Ադրբեջանը բազմիցս արգելված կասետային զինամթերք է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բնակելի շրջաններում, հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը։ 2020 թվականի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղում կատարված հետաքննության ժամանակ HRW-ը վավերացրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման 4 դեպք։
«Հատկապես խիտ բնակեցված շրջաններում կասետային զինամթերքի շարունակվող կիրառումը ցուցադրում է խաղաղ բնակիչների անվտանգության աղաղակող քամահրանքը,- ասել է Human Rights Watch-ի սպառազինությունների բաժնի տնօրեն եւ Կասետային զինամթերքի հարցերով կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուզը։ - Կասետային զինամթերքը ոչ մեկի կողմից չպետք է օգտագործվի ոչ մի իրադրությունում, առավել եւս քաղաքներում՝ քաղաքացիական բնակչության համար կանխատեսելի եւ անընդունելի վնասի պատճառով»։
Human Rights Watch-ն ուսումնասիրում է՝ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերն արդյոք պահպանո՞ւմ են միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, որոնք զինված ուժերից պահանջում են մշտապես տարբերակել մարտիկներին եւ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ ռազմական եւ քաղաքացիական օբյեկտները։ Անխտրական հարձակումները, որպես այդպիսին, արգելված են, ներառյալ հարձակումները, որոնց ժամանակ օգտագործվում են պայքարի մեթոդներ կամ միջոցներ, որոնք չեն կարող ուղղված լինել կոնկրետ օրինական ռազմական նպատակի։ Human Rights Watch-ը բազմիցս դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով հասանելիություն տրամադրել տեղում հետաքննություն անցկացնելու համար, սակայն մինչեւ հիմա թույլտվություն չի ստացել։