Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում հակամարտության սրումը նպաստում է տարածաշրջանում կորոնավիրուսի և դրա հարուցած հիվանդությունների տարածման կտրուկ աճին։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի՝ հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղում սկսված բռնության հետևանքով տեղահանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և շատերը մահացել են։ Մենք խորապես ցավակցում ենք հակամարտությունից տուժած շրջանի յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր բնակչի։ Ռազմական գործողություններն արդեն իրենց ազդեցությունն են ունենում COVID-19-ի տարածման կտրուկ աճի վրա։ Բռնության շարունակվող ցիկլերը և դրան հաջորդած տեղաշարժերը էլ ավելի կխորացնեն առողջապահության ոլորտում առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ։
Հանս Կլյուգեն ընդգծել է, որ ռազմական գործողությունները հանգեցնում են բնակչությանը բժշկական օգնություն տրամադրելու խափանումների, լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացնում արդեն ծանրաբեռնված առողջապահական համակարգերի վրա:
«ԱՀԿ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին պաշտպանել քաղաքացիական անձանց և բժշկական հաստատությունները, որոնք օգնություն են ցուցաբերում հիվանդներին և վիրավորներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: COVID-19-ի համատեքստում հատկապես կարևոր է առողջապահական աշխատողներին պաշտպանել բռնությունից, որպեսզի նրանք կարողանան շարունակել պայքարը այս համաճարակի դեմ։ Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կարևոր է առողջապահական ծառայությունների հասանելիության պահպանման համար, որը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»,- հավելել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։