Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ։
Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա հոկտեմբերի 6-ին կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի կառավարությունը խնդրել էր, որ դատարանը վերանայի իր որոշումը և չեղարկի միջանկյալ միջոցը, որն ուղղված էր Թուրքիայի դեմ: Հոկտեմբերի 14-ին դատարանի պատասխան որոշման մեջ նշվում է, որ այս միջոցն անհրաժեշտ է այնպիսի իրավիճակներում, երբ վերահաս վտանգի անմիջական սպառնալիք է առկա:
«Հոկտեմբերի 6-ին ընդունված որոշումը հիմնվել է հասանելի ապացույցների վրա, որոնք մատնանշում են, որ որոշ երկրներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են հակամարտության մեջ: Այն ուղղված չէ միայն Թուրքիային, այլ բոլոր երկրներին»,- ասվում է փաստաթղթում: