Բժիշկներ ջան, դուք դեռ կարծում եք, որ հենց ձեզ չե՞ն հասնի, հենց ձեզ չե՞ն կպնի։ Երկու տարի իրականացվում է առողջապահության պետական հատվածի համակարգված մասնագետաթափում, համակարգերի կազմաքանդում։ Բնակչությանը զրկում են հասանելի ՈՐԱԿՅԱԼ բժշկական օգնությունից։
Բժիշկներ ջան, դուք ամեն օր ծանրագույն որոշումներ եք կայացնում, պայքարում եք մարդկանց կյանքերի համար, չեք վախենում պատասխանատվությունից։ Այսօր մեր առողջապահությունը ծանր հիվանդ է, չարորակ ուռուցք ունի, որը հեռացման ենթակա է։ Որոշում կայացրե՛ք։
Արդյո՞ք բժիշկն արժանի է աշխատել վախի մթնոլորտում, արդյո՞ք բժիշկը պետք է վախենա մասնագիտական կարծիք հայտնել, արդյո՞ք բժիշկը պետք է վախենա տարրական «լայք» դնել, որպեսզի գործից չհեռացնեն, չնեղացնեն, նկատողություն չտան։ Դրան ե՞ք արժանի։
Արդյո՞ք մեր առողջապայհությունը պետք է վերածվի գորշ զանգվածի, առանց ձայնի իրավունքի, առանց զարգացման հեռանկարների: