f

Անկախ

Սա սարսափելի ցավ է. մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին:

Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»:

Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում:

Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար:

«Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու»

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար:

Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը: -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը:

Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»:

Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»:

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:

 

Լրագրողներ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին