Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից։ Նման գրառում է Instagram–ի իր էջում արել Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանը։
«Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել:
Այլ բան մտածելն անկարելի է՝ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ»,- գրել է Ալեքսանյանը: