Քանի օր է Ադրբեջանի քաղաքական էլիտան տարբեր ձեւաչափերով աշխարհին նախապատրաստում է պատերազմի: Այս մասին Արցախի ԱԺ արտահեր նիստում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Տարբեր շեշտադրումները կապված իբր Սիրիայից կամ այլ երկրներից քուրդ կամ այլ վարձկաններ կան Արցախում, այսինքն նրանք հայտարարում են, որ իբր մենք անում ենք այն, ինչ իրենք անում են: Այո, մենք ունենք ինֆորմացիա, որ վերջին մի քանի օրերին տարբեր ինքնաթիռներով Թուրքիայից եւ այլ երկրներից կամավորականներ ասենք, թե վարձկաններ, տեղափոխվել են Ադրբեջան: Արդեն երկար ժամանակ է՝ Թուրքիայի բանակը փաստացի գտնվում է Ադրբեջանում՝ զորավարժության անվան տակ, բայց մենք հասկանում ենք, թե նպատակը որն է եղել:
Արդեն մի քանի օր է՝ համատարած մոբիլիզացիա են սկսել: Իհարկե, ներկայացնելով կեղծ օրակարգ, թե իբր Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Ուզում եմ ասել, որ մենք միշտ պատրաստվել ենք պատերազմի, բայց պատերազմի կողմնակից չենք: Աշխարհում ամենաշատը խաղաղություն Արցախում են ուզում: Մենք նշել ենք, որ ցանկացած պատերազմ սկսվելու պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի իշխանությունը ոչ միայն այսօր, վաղը եւ ապագայում:Ամեն մի զոհի համար պատասխան են տալու:
Ցավում եմ, մենք ունենք արդեն կորուստներ: Ինչպես 2016-ին, Մարտունիում ունենք երեխայի կորուստ»,-ասաց Արայիկ Հարությունյանը եւ կոչ արեց ներկաներին լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
«Մենք չենք ուզել պատերազմ, մեզ պարտադրել են չհայտարարված պատերազմ, բայց հայտարարված պատերազմ, քանի որ արդեն ամիսներ շարունակ հայտարարում են:
Մենք կողմնակից ենք խաղաղ բանակցությունների, այսօր էլ հայտարարում ենք՝ ուշ չէ, խելքի եկեք: Այն հումանիտար աղետը, որ սպասում է այս տարածաշրջանում, ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիեւը եւ իր սերունդները»,-ընդգծեց Արցախի նախագահը:
Նա ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ վաղ առավոտից լայնածավալ հրթիռակոծություն, հրետանակոծություն, օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած ինչ կա-չկա համարյա: Անօդաչու սարքեր, ինֆորմացիա ունենք, որ ուղղաթիռներ, ինքնաթիռներ եւս առաջնագծում եղել է: Մենք ունենք քաղաքացիական շրջնում զոհեր, տասնյակ վիրավորները:
Ռազմական դրության պայմաններում ես մի քանի րոպե հետո ստորագրելու եմ համարատած զորահավաք եւ ամբողջ ազգին կոչ եմ անում համախմբվել Արցախի ու ՀՀ իշխանությունների շուրջ: Կոչ եմ անում Սփյուռքին բոլոր ոլորտներում պայքար սկսել ագրեսոր, մարդասպան Ադրբեջանի իշխանության դեմ: Պատերազմ հայտարարել ոչ թե Ստեփանակերտում, առաջնագծում, այլ ամբողջ աշխարհով մեկ, բայց այդ պատերազմը խաղաղ ադրբեջանցու դեմ չէ: Ես կոչ եմ անում ՀՀ-ից դուրս ապրող մեր հայրենակիցներին, որ ադրբեջանցի քաղաքացիները մեղք չունեն, իրենց համար ազգադավ, ազգակործան, թալանչի մարդասպան իշխանության համար:
Մենք համոզված ենք, որ Ադրբեջանի իշխանություններից բացի Ադրբեջանն ունենալու է առողջ մտածելակերպ ունեցող էլիտա եւ զինվորականներ, որոնք կասեցնելու են սպասվող հումանիտար աղետը: Չեն հաշվարկել, թե արդյունքներն ինչ են լինելու, բայց պատասխանը ստանալու են: Ստանալու են, որովհետեւ մենք արդար ենք, մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատրաստ ենք ազգով, մեր կյանքով պաշտպանել մեր հայրենիքը:
Ուզում եմ, որ այս ԱԺ-ն իր աջակցությունը հայտնի մեր հասարակությանը, մեր բանակին: Մենքայնպես կանենք, որ մասնակից լինեք պրոցեսներին:
Կոչով դիմում եմ իմ հայրենակիցներին, խուճապ թող չլինի: Խնդրում եմ սահմանափակել տեղաշարժը, շարժվել խիստ անհրաժեշտության դեպքում, որովհետեւ ճանապարհներն էլ են վերցրել նշանառության տակ: Առաջնորդվել միայն իշխանության կողմից տրված ցուցումներով, հրպարակել միայն միայն իշխանության կողմից տրված տեղեկատվությունը: Խուճապը պարտություն է: Փառք Աստծո բանակում չկա խուճակ, հասարակության առողջ խմբերի մեջ չկա խուճապ: Կենաց մահու պատերազմ է, եւ կենաց մահու պատերազմ ենք տալու բոլորս: 17 տարեկանից սկսած մինչեւ վերջ: Ազգովի պատերազմ ենք մղելու եւ ազգովի հաղթելու ենք: Առողջ քաղաքական աշխարհը մեզ հետ է լինելու, որովհետեւ դա են պահանջում մարդասիրության կանոնները: Մենք արդար ենք, մենք պատերազմ չենք հրահրել, մենք երեխա չենք սպանել: Մենք խաղաղ բնակչին չենք վիրավորել, խաղաղ բնակավայրերի վրա չենք կրակել»,-ասաց նա