Մաքսատուրքի հետ կապված խնդիրը վաղուց կար և այն լուծման կարոտ էր: Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդրի լուծման ամենաճիշտ ժամանակը այս տնտեսական ծանր իրավիճակն էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց տնտեսագետ Գագիկ Մինասյանը՝ խոսելով մաքսատուրքի գների բարձրացման մասին:
«Սա խոսում է մի շատ կարևոր հանգամանքի մասին. մեր իշխանությունները խզել են կապը իրականության հետ, խզել են կապը իրենց ժողովրդի հետ, իսկ դա չափազանց վատ բնութագրական է յուրաքանչյուր կառավարության համար: Եթե կառավարությունը չի հասկանում ինչ խնդիրներով է ապրում իր ժողովուրդը, եթե չի հասկանում տնտեսությունը ինչպիսի ծանր իրավիճակում է գտնվում, ինքը իր հերթին այդ սոցիալ-տնտեսական իրավիճակը էլ ավելի է խորացնում: Էստեղ ժողովուրդը լուրջ մտածելու բան ունի՝ կապե՞լ հույսը այդ կառավարության հետ, թե ոչ»,-ասաց տնտեսագետը:
Մինասյանը նշեց, որ այս իրավիճակը առաջինը չի, նույնն էր նաև գույքահարկի հետ կապված հարցում:
«Կարծես մեր իշխանությունները պայքար են մղում իրենց քաղաքացիների ու պետության դեմ: Ամենածանր իրավիճակում իրենք ավելի են խորացնում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը՝ ըստ էության բավական բարդ հարցադրումների առաջ կանգնացնելով մեր հասարակության ամենալայն շերտերին, որովհետև փոքր և միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ դադարեցնում են իրենց գործունեությունը, խոշոր ձեռնարկությունները էապես կրճատում են աշխատակիցներին: Այս առավել ծանր շրջանում նախատեսվում է ևս մեկ հարված ազգաբնակչությանը, և դա խոսում է այն մասին, որ կառավարությունում չեն հասկանում իրավիճակը, խզել են կապը իրականության հետ, իսկ դա սովորաբար տանում է նրան, որ կառավարությունը հեռանում է»,-նշեց Մինասյանը: