Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը, ինչպես նաև նշել հակամարտությանն այլ տարածաշրջաններից զինյալների ներգրավման անթույլատրելիությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը: Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է հակամարտության մեջ այլ շրջաններից ապօրինի զինված խմբավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը», - նշվել է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նախարարները նշել են նաև Երևանին և Բաքվին քաղաքական և դիվանագիտական օգնություն ցուցաբերելու հարցում «չափազանց հավասարակշռված քայլերի» կարևորությունը:
Արտաքին գործերի նախարարները հաստատել են իրենց պատրաստակամությունը սերտորեն համակարգելու Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները իրավիճակը կայունացնելու համար, որպեսզի «հնարավորինս շուտ վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային փուլ»:
«Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկված ջանքերին, այդ թվում` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը 2020 թ․ հոկտեմբերի 1-ին», - նշվել է ԱԳՆ-ն:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման մասին հաղորդագրություններից:
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Առաջնորդները «խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում բռնության սրումը»: