ԼՂ հակամարտության կարգավորմանը երրորդ կողմերի մասնակցությունը ամբողջությամբ կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկապես դեռ չի կարելի հաստատել, որ կողմերը պահպանում են նախկինում ձեռքբերված հրադադարի ռեժիմի եւ մարդասիրական դադարի շուրջ պայմանավորվածությունները: Ցավոք, կողմերը դրանք չեն պահպանում»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահի հայտարարությունը:
Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել ԼՂ ճգնաժամն ու առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել:
«Ինչ վերաբերում է կարգավորման առկա ձեւաչափերում երրորդ երկրների մասնակցությանը, դա բացառապես կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Հակամարտության մասնակիցները Ադրբեջանն ու Հայաստանն են: Եվ մասնակցել հակամարտության կարգավորմանը, միջնորդ հանդիսանալ կամ մասնակցել ձեւաչափերում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,-ասել է Պեսկովը: