- Ինքը պատրաստ է ամենաբարձր հարթակին կանգնելուն՝ բոլոր մրցաշարերին: Իմ կարծիքով, պարզապես, իր մոտ դեռ այդ վստահությունը լիարժեք չէ, - Կարապետ Չալյանի գոտեմարտը Եվրոպայի առաջնությունում մեկնաբանելիս նշեց մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը:
Գյումրեցի երկու մարզիկ՝ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը մեդալներով են վերադարձել հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունից: Արթուրը Հայաստանի պատմության մեջ դարձավ միակ ըմբիշը, ով Եվրոպայի հնգակի չեմպիոն է, իսկ Կարապետ Չալյանը տիրացավ բրոնզե մեդալին:
Ինչու է այնպես ստացվում, որ Չալյանը միշտ լինելով լավ մարզավիճակում, ոսկու համար պայքարում դեռ հաղթանակ չունի, ինքը՝ ըմբիշը, ասում է.
- Երևի շատ եմ շտապում, հաղթելու ցանկությունը շատ է, դրա համար էլ պարտվում եմ: Հաջորդ անգամ չեմ ճտապի, որպեսզի հաղթեմ: Շատ լավ մարզավիճակում էի, պատրաստվել էի և ֆիզիկապես, և հոգեպես:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշում է՝ բոլոր գոտեմարտերում առանձնակի զգուշություն է ցուցաբերել, որպեսզի նորից չկրկնվի վնասվածքը՝ հատկապես օլիմպիական խաղերից առաջ:
- Մրցակիցներիս լավ էի ճանաչում, լավ մասնակցեցի ու հաղթեցի, - ասում է Արթուրը:
Այն դիտարկմանը, թե ինչպիսի ազդեցություն թողեց իր վրա տեսարանը, երբ ՀՀ դրոշը բարձրանալիս թուրք երկրպագուները մեջքով են կանգնել Արթուրին, գյումրեցի ըմբիշը նշեց. ՛՛Կապ չունի դա, դրոշը չեն տեսել, բայց հիմնը լսել են: Իմ թուրք հակառակորդն էլ, երևի ավելի շատ հայկական հիմնն է լսել, քան թուրքական՛՛:
Երկու ըմբիշն էլ նույն մարզադպրոցի սան են, հիմա երկուսն էլ պատրաստվում են մասնակցել ևս մեկ միջազգային վարկանիշ ունեցող մրցաշարի, որից հետո նրանք կպատրաստվեն օլիմպիական խաղերին: