Սիրիայից եկած հայ փախստականները, որոնց տները քարուքանդ են եղել երկրում բռնկված դաժան քաղաքացիական պատերազմի ընթացքում, կրկին բախվել են միևնույն սպառնալիքին, այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում, նշում է բրիտանական ITV հեռուստաալիքը՝ հիշեցնելով, որ արդեն մեկ ամիս է Ադրբեջանը գնդակոծում է էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանը։
«Իմ ընկերներից մի քանիսը տուժել են, մյուսները կորցրել են իրենց տները։ Նրանք հարվածում են հիվանդանոցներին, տներին, այն վայրերին, որտեղ մենք ապրում ենք. մենք ողջ ենք, բայց ոչ անվտանգ։ Մենք տեսել ենք, թե ինչ են արել այդ գրոհայինները Սիրիայում, նրանց համար միևնույն է՝ երեխա են սպանում, թե կին, և հիմա ցանկանում են նույնը կրկնել այստեղ»,- հեռուստաալիքը մեջբերում է սիրիահայ Հովիկ Էսմերյանի խոսքերը՝ նշելով, որ տղամարդը Սիրիայում 2011-ի պատերազմի բռնկումից ի վեր 22 000 սիրիահայերից է, որոնք տեղափոխվել են Հայաստան։
Հեռուստաալիքը նաև հայտնում է, որ Սիրիայի հայ համայնքի մեծ մասը ձևավորվել է Հալեպում՝ Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Ցեղասպանությունից վերապրածների կողմից։
«Նրանք ցանկանում են ավարտին հասցնել Ցեղասպանությունը, նրանք ցանկանում են բնաջնել բոլորիս։ Սա պարզապես պատերազմ չէ ճակատային գծում, նրանք կրակում են խաղաղ բնակիչների ու քաղաքների վրա՝ մեզ սպանելու համար։ Էրդողանը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը»,- հեռուստաալիքին ասել է Էսմերյանը։
Ստեփանակերտում Samra սրճարանի սեփականատեր Էսմերյանը, որն այժմ անվճար սնունդ է բաժանում բնակիչներին, հայտնել է նաև, որ վստահ է Հայաստանի և Արցախի հաղթանակում՝ նշելով․ «Մենք այլ տարբերակ չունենք, ընտրությունը ազատության և մահվան միջև է»։
ITV-ն իր անդրադարձում նաև ընդգծել է, որ ինչպես Amnesty International-ը, այնպես էլ Human Rights Watch-ը հաստատել են, որ Ադրբեջանը խաղաղ բնակավայրերի ուղղությամբ լայնորեն օգտագործում է արգելված կասետային ռումբեր: