Երկար մտածեցի գրեմ այս մասին, թե ոչ։ Փորձեցի նաև խնդիրը տեղեկացնել պետական մարմիններին, բայց կարծում եմ այսպես անհրաժեշտ է գրել խնդրի մասին (գուցե հեռացնեմ գրառումս, եթե անհրաժեշտություն առաջանա)։
Այս օրերին թվով 5 քրդական հեռուստաընկերությունների ներկայացրել եմ Արցախում տեղի ունեցողը, բայց ոչ մի անգամ չեմ ներկայացել, որպես եզդի, չեմ խոսել նաև եզդիների մասնակցության մասին։
Միանգամից ասեմ, որ փառավորվում եմ ռազմի դաշտ մեկնած եղբայրներովս, բայց որևէ անգամ իրենց լուսանկարներով չեմ կիսվել։
Խնդիրը նրանում է, որ Թուրքիան ռազմի դաշտ է բերել հազարավոր ահաբեկիչներ Սիրայի Աֆրին շրջանից։ Այս շրջանում ապրում էին հազարովր եզդիներ, որոնց մի մասը հեռացավ, երբ Թուրքիան Սուլթան Մուրադ բրիգադի և իր բանակի միջոցով օկուպացրեց շրջանը։ Չնայած սրան այնտեղ դեռ շարունակում են ապրել եզդիներ, ավելին հեռացած եզդիներն էլ ապրում են հարակից բնակավայրերում։ Պարզ է, որ Արցախի սահմանին բոլոր ահաբեկիչները չեն, որ գնալու են Ալլահի մոտ, մի մասը կվերադառնա Աֆրին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում, երբ հատկապես եզդիների մասնակցությունը այսքան առանձնացվում է, պարզ է, որ դրա մասին իմանում են նաև ահաբեկիչները։ Վերադառնալով նրանք կարող են թիրախավորել տեղի եզդիներին, որոնց պաշտպանությամբ չի զբաղվում հայկական բանակի նման հզոր բանակ։ Այս մտահոգություններն իրական են ու լավ կլիներ, որ Հայաստանում, հայկական հզոր բանակի թիկունքում ապրող եզդիներս ու հայերս սա գիտակցենք, փորձենք հնարավորինս չեզոքացնել հնարավոր վտանգները։ Հատկապես պետք չէ գրել, որ Հայաստանին օգնում են Սիրիայի և Իրաքի եզդիները։ Հիշեք, եզդիները այդ երկրներում կղզի են իսլամադավան ժողովուրդների ծովում։