Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան, թվիթերյան իր էջերում կիսվել է Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին տեսանյութով, որում խոսվում է ադրբեջանական հարձակման և դրա հետ կապված միջազգային հանրության «քայլերի» մասին:
1 րոպե տևողությամբ տեսանյութին կից Քարդաշյանը «Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում» գրառումն է կատարել: Դրանում հայկական արմատներով մի աղջիկ պատմում է, որ Ադրբեջանը հերքում է ԼՂ-ի վրա առաջինը հարձակվելու փաստը և Թուրքիայի աջակցությամբ ապօրինի ռազմական գործողություններ է իրականացնում այստեղ: Պարզապես ծիծաղելի է դիտարկվում նաև այն, որ միջազգային հանրությունը միաբերան հայտարարում է, թե մտահոգված է ստեղծված իրավիճակով, սակայն նրանց մտահոգությունն այդպես էլ որևէ գործողության չի վերածվում:
«Մենք՝ հայերս, չնայած, որ խաղաղություն ենք ուզում, մեր ընկերներին, եղբայրներին, ամուսիններին, հայրերին, պապիկներին կռիվ ուղարկելուց բացի այլ տարբերակ չունենք, քանի որ չենք ուզում մահանալ»,- այս խոսքերով էլ ավարտվում է տեսանյութը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։