f

Անկախ

​Պիտի պայքարող լինենք...


Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Հենց այս առիթով էլ զրուցել ենք «Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանի հետ:

-Սերյոժա, մեր զրույցը սկսենք հենց կազմակերպության ստեղծման պատմությունից՝ փորձելով հասկանալ, թե ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

-Կազմակերպությունը ստեղծել է մայրս 2008-ին՝ իր շուրջը համախմբելով հիմնականում մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ունեցող երեխաների ծնողներին: Ես նույնպես ունեմ ՄՈՒԿ, ինչը, սակայն, չի խանգարում, որ արդեն ինը տարի ինքս ղեկավարեմ «Էխոյի» գործունեությունը: Կազմակերպության սկզբնական նպատակն էր խնդիր ունեցող և իրենք իրենց մեջ ներփակված մարդկանց ու նրանց հարազատներին միավորել մեկ հարկի տակ՝ փորձելով առավել համախմբված ձևով լսելի դարձնել նրանց ձայնը, իրագործել հիվանդությամբ պայմանավորված խնդիրների լուծմանը նպաստող ծրագրեր: Հիմա առավել հաճախ են բարձրաձայնվում հաշմանդամություն ունեցող մարդկանց մտահոգությունները: Եվ մեր ծրագրերն էլ դարձել են ավելի մասշտաբային ու նպատակային: Ամեն ինչ արել և անում ենք, որ երեխաների կյանքը թեթևանա, որ նրանք մեծանան իրենց իսկ ընտանիքներում, ունենան համայնքային ներառում: Կազմակերպությունը իրականացնում է վերականգնողական ու վիրահատական ծրագրեր, կապող օղակ է երեխայի և պետության միջև: Բացի այդ՝ «Էխոն» ակտիվ մասնակցություն է ունենում թե´ Առողջապահության, թե´ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքներին մեզ վերաբերող մասով: Կազմակերպության փորձագետները լիարժեք մասնակցություն ունեն օրենքների մշակմանը:

«Էխոյում» այսօր արդեն գրանցված են շուրջ երկու հարյուր երեխաներ: Մեր սոցաշխատողներն ամենօրյա կապի մեջ են նրանց ծնողների հետ: Նաև ունենք թեժ գիծ՝ 85-80, որը հասանելի է բոլորին:

-Ո՞րն է Ձեր ձեռքբերումների գաղտնիքը, որ կարող է օգտակար լինել հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց:

-Այսօր արդեն համոզված կարող եմ ասել՝ հաջողության հասնելու համար երեխան ամենաառաջինը պիտի ներառված լինի ընտանիքում, այնտեղ իրեն լիարժեք զգա, որից հետո շարունակի իր ճանապարհը նախակրթարանում, դպրոցում և այլուր: Ես, որքան էլ հասարակության կողմից շատ եմ զգացել խտրական վերաբերմունք, ընտանիքում երբևէ նման զգացողություն չեմ ունեցել: Երբ 7 տարեկան էի, մեր համայնքային չորս դպրոցներում ինձ չընդունեցին, և ես դպրոց հաճախեցի միայն 11 տարեկանում, բայց այդ ողջ ընթացքում մորս ջանքերով տանը ուսում եմ ստացել: Դպրոց հաճախելուս տարիներին առաջին անգամ ներդրվեց ներառական կրթության մոդելը Դ. Դեմիրճյանի անունը կրող թիվ 27 դպրոցում, որ ղեկավարում էր Անահիտ Բախշյանը: Ես դարձա դպրոցի առաջին ներառական սաներից: Միշտ մեր կազմակերպության ծնողներին ուղղորդում եմ, որ, անկախ երեխայի դպրոցում ունեցած թերացումներից, կարևորը նրա ինքնազգացողությունն է: Եթե երեխան հաճույքով է հաճախում դպրոց, բայց չունի հաջողություններ ուսման բնագավառում, սա դեռ հուսահատության առիթ չէ: Հակառակը, դա շատ ավելի լավ է, քան տանը փակված մնալը: Ինքս դպրոցն ավարտելուց հետո բուժման նպատակով մեկնել եմ Գերմանիա, որտեղ էլ հենց ընդունվել եմ բուհ՝ ձեռք բերելով ծրագրավորողի մասնագիտություն: Ավարտելուց հետո նորից վերադարձել եմ Հայաստան: Այժմ հիմնական աշխատանքս մեր կազմակերպության ղեկավարումն է, որովհետև այն ահռելի ժամանակ է պահանջում:

-Ձեր կազմակերպությունը ոչ միայն օգնում է հաշմանդամություն ունցող երեխաների ծնողներին հաղթահարել առօրյա խնդիրները, այլև կազմակերպում է տարբեր հետաքրքիր միջոցառումներ, ինչպես օրինակ՝ «Նորաձևություն առանց սահմանների» փառատոնն էր:

«Էխո»  կազմակերպություն

-Երբ որոշեցի, որ պետք է կազմակերպենք այդ փառատոնը, որտեղ ծնողները պիտի նորաձևության ցուցադրության մասնակցեին, կազմակերպության աշխատակիցները սկզբում թերահավատորեն վերաբերվեցին այդ մտահղացմանը: Բայց երբ փորձնական զրուցեցինք 15 ծնողների հետ, միանգամից բոլորն էլ համաձայնեցին, ինչը շատ ուրախալի էր: Նրանց հետ մոտ երկու ամիս աշխատեցին «Ատեքս» նորաձևության կենտրոնի մասնագետները՝ սովորեցնելով ճիշտ քայլել, գեղեցիկ ներկայանալ բեմի վրա: Եվ փառատոնը շատ հաջող անցավ, ինչից ոգևորված էլ որոշել եմ 2020-ի մարտին կազմակերպել նմանատիպ միջոցառում, որտեղ ծնողներն արդեն կցուցադրեն իրենց պարային հմտությունները:

-«Էխո» կազմակերպությունը Ձեր գլխավորությամբ միացել է «Մանկական ուղեղային կաթվածի համաշխարհային նախաձեռնություն» շարժմանը: Ի՞նչ կտա դա կազմակերպության անդամներին:

-ՄՈՒԿ-ը բարդ խնդիր է, և ամեն երեխայի մոտ ունենում է դրսևորման տարբեր աստիճաններ: Ժամանակին ամեն ինչ արվում էր, որ երեխան վերականգնվի այն աստիճանի, որ կարողանա ներառվել: Սակայն այսօր մեր մոտեցումները բոլորովին այլ են. երեխան պիտի ներառված լինի՝ անկախ նրանից, թե ինչպիսին է: Եվ այս շարժումը հենց այս ամենի արժևորումով է կարևոր և փաստում է՝ ամբողջ աշխարհն է ուշադրություն դարձնում ՄՈւԿ-ին: Շարժման շրջանակներում կարողանում ենք նաև խոսել նման խնդիր ունեցող մարդկանց իրավունքների մասին:

-Հոկտեմբերի 3-ի Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստին ընդգրկված էիք նաև Դուք: Ի՞նչ կարևորություն եք տալիս նման մասնակցություններին:

-Այժմ ՀՀ կառավարությունն ավելի բաց է համագործակցության համար: Առողջապահության նախարարությունում բարեփոխումներ իրականացվում են, բայց մեր նպատակն է մատուցվող ծառայությունները դարձնել ներառական, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարողանան օգտվել ամեն ինչից, որ լինի մրցակցային շուկա, այլ ոչ թե հատուկենտ կազմակերպություններ, որ մատուցում են ինչ-որ ծառայություններ: Շուկայի առկայության դեպքում մասնավոր կազմակերպությունները կցանկանան գալ, ներդրումներ կատարել, ինչի արդյունքում կավելանան հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայությունները, և նրանք հնարավորություն կունենան ընտրելու՝ որ հաստատության ծառայություններից են ցանկանում օգտվել: Այս մեխանիզմը պիտի պետությունը մշակի և կիրառի:

-Հայաստանում ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ:

-Ամենակարևորը մատչելիության խնդիրն է, որին հաշմանդամները բախվում են ամեն օր: Մենք կարող ենք շատ երկար խոսել գաղափարական խնդիրներից, բայց կարևորն այն է, թե մարդն ինչ խոչընդոտների է բախվում ամեն օր տանից դուրս գալիս: Շատ հաշմանդամներ անգամ չեն էլ փորձում դուրս գալ փողոց: Ինչքան էլ աշխատանքներ են տարվում, տրանսպորտը, փողոցները, շենքերը դեռևս շարունակում են մնալ անմատչելի: Ուստի վաղուց ժամանակն է, որ կառավարությունը հստակ քայլեր ձեռնարկի, որովհետև խոստումներով արդեն շատ դժվար է շարունակել: Ցավալիորեն դրանք ձգվում են արդեն 30 տարուց ավելի:

Վերջին շրջանում մի շատ լավ և ոգևորող օրինակ ունենք. Հայաստանի պատմության թանգարանի շենքն իր ղեկավարության ջանքերով դարձավ լիարժեք մատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա նաև օրինակ պիտի լինի, որ մատչելիություն ասելով չհասկանանք միայն թեքահարթակների առկայություն: Իհարկե, դրանք կարևոր են, բայց ընդամենը սկիզբն են: Պետք է նաև հիշենք, որ մատչելի միջավայրը միայն հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ կարևոր: Այն միջավայրը, որ հարմար է հաշմանդամներին, հարմար է բոլորին:

-Անդրադառնանք ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց պետական հավաստագրերով աջակցող սարքերի տրամադրման գործընթացին:

Սերյոժա Օհանջանյան

-Անցյալ տարվանից արդեն հաշմանդամները տասնյակ օժանդակ սարքերից կարող են օգտվել այս հավաստագրերով: Սա շատ մեծ ձեռքբերում է, ինչի մասին խոսել ենք տարիներ շարունակ: Որ ավելի պարզ լինի ասածս, ներկայացնեմ օրինակով: Ժամանակին պետությունը Չինաստանից ստանում էր որոշ քանակի սայլակներ, որ ամեն ինչով միանման էին, անհարմար և ունեին բազում թերություններ: Երբ անցանք հավաստագրերին, դրանք տվեցին հնարավորություն, որ հաշմանադամություն ունեցող անձը գնա հավաստագրված կազմակերպության խանութ և գնի իր ուզած սայլակը տրամադրվող 95.000 դրամին համարժեք հավաստագրով, քանի որ պետությունը նախապես գումարը հաշվարկում է՝ ըստ միջին որակի ապրանքների արժեքի: Բայց անձը, եթե ընտրում է թանկ սայլակ, կարող է նաև ավելացնել գումարը:

Քանի որ պետությունը չուներ հաշմանդամության կարիքների հստակ էլեկտրոնային բազա, 2019-ին տրամադրված հավաստագրերը սպառվեցին դեռ առաջին եռամսյակում: Բարեբախտաբար, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարողացավ լրացնել բացը ու բավարարել բոլոր ներկայացված դիմումները: Նախատեսվում են նաև անհրաժեշտ պարագաների ավելացումներ:

-Ինչպե՞ս է Հայաստանում նշվում Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը:

-Այդ օրը, չգիտես ինչու, բոլորը շնորհավորում են ինձ, ինչին հումորով պատասխանում եմ՝ շնորհակալություն, որ արժևորում եք հաշմանդամություն ունենալս: Իրականում պիտի կարողանանք բարձրաձայնել խնդիրներն ամենատարբեր ճանապարհներով: Օրինակ՝ անցյալ տարի դեկտեմբերի 3-ի շրջանակներում ֆոտոշարք հրապարակեցինք հայտնի մարդկանց մասնակցությամբ: Այս տարի ժամանակի սղության պատճառով կունենանք մամլո ասուլիս:

Ներկայիս կառավարությունը, որքան էլ գիտակցում է՝ ինչ է պետք հաշմանդամություն ունեցող մարդկանց, այստեղ մի նուրբ խնդիր կա: Պետք է ոչ թե կենտրոնանալ գաղափարային ճիշտ մոտեցումների վրա, այլ նախ տալ կարճաժամկետ խնդիրների լուծումը, որ այդպես էլ մնում են անտեսված. գաղափարական հարցեր լուծելուց առաջ պետք է վերացնել կենցաղային խնդիրները: Մենք երբեմն այնքան պարզ խնդիրների ենք բախվում, որոնց այդպես էլ լուծում չի տրվում: Այսքանով հանդերձ, հասկանում ենք՝ նոր կառավարությանը ժամանակ է պետք խնդիրներին լիարժեք լուծում տալու համար: Մի քանի տարի անց նոր կարող ենք վերջնական գնահատական տալ՝ ինչպիսին կլինի հաշմանդամություն ունեցող անձանց վիճակը Հայաստանում:

-Սերյոժա, առաջիկայում ի՞նչ իրագործելիք նպատակներ ունեք:

-Ծրագրերս շատ են, բայց դրանցից հատկապես կարևորում եմ 2020-ին մեծ ու հարմարավետ նոր կենտրոն ունենալու գաղափարը, որի իրագործմանն էլ այս պահին ուղղորդել եմ ողջ ներուժս: Այն մեզ հնարավորություն կտա ավելի շատ ծառայություններ մատուցել: Ընդհանրապես Հայաստանում շատ բարդ է քաղաքացիների կյանքը: Ֆիզիկական խնդիրներ ունեցողներիս դեպքում դրանց ավելանում է խտրական վերաբերմունքն ու այլ հարակից դժվարություններ: Բայց ես շարունակում եմ ամեն ինչի մեջ լավը տեսնել, ինչն էլ հենց խորհուրդ եմ տալիս մյուսներին: Պիտի հասկանանք, որ մեր խնդիրների լուծումը չի կարող ընկած լինել միայն պետության ուսերին, դրանց գոնե կեսը ինքներս պիտի կարգավորենք: Հնարավոր չէ ներդնել այնպիսի համակարգ, որ հարյուր տոկոսով կվերացնի մեր դժվարությունները: Ապրելով Գերմանիայում երկար տարիներ՝ կարող եմ վստահ ասել՝ անգամ այնտեղ խնդիրները լուծված են 60 տոկոսով: Ուստի մենք էլ պիտի ոչ թե սպասենք, այլ պայքարող լինենք:

Արփի Խաչատրյան

Հայաստան հարցազրույց հաշմանդամների միջազգային օր Սերյոժա Օհանջանյան

Այլ հոդվածներ հեղինակից

Բոյկոտենք ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն. «Կամք» նախաձեռնություն
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ
Միսիսիպիիում զանգվածային ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է. Դավիթ Բաբայան
Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով
Աշխարհի առաջատար ընկերությունների շահույթների աճը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի 11 տոկոսով. Nikkei
Մեծ Բրիտանիան ծիծաղելի է համարում Բրյուսելի առևտրային պայմանագրի պայմանները
Իրազեկում քաղաքացիներին. պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձում կատարելու հիմքերը և կարգը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում աղբարկղը այրելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա Save Համօգտագործել
ՀՀ դեսպանը Կատարի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղարին հրավիրել է այցելել Հայաստան
Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը
Ճապոնիայի ավտոկոնցեռնները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
Փայլանը նշել է՝ նախքան այս հարձակումը, Չոլաքի հուղարկավորության ընթացքում մի խումբ մարդիկ ցանկացել են սադրել արարողությունը՝ «Ալլահ ու աքբար» բացականչելով:
Ոստիկանությունը ցրել է Բաքվի ընդդիմության հանրահավաքը․լուսանկարներ
Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին
Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից
Հրապարակեք այն անձանց անունները, որոնց կառավարությունը առաջադրելու է ՍԴ դատավորի թեկնածու. ՔՈ կուսակցություն 1
Ահազանգ՝ փակ դռների վերաբերյալ
Լավրովը մեկնաբանել է Թրամփի «դարի գործարքը»
Ահաբեկչական խմբավորումները, առանց դիմադրության, կառավարական զորքերին են հանձնել Հալեպի հարակից շրջանները. Ղարամյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հոգեբուժարանի բժիշկն ահազանգել է, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվտանգության աշխատակիցը վնասվածք է հասցրել քաղաքացուն
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները
Ներդրվում է ավտոպատահարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը
Ավելին
Ավելին