Մի շատ կարևոր բանի մասին եմ ցանկանում գրել, բայց վստահ չեմ, թե որքանով դա կփոխի իրավիճակը:
Սոցիալական ցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն է տվել արտահայտվել իր գիտելիքներին, կրթվածությանն ու դաստիարակությանն համապատասխան ու որքանով վերը նշված պարամետրերը ցածր են, այնքանով տեսակետները վճռական են, հայհոյախառն ու, չվախենանք գնահատականից, անգրագետ:
Բայց այդ դրսևորման մի ասպեկտի մասին եմ ցանկանում գրել, որն արդեն ազդում է ազգային անվտանգությանը: Խոսքը ոչ թե ներազգային ինֆորմացիոն տիրույթի մասին է, այլ՝ միջազգային:
Մի հսկա զանգված, որը, նորից եմ նշում, վերը նշված պարամետրերով չափազանց ցածր մակարդակում է գտնվում, հորդել է հատկապես ռուսալեզու (ոչ միայն ռուսական) սոցիալական ցանցեր, հրապարակումների մեկնաբանությունների բաժիններ, ու հայհոյանքների ու տգիտության տարափ է տարածում այնտեղ, մեր դեմ տրամադրելով մարդկանց ու հասարակություններին, որոնք ոչ Արցախի պատերազմի հետ առընչություն ունեն, ոչ էլ մեր թշնամիներն են:
Արդեն տարբեր երկրների մեկնաբանները հաղորդումների ժամանակ նշում են այդ երևույթն ու մեր նկատմամբ բացասական տրամադրվում:
Խնդրում եմ, տեղեկատվության միջազգային տիրույթում հայհոյանքներ, մեղադրանքներ ու բացասական արտահայտություններ մի տարածեք, մի քննարկեք բաներ, որոնցից գաղափար չունեք: Դրանով մեծ վնաս եք հասցնում:
Հեղափոխական անհանդուրժողականությունն գոնե ներքին լսարանին պահեք, պատեհ ու անպատեհ առիթներով անիմաստ լեզվակռվի մի բռնվեք, այլ ազգերի հանդեպ բացասական ու թշնամական արտահայտություններ մի օգտագործեք: Եղած թշնամիներն էլ են բավական, նորերը պետք չի ձեռք բերել:
Ներհայկական տիրույթի փոխադարձ ատելությունն ու հայհայանքները չափազանց առատ են, դրանով բավարարվեք ու այդ բացասական էներգին արդեն միջազգային տիրույթում մի տարածեք։ Հայերի մեկնաբանությունները նայելիս գետինն ես մտնում ...:
Եթե հիմնավորված, փաստարկված տեսակետներ չեք կարողանում հայտնել, թեմային չեք տիրապետում, զրուցակցի տեսակետը ի վիճակի չեք հարգել, ուղղակի մի գրեք, դրանով շատ մեծ վնաս եք հասցնում:
Արդեն որերրորդ հաղորդումն եմ դիտում, որտեղ զարմացած են հայերի լեզվի ոճից, մակարդակից ու մտածողությունից: