Աբխազիայի Հայրենական պատերազմի վետերանների «Արուաա» հանրապետական հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ հաջակցություն Արցախի, գրում է eadaily.com-ը։
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի եղբայրական ժողովրդին և նրա ղեկավարությանը»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշում է կազմակերպությունը, մարտական գործողությունները, որոնք «խախտելով բոլոր պայմանավորվածությունները, սկսել է Ադրբեջանը», արդեն հանգեցրել են երկու կողմերի զոհերի՝ հատկապես խաղաղ բնակչության շրջանում: Կազմակերպությունը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կդատապարտի Ադրբեջանի գործողությունները։
«Դիմում ենք Աբխազիայի ղեկավարությանը՝ գործել Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև կնքված պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան», - հայտարարել են «Արուաա»-ում:
Վետերանները նաև կոչ են արել Աբխազիայի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին դատապարտել ադրբեջանական կողմի գործողությունները:
Բացի այդ, նրանք առաջարկել են «դրամահավաք սկսել՝ Արցախի ժողովրդին օգնելու համար, որը պայքարում է ազատության և անկախության համար»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա և «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ:
Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։
Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։