Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Բոլոր պաշտոնական մեկնաբանությունները տրվել են: Մեր դիրքորոշումը հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, եւ կողմերը պետք է վերադառնան բանակցային սեղանի շուրջ: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ավանդաբար Ռուսաստանի խնդիրն այն է, որ թույլ չտա էսկալացիա եւ որպես միջնորդ պայմաններ ստեղծի փոխադարձ ընդունելի եւ խաղաղ որոշում գտնելու համար: Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիան դադարի»,-ասել է դեսպանը:
Դիվանագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է բոլոր կողմերի հետ: «Կայացել է ՀՀ վարչապետ եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, շփվել են ԱԳ նախարարները: Շփումներ են ընթանում նաեւ ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ: Արվում է ամեն ինչ, որպեսզի էսկալացիան դադարի եւ որպեսզի արտաքինից ապակայունացնող ազդեցություն չլինի»,-նշել է Կոպիրկինը: