Մի շատ կարևոր դիտարկում ներկայացնեմ, որ սկսել էր տեսանելի դառնալ հոկտեմբերի 7-ից հետո, իսկ վերջին մի քանի օրերին արդեն կարող եմ հաստատված համարել:
Տևական ժամանակ է, որ առանձին դիտարկում եմ ադրբեջանական կորուստների մասին հաղորդումները՝ ըստ բնակավայրերում իրականացվող թաղումների, ըստ զորատեսակների, ըստ ազգային պատկանելիության, չթվարկեմ, բազմաթիվ կարևոր հատկանիշներով: Սա առանձին հետաքրքրություն ներկայացնող թեմա է, որին առավել հանգամանալից գրառումով կանդրադառնամ մոտ առաջիկայում:
Հիմա կարևոր եմ համարում ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դիտարկված հաղորդումների հիմքով միանշանակ եզրակացություն կարելի է անել, որ կորուստների գերակշիռ մասը ամենայն հավանականությամբ ռեզերվի, ըստ որում, տարածքային սկզբունքով կազմավորված զինվորական ստորաբաժանումներին են պատկանում, որպես, կանոն, ժամկետային զինծառայողներ չեն, մեծ թիվ են կազմում պայմանագրայինները, կրտսեր և միջին սպայակազմը: Տարօրինակ մեծ են զինվորական բժշկական անձնակազմի կորուստները այն դեպքում, երբ մերոնք զինվորական հոսպիտալները չեն թիրախավորում: Ռազմական գործից գաղափար ունեցող մարդիկ, կարծում եմ, ավելի լավ կհասկանան, թե այս ամենն ի՞նչ է նշանակում:
Զորատեսակների մասով էլ, ի դեպ, չափազանց հետաքրքրական պատկեր է, ռազմական ավիացիայի կորուստները հստակ դիտարկելի են սպանվածների հաղորդումներով, բայց մի քանի օր անընդմեջ մինչև ռուսական նավատորմի զորավարժությունների մեկնարկը Կասպից ծովում հաճախ հանդիպում էին ռազմածովային ուժերի համազգեստով սպանվածների լուսանկարներ մահվան հաղորդագրություններով, որից կարելի է ենթադրել, որ Արցախյան ռազմաճակատում ներգրավված են եղել կամ ներգրավված են նաև Ադրբեջանի ծովային հետևակը ներկայացնող զինվորական միավորումներ:
Էապես մեծացել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների կորուստները:
Տարածքային սկզբունքով ձևավորված ստորաբաժանումների հանգամանքը որևէ կասկած այլևս չի հարուցում, հստակ դիտարկվում է նաև թաղումների մասին հաղորդումներով՝ Շեքիի մասին գրել էի, վերջին օրերին թալիշական բավականին մեծ ջոկատ է ոչնչացվել՝ մոտ 60 հոգանոց, Ջալիլաբադի ջոկատը, Քուսարի ջակատը, ցանկը մեծ է, բավականին մեծ: