ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների անհասցեականությունն ամենաթողության զգացողություն է առաջացնում Ադրբեջանի մոտ: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները միջնորդ երկրներ են, և բնական է, որ նրանք գործառույթ չունեն աջակցելու այս կամ այն կողմին, մեղադրելու կողմերից մեկին և այլն: Բայց կա մի նուրբ սահման, որը երբ անցնում է այդ չեզոքությունը, երբ արհեստական բալանսներ են ստեղծվում, դրանով արդեն համանախագահները ոչ թե նպաստում են գործընթացի կարգավորմանը, կողմերի հաշտեցմանը և նրանց կառուցողական հուն բերելուն, այլ փաստացի նպաստում են կողմերից մեկի ապակառուցողականությանը»,- ասել է նա:
Կարապետյանն ընդգծել է, որ հայտարարությունների անհասցեականությունն ամենաթողության տպավորություն է ստեղծում Ադրբեջանի մոտ և խթանում նրա ապակառուցողական գործողությունները:
«Ֆորմալ առումով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գործառույթ չունեն ֆիքսելու, թե ով է սկսել հրադադարի խախտումը, դրա համար գործում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն իրականացնում է սահմանների մոնիտորինգը և հնարավորությունների սահմաններում տեղեկատվություն հայտնում տեղում իրավիճակի վերաբերյալ»,- նշել է քաղաքագետը և հավելել, որ միջնորդները հաճախ պատճառաբանում են, որ խախտումների պարագայում բարդ է միանշանակ ասել՝ ով առաջինը կրակեց:
«Դրանով էլ բացատրվում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը»,- շեշտել է Կարապետյանը:
Անդրադառնալով Թուրքիայի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դառնալու նկարտումներին՝ նա նշել է, որ համանախագահներին նշանակում է ԵԱՀԿ գործող նախագահը՝ կողմերի և Մինսկի խմբի անդամների հետ խորհրդակցությունների հիման վրա:
«ԵԱՀԿ-ում ընդհանրապես որոշումները կայացվում են կոնսենսուսով: Չի կարող լինել իրավիճակ, երբ հակամարտության կողմերից մեկը դեմ լինի, սակայն համանախագահության կազմը փոխվի և նոր երկիր ներառվի կազմում: Միջնորդների կազմը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Առանց Հայաստանի համաձայնության Թուրքիայի ներգրավում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կազմում հնարավոր չէ»,- ասել է Աննա Կարապետյանը: