Ես աջակցել եմ 2018 թվականի իշխանափոխությանը, քանի որ անկախ այն բանից, որ ես միշտ քննադատել եմ 90-ական թվականներից եկող բոլոր իշխանություններին, ես կարծում եմ այն խաղի կանոնները, որոնք կային Հայաստանում ու ինձ համար ընդունելի չէին, այդ խաղի կանոնները սկսեցին էլ ավելի խախտվել, նկատի ունեմ ագահությունը՝ 3-րդ ժամկետի գնալու: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի կազմակերպած «Սահմանադրական անվտանգություն, մարտահրավերներ և որոշումներ» քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
«Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը չպետք է գնա արևելաասիական մի պետության ճանապարհով, որտեղ մի մարդ հավերժացնում է իր իշխանությունը: Ես աջակցել եմ իշխանափոխությանը, բայց երբ հրապարակը սկսեց վանկարկել հեղափոխության առաջնորդի անուն, ես այլևս հրապարակում չեմ եղել: Եվ ի սկզբանե գործող վարչապետը ասում էր, որ չի միջամտելու դատարանների գործերին»:
Իշխանյանը նշեց, որ ինքը համաձայն չէ այն եզրահանգմանը, որ իշխանությունը ժողովրդին է պատկանում:
«Ժողովրդավարությունն այն է, որ ղեկին լինի ուժ՝ ընտրված մեծամասնության կողմից քվեարկությամբ: Բայց ի՞նչ է, նրանք, ովքեր դեմ են՝ ժողովո՞ւրդ չեն»,- ասաց Իշխանյանը:
Խոսելով մարդու իրավունքների իրականացման մասին՝ իրավապաշտպանը նշեց, որ Սահմանադրության առաջին երկու հոդվածներով ամրագրված իրավունքները գործով չեն կատարվում:
«Ինձ հետաքրքրում է ոչ թե ինչ են հռչակում, այլ թե պետական մարմիններն ինչպես են ձևավորում իրենց անկախությունը: 1995 թվականի Սահմանադրության մեջ նույնպես գեղեցիկ էր գրված, իսկ իրականում իշխանությունը թագավոր ուներ՝ երկրի նախագահը»,- նշեց Իշխանյանը:
Նրա խոսքով՝ իշխանափոխությունը հոյակապ հնարավորություն էր ստեղծել, որ նախկին իշխանությունների ձևավորած դատարաններն անկախ դառնային:
«Գործնականում պարզվեց, որ ժամանակակից ժողովրդավարական պետության հասկացությունները ոտնահարված են: Եվ այս մասին անկեղծորեն է ասվում՝ նրանք ասում են, որ խաղի նոր կանոններ են: Միահեծանություն ստեղծելու նպատակները և անկախ դատարանները այս պատկերին չեն համապատասխանում»,- նշեց իրավապաշտպանը: