Կորոնավիրուսի համաճարակի ազդեցությունն աղքատության աճի վրա աշխարհում նոր թափ է հավաքում, և վատթարագույնը դեռևս առջևում է: Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցին: Գրում է Gazeta.ru-ն:
Աղքատության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհուտերի խոսքերով ՝ աշխարհում 176 միլիոն մարդ կարող է համալրել աղքատների շարքերը եթե որպես ապրուստի համար անհրաժեշտ նվազագույն օրական 3,2 դոլարը համարվի:
Նա նշել է, որ համաճարակի տնտեսական հետևանքները խաղաղ պայմանների համար աննախադեպ են, և իրավիճակը համեմատել է 1930-ական թթ. Մեծ դեպրեսիայի հետ:
Չինաստանի իշխանությունները 2019թ. դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջացնում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համաճարակ: Աշխարհում վարակվածների թիվը գրեթե հասել է 28 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ: