Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին ասել է. «Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։
«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» աշխատության մեջ մեկտեղված են Կոմիտասի՝ Պոլսում և հարակից գավառներում, ինչպես նաև Եգիպտոսում ծավալած գործունեության առաջին շրջանի մասին արևմտահայ օրաթերթերի և պարբերաթերթերի արձագանքները:
Գրքի շնորհանդեսը, որը կազմել է ֆրանսահայ երաժշտագետ Արմինե Գրիգորյանը, խմբագրել` Գուրգեն Գասպարյանը, տեղի ունեցավ փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Մամուլի տվյալները կարելի է երկու մասի բաժանել՝ լրատվական և հեղինակային հոդվածներ: Լրատվականը բնականաբար այն մասին է, թե երբ Կոմիտասը ժամանեց, այս կամ այն երկիր, երբ մեկնեց, դասախոսությունների մասին ծանուցումներն են, զեկույցները:
Եթե խոսենք հեղինակային հոդվածների մասին, ապա անհրաժեշտ է նշել, որ արձակագիր Տիգրան Կամսարականը գրել է մի հոդված, որը հրատարակվել է չորս անգամ: Մի խոսքով՝ հոյակապ գրություններ կան»,-ներկայացրեց Գրիգորյանը:
Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ Կոմիտասի՝ Պոլսում կայանալիք առաջին համերգի ժամանակ պատրիարքարանից հրահանգ է եկել, որ առաջին բաժինը, որում պետք է եկեղեցական երաժշտություն հնչեր, չպետք է կատարվի, որովհետև չասված և չտեսնված երևույթ էր եկեղեցական երգերն ու շարականները աշխարհիկ բեմում ներկայացնելը:
«Բազմաթիվ վեճեր են սկսվել, դեմ ու կողմ կարծիքներ են հնչել, տարբեր մեկնաբանություններ են եղել թեմայի շուրջ: Այդ ամենը մամուլում ներկայացված է: Կյանքը կենդանանում է, երբ ուսումնասիրվում են մամուլի հրատարակությունները: Շատ բան է բացահայտվում, և ժամանակաշրջանը շոշափելի է դառնում»,-ասաց Գրիգորյանը:
Անդրադառնալով աղբյուրներին՝ նա շեշտեց, որ թուրքական արխիվներում գրեթե ինֆորմացիա չկա, անգամ որևէ մամուլի արձագանք, թարգմանություն չկա:
«Երբ Կոմիտասը գնում է Եգիպտոս, տեղի մամուլի արձագանքները՝ արաբերեն թերթերի գրությունները, մեծամասամբ թարգմանվել են, իսկ Պոլսի և Իզմիրի թուրքական մամուլից՝ ոչ մի թարգմանություն: Այդ առումով շատ աշխատանք կա անելու, քանի որ մենք պետք է իմանանք, թե նրանք ինչ էին մտածում, ինչ էին զգում:
Իհարկե, Կոմիտասը երկրպագուներ ունեցել է, օրինակ՝ իշխան Մեջիդը, որը նկարիչ էր, արվեստագետ, սքանչացած էր Կոմիտասով և բազմիցս նրան հրավիրել է իր պալատ, բայց դա բավարար չէ, պետք է մամուլի կարծիքն իմանալ»,-ընդգծեց Արմինե Գրիգորյանը:
Նա խոստովանեց, որ գիրքը կազմելը բավականին բարդ էր, քանի որ երկար ժամանակ է պահանջվել ծանոթագրությունների համար:
«Թերթապատում. մամուլի անդրադարձները Կոմիտաս Վարդապետի մասին» գիրքը լույս է տեսել «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ:
Նշենք, որ Կոմիտասի ստեղծագործությունն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության հունի մեջ, ինչպես նաև մեծ ազդեցություն են ունեցել արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման գործում: