Հանրակրթական չափորոշիչների շուրջ աղմուկն առաջացավ նրանից, որ առաջին հերթին սխալ ընտրություն է կատարվել որոշ հանձնաժողովների կազմում, ես տեղյակ եմ, թե ովքեր են մերժվել այդ մրցույթների ժամանակ եւ ովքեր են ընդունվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը:
Նրա խոսքով, ստեղծվել են այնպիսի փաստաթղթեր, որից չես հասկանում, թե ում ենք մենք ուզում պատրաստել կամ ում ենք պատրաստում այս չափորոշիչների հետեւանքով. «30 տարվա մեջ մենք չկարողացանք մեր դպրոցին տալ սոցիալական պատվեր, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ: Սրանք իմիջիայլոց հարցեր չեն: Այսօր նայում ես առարկաների ծրագրեր ու չես հասկանում, թե ում համար են դրանք մշակված: Մեր հասարակությունը չի ասում, թե մենք դպրոցից ինչ ենք պահանջում, մարդ կրթել, թե հայ մարդ կրթել, եւ շտ ուրիշ հարցեր: Եթե նայեք չափորոշիչները, մի 2 տեղ կտեսնեք «դաստիարակություն» տերմինը: Այսօր մեր հասարակությունը դաստիարակության իդեալը չունի, որը պետք է հաշտեցնի հասարակության բոլոր անդամներին»,-ասաց Թոփուզյանը:
Նա հավելեց, որ չափորոշիչի 70 տոկոսը հնարավոր չէ չափել, դրանք բառերի կույտեր են. «Դրանց մի մասը, ցավոք թարգմանվել է»: