Մինչ օրեցօր ավելանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից շտապում են հասկացնել բոլորին, որ Արայիկ Հարությունյանի անձի փոփոխությամբ որևէ բան չի փոխվելու, քանի որ նա ապահովում է «Իմ քայլը» թիմի քաղաքականության իրականացումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։
Մասնավորապես, այդ մասին օրերս հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ ժխտելով ընդդիմադիրների պնդումները, թե Հարությունյանը տապալել է ոլորտի քաղաքականությունը․ «Դա միայն պարոն Հարությունյանի վարած քաղաքականությունը չէ, դա «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է, որին դուք ծանոթացել եք դեռևս նախընտրական շրջանում, հեղափոխության օրերին ու դրանից հետո»։
Ըստ ամենայնի պատճառներից մեկն էլ դա էր, որ օրերս իմքայլականներն ԱԺ-ում ատամներով պաշտպանեցին Արայիկ Հարությունյանին՝ դեմ արտահայտվելով ԿԳՄՍ նախարարին անվստահություն հայտնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը։
Հարությունյանին պաշտպանելու ընթացքում, սակայն, մի ուշագրավ հայտարարություն հնչեց ԱԺ ամբիոնից, որն ի ցույց է դնում ողջ իշխանական թիմի կոսմոպոլիտ մտածողությունը՝ հակառակ այն ամենի, ինչ բարձրաձայն հայտարարում են։
Հերիքնազ Տիգրանյանը, պաշտպանելով ԿԳՄՍ նախարարին՝ նրա հրաժարականի պահանջը որակեց որպես դատարկ օրակարգ։ Նրա կարծիքով՝ եթե իշխանություններին քննադատելու թեմա չգտնվի, ընտանիքը, հավատքը և ազգային արժեքները կհայտնվեն քննադատության թիրախում որպես մշտական թեմաներ։
Նա մեղադրեց «Լուսավոր Հայաստանին», որ միացել է «մոլորեցնող քարոզարշավին, ըստ որի մեր կրթական համակարգը կանգնած է անդունդի եզրին, և այս ազգադավ իշխանությունները վտանգում են մեր կրթական համակարգը և ստեղծում են այնպիսի կրթական համակարգ, որը հեռու է հայրենասեր և ազգային լինելուց»։
Տիգրանյանն իր ելույթը եզրափակեց մի շատ խորհրդանշական արտահայտությամբ․ «Անկախ և ինքնիշխան երկրում կեղծ կատեգորիա եմ համարում ազգային դպրոցի կամ ազգային կրթության մասին խոսակցությունները։ Դա նշանակում է, որ ոմանք չեն թոթափել օտարի տիրապետության տակ լինելու միտքը և չեն գիտակցում, որ վաղուց ապրում են սուվերեն, ինքնիշխան երկրում»։
Հարց է առաջանում, ինչպե՞ս պետք է հասկանալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախկին իրավախորհրդատու, այժմ ԱԺ պատգամավոր Տիգրանյանի հայտարարությունը։ Արդյո՞ք կեղծ է մասնագետների մտահոգությունը, որ դպրոցում ուսումնասիրելու են ոչ թե հայ գրականություն, այլ պարզապես գրականություն։ Թե գուցե կեղծ է մտահոգությունը, որ հայոց պատմության չափորոշիչների որոշ մասը վերցված են թուրքերի մասնակցությամբ իրականացված մշակումներից և բնականաբար, դրանցում զգալի է թուրքական ազդեցությունն ու հետքը։
Իսկ հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող երկամյա արշավից հետո, երբ որոշվում է, որ դպրոցում պետք է կրճատվեն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերը, որոշ դեպքերում էլ այն միացնեն այլ առարկաների, միթե կրկին կեղծ են դժգոհությունները։
Իսկ միգուցե կեղծ է ծնողի մտահոգությունը, թե ինչ են սովորեցնելու իր երեխային դպրոցում, ինչ արժեքներ են սերմանելու նրան։ Կամ, ըստ Տիգրանյանի, գուցե կեղծ է բուհական համակարգի ներկայացուցիչների մտահոգությունը, որոնք ահազանգում են՝ յուրային-ոչ յուրային խաղերով և բուհերը տևական ժամանակ առանց կառավարող մարմինների թողնելով անդառնալի վնաս է պատճառվում բարձրագույն կրթության համակարգին և որակին։
Ո՞րն է սրանցից կեղծը։
Այո, Հայաստանն անկախ երկիր է, օրերս էլ տոնեցինք Հայաստանի երրորդ Հանրապետության 29-ամյակը։ Սակայն անկախությունն արժեք է, որը պետք է պահես ու փայփայես։ Այն հենց այնպես մեզ չի տրվել, ձեռք ենք բերել պայքարի ու զոհողությունների գնով, ու նաև նույն դժվարությամբ էլ 29 տարի պահել ու պետականություն ենք զարգացրել։ Եվ բնական է, որ պետական մտածողություն ունեցող ամեն եք կանհանգստանա, երբ տեսնի, որ պետական մակարդակով ձեռնարկվում են քայլեր, որոնք կարող են ապագայում վտանգել այդ նույն անկախությունն ու պետականությունը։ Աքսիոմ է, որ երկրի վաղվա օրը կախված է այսօրվա կրթությունից, այն հանգամանքից, թե այսօրվա սերունդն ինչ կրթություն և դաստիարակություն է ստանում և վաղն ինչ արժեքների կրողն է լինելու։ Եթե մենք վաղվա քաղաքացուն մեծացնում ենք որպես կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, որի համար ազգայինն արժեք չէ, բնական է, որ պետք է յուրաքանչյուրս անհանգստանանք՝ զգալով վտանգը։ Եվրոպայում, որտեղ ռազմական հակամարտություններն այլևս պատմություն են, որտեղ չունեն իրենց հանդեպ էթնիկ թշնամանք տածող հարևաններ, կարող են իրենց թույլ տալ լինել աշխարհաքաղաքացի, չհիշել սահմանների ու ազգային ինքնության մասին։ Սակայն մեր տարածաշրջանում, որտեղ մեր 4 հարևաններից 2-ը պետական մակարդակով հայերի հանդեպ ատելություն են քարոզում, բացահայտ սպառնում են մեր պետության և ժողովրդի գոյությանը՝ անտեսելով միջազգային իրավունքի նորմերը, դպրոցում աշխարհաքաղաքացի դաստիարակելը նույնն է, ինչ ինքնասպանությունը։
Եվ հետևաբար, տիկին Տիգրանյան, կեղծ են ոչ թե ներկայիս կրթական քաղաքականությամբ մտահոգությունները, մոլորեցնող քարոզչություն է ոչ թե ահազանգ հնչեցնելը, այլ այն, ինչ անում եք դուք ձեր քաղաքական թիմով։ Ազգայինն արմատախիլ անելու առաջին փորձերը չեն սրանք։ Բայց արի ու տես, որ հազարամյակներ շարունակ հաջողությամբ ընդդիմացել ենք հային ազգային ինքնությունից զրկելու օտարի բոլոր փորձերին։ Այս անգամ էլ կդիմակայենք քողարկված արտաքին միջամտությանը։
Սևակյան տողերին համապատասխան․ «Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ - շատանա՜նք»: