի համակարգչի արտադրության:

Ընդհանրապես արժեքավոր է ցանկացած նմուշ, որը դեռ չեմ գտել: Եվ քանի որ թանգարանը չունի տարածքի խնդիր, միշտ ուրախանում ենք նոր ցուցանմուշների ձեռքբերումով: Օգտվելով մեր ունեցած հնարավորություններից՝ կկարողանանք տարածքը ձևափոխել և ցուցափեղկերը դասավորել այնպես, որ նոր նյութերն էլ իրենց տեղը գտնեն սրահում:

-Տարիքային ի՞նչ շեմ է ենթադրում թանգարանը: Եվ արդյոք ունե՞ք կրթական ծրագրեր՝ նախատեսված դպրոցահասակ երեխաների համար:

Գիտության և տեխնիկայի թանգարան

-Ցանկալի է, որ թանգարան այցելեն 5-6-րդ դասարանից բարձր աշակերտներ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դրանից ցածր տարիքի երեխաների համար նման բովանդակությամբ նյութերը արդյունավետ է ներկայացնել ինտերակտիվ ռեժիմով, ինչի հնարավորությունը մենք չունենք: Պարզապես աշակերտները մեզ մոտ իրենց հետաքրքրող սարքավորումների ներքին կառուցվածքը կարող են տեսնել քանդված, բաց վիճակում: Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, մեր անձնակազմը փոքր է նման գործունեություն ծավալելու համար: Հուսանք՝ թանգարանի հետագա զարգացումը կտա նման ծրագրեր իրականացնելու հնարավորություն:

-Որքանո՞վ է հասարակությունը հետաքրքրված թանգարանով:

-Նախ ասեմ, որ թանգարանը շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է: Այստեղ տոմս չի վաճառում: Անվճար են նաև մեր էքսկուրսիաները:

Ես գոհ եմ մեր այցելուների քանակից: Աշակերտներն ու նրանց ուսուցիչները սիրով են գալիս թանգարան: Անգամ մարզերի դպրոցների աշակերտներն են լինում մեզ մոտ: Մենք էլ մեր հերթին ամեն կերպ փորձում ենք հանրայնացնել թանգարանի մասին տեղեկությունները՝ մասնակցելով միջազգային ցուցահանդեսների, ներկայանալով հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Օգտվում ենք նաև համացանցի ընձեռած լայն հնարավորություններից:

Եթե օրվա ընթացքում ունենում ենք փոքր թվով այցելուներ, չենք կաշկանդվում, նախ որովհետև մենք շահույթ չենք հետապնդում, և երկրորդ՝ ամեն մի այցելուի հետ այնպես ենք աշխատում, որ նա իր տեսածի մասին չմոռանա և այդ հետաքրքրությունը փոխանցի շրջապատող մարդկանց: Համոզված ենք՝ մեր որակյալ աշխատանքը կտա իր պտուղները:

Թանգարանը շատ կարևոր է հատկապես արտասահմանից եկած այցելուների համար, որոնք անցկացված էքսկուրսիայից հետո մշտապես խոստովանում են, որ Հայաստանն ընկալել են որպես գյուղատնտեսական հետամնաց երկիր, այնինչ շրջայցը թանգարանում լրիվ այլ իրականություն է բացում նրանց առջև: Մարդիկ զարմանում են մեր գիտատեխնիկական նվաճումների ու ձեռքբերումների քանակից, մեր ունեցած գիտահետազոտական ինստիտուտների թվից: Չկա մի ոլորտ, որտեղ հայ գիտնականներն իրենց ներդրումներն ունեցած չլինեն: Խորհրդային տարիներին Հայաստանը արդյունաբերական և գիտատեխնիկական շատ ոլորտներում է եղել առաջատար:

-Ի հեճուկս Ձեր թվարկածների՝ գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում հետընթաց է թվարկած բոլոր ոլորտներում: Սերը դեպի գիտությունը ինքնին հազվադեպ իրողություն է: Թանգարանի գործունեության վրա այդ ամենն արդյոք չի՞ թողնում իր բացասական անդրադարձը:

Գիտության և տեխնիկայի թանգարան

-Որքան էլ ցավալի է, այդ ամենն իրականություն է, բայց մեր նպատակն է խթանել, որ հանրապետությունը դուրս գա այդ վիճակից, վերադառնա իր նախկին պոտենցիալին: Բոլորս կառավարության հետ համատեղ պիտի հասնենք նրան, որ մեր պատրաստած կադրերի արտահոսք տեղի չունենա: Հայ մասնագետները հենց մեր երկրի ներսում պիտի ներդրումներ անեն: Վերոնշյալ «Ճարտարագիտական քաղաքը» հենց այս խնդիրների լուծմանն է նաև ուղղված: Ես իմ հույսը չեմ կորցնում, մանավանդ որ ժամանակակից երիտասարդները հսկայական ներուժ ունեն, և մեր կրթական համակարգն էլ ոչնչով չի զիջում ո´չ ռուսականին, ո´չ եվրոպականին, ո´չ ամերիկյանին:

-Գիտության և տեխնիկայի թանգարանի st-museum.am կայքում նկատում ենք, որ Դուք «Կայծ» խորագրով հոդվածաշարի մեկնարկ եք տվել: Ի՞նչ միտում ունի նման նախաձեռնությունը:

-Այդ հոդվածները նպատակ ունեն մեր հասարակությանը ծանոթացնել հայկական գիտական մտքին և տեխնիկական առաջընթացին՝ ներկայացնելով արդյունաբերության զարգացման պատմությունը և հետաքրքրություն առաջացնելով Հայաստանի գործարանների հանդեպ: Մեր տեղեկություններով Խորհրդային Հայաստանում գործել են 12.000-ից ավելի խոշոր ձեռնարկություններ: Այսօր, իհարկե, դժվար է այդ ամենի վերականգնումը, բայց գոնե հնարավոր է գտնել որոշ նպաստավոր ոլորտներ և զարկ տալ դրանց զարգացմանը:

-Ի՞նչ հետագա նպատակներ ունի թանգարանը:

-Մեր թանգարանն ապացուցում է, որ հայ ժողովրդի փոքրաքանակ լինելը բնավ չի անդրադարձել մեր գիտական ձեռքբերումների վրա: Ուղղակի հպարտանալ կարելի է հայ գիտնականների ամենատարբեր ոլորտներում ունեցած նվաճումներով՝ մեքենաշինությունից մինչև տիեզերագիտություն: Ամեն ազգ չէ, որ ունի այս ամենով հպարտանալու հնարավորություն: Մեր նպատակներից է զարգացնել և ամբողջական տեսքով ներկայացնել հայ գիտությանն առնչվող տեղեկություններն ու նմուշները, որովհետև մենք դեռ շատ փոքր մասն ենք ընդգրկել՝ պայմանավորված շատ գիտական կառույցների գաղտնիությամբ: Օրինակ՝ Ռուսաստանում ապրող հայազգի գիտնականներ կան, որոնց մասին չենք կարողանում նյութեր ձեռք բերել, քանի որ նրանց գործունեությունն էլ է իրականացվել փակ միջավայրում: Անգամ Հայաստանում արտադրված սարքեր կան, որոնք գաղտնի են պահվել ռազմական նշանակության պատճառով:

Վերջում ուզում եմ ասել՝ շնորհակալ կլինենք, եթե ընթերցողների մեջ լինեն մարդիկ, որոնք կհետաքրքրվեն թանգարանով և կցանկանան իրենց ձեռքի տակ եղած համապատասխան նյութերը հանձնել մեզ...

Արփի Խաչատրյան

հարցազրույց Գիտության և տեխնիկայի թանգարան Ժիրայր Սևոյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին