Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ լրատվամիջոցներում հավասարակշռված է մեկնաբանվում, հրապարակումները ցուցադրում են հավասարաչափ մոտեցում, մինչդեռ ֆրանսիական պարբերականները հայամետ դիրքորոշում են գրավում, նշված է լրատվամիջոցներում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի լուսաբանման վերաբերյալ հետազոտության մեջ, որը «ՌԻԱ Նովոստի»-ի համար պատրաստել է Lexis Nexis ընկերությունը։
Վերլուծաբանները դիտարկել են սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ը համաշխարհային լրատվամիջոցներում Ղարաբաղում հակամարտությանը նվիրված տեղեկությունները։ Հակամարտության մասին ավելի ակտիվ են գրում Ռուսաստանում՝ մեկ ամսում ավելի քան 82 հազար տեղեկություն, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է (մոտ 27 հազար), հաջորդում են եվրոպական երկրները՝ Մեծ Բրիտանիան (մոտ 15 հազար), Գերմանիան (շուրջ 12 900) եւ Ֆրանսիան (շուրջ 6 հազար), 6-րդ տեղում է Թուրքիան (2,2 հազարից փոքր-ինչ ավելի)։ Վերջին տեղում է Ղազախստանը՝ 145 հիշատակում։
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը արտասահմանյան երկրներում
Հետազոտության հեղինակները նշում են, որ ՌԴ լրատվամիջոցները «Ղարաբաղում հակամարտության կողմերի վերաբերյալ ունեն հավասարակշռված համաչափ մոտեցում»։ Ընդ որում՝ հեղինակները կարծում են, որ «մինչեւ հիմա Կրեմլը չի ջանացել կարգավորել Ղարաբաղի շուրջ բազմամյա խնդիրը, հակառակը՝ տարածաշրջանում Մոսկվայի շահերին համապատասխանում է այդ հիմնախնդրի սառեցված վիճակը»։
«ՌԴ-ն Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում, Երեւանի հետ անվտանգության մասին երկկողմ համաձայնագիր ունի։ Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը կոչված է կարգավորելու հակամարտությունը»,- նշված է հետազոտության մեջ։ Ռուսաստանում հրապարակումների մեծ մասը (91 տոկոսը) չեզոք է։
ԱՄՆ լրատվամիջոցներում, որը ՌԴ-ի եւ Ֆրանսիայի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մամուլում լուսաբանելու տեսակետից չի մտնում առաջնահերթությունների թվի մեջ, որտեղ գերակայում են ընտրությունների, համավարակի թեմաները, ինչպես նաեւ Սուդանի եւ Իսրայելի շուրջ իրավիճակը։
Այդուհանդերձ, երկրում գրանցված լրատվամիջոցների մեծ թիվը ԱՄՆ-ի համար երկրորդ տեղն է ապահովել ըստ զինված հակամարտության հիշատակումների թվի պայմանական վարկանիշում։ Երկրի առավել վարկանիշային պարբերականներին (LexisNexis-ի վակածով առաջին կարգի լրատվամիջոցներ) բաժին է ընկնում ընդհանուր ծավալի միայն 3 տոկոսը։
«Ամերիկյան կողմի դիրքորոշումը բավականին զուսպ է։ Հակամարտության առաջին օրերից Վաշինգտոնը կողմերին կոչ է արել կրակը դադարեցնել եւ վերսկսել խաղաղ բանակցությունները։ Բայց եթե Ռուսաստանը շարունակում է պահպանել համաչափությունը, ԱՄՆ դիրքորոշման մեջ զգացվում է գերակշռություն հայկական կողմի շահերի նկատմամբ։ Ընդ որում՝ լրատվամիջոցներում հավասար ուշադրություն է հատկացվում ինչպես տեղական բնակչության տառապանքին, այնպես էլ այս հակամարտության հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի դիրքորոշմանը»,- նշում են հետազոտության հեղինակները։
Միաժամանակ, ամերիկյան լրատվամիջոցներում ավելի հաճախ են հանդիպում Հայաստանի համար դրական հրապարակումներ (8 տոկոս), մինչդեռ Ադրբեջանի համար դրական հրապարակումներ գործնականում չկան։ Հակամարտության մասին տեղեկությունների մեծամասնությունը (շուրջ 90 տոկոսը) չեզոք է։
Ֆրանսիայի լրատվամիջոցները հայամետ դիրքորոշում ունեն։ Լրատվամիջոցներում վերլուծված տեղեկությունների 42 տոկոսը քննադատություն եւ բացասական նյութ են պարունակել Ադրբեջանի գործողությունների հետ կապված, հրապարակումների 58 տոկոսը կարելի է դասել չեզոքին, ֆրանսիական լրատվամիջոցներում Հայաստանի քննադատություն գործնականում չկա։
Հակամարտությունում ադրբեջանական կողմին աջակցում են թուրքական լրատվամիջոցները՝ գրում են հետազոտության հեղինակները: «Զոհերի մասին հաղորդագրությունները լուսաբանվում են նաեւ մի կողմից (Հայաստան՝ ագրեսոր)»,-ասվում է հետազոտության մեջ: Հայաստանին ուղղված քննադատություն է պարունակվում հաղորդագրությունների 46 տոկոսում, 47 տոկոսում աջակցություն՝ Ադրբեջանին:
Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի լրատվամիջոցները չեզոք դիրք են զբաղեցնում: Զուսպ դիրքորոշում ունեն նաեւ Չինաստանի լրատվամիջոցները: Չինաստանի լրատվամիջոցներում մեծ ուշադրություն է հատկացվում հակամարտությանը Ռուսաստանի եւ Թուրքիայի ակտիվությանը՝ գրում են հետազոտության հեղինակները:
Իրանն աշխարհում միակ պետությունն է, որը սահմաններ ունի հակամարտության 3 կողմերի հետ՝ Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ: «Իրանի կառավարությունը հայտարարել է միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Առաջին հերթին, Իրանում թույլ չեն տա, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն անդրադառնա իրանական հասարակության վրա»,- ասվում է հետազոտության մեջ:
Իրանական լրատվամիջոցներում հրապարակումների մեծ մասը չեզոք է, Ադրբեջանին ուղղված քննադատություն է հանդիպում հրապարակումների 8 տոկոսում, Հայաստանին ուղղված քննադատություն՝ 9 տոկոսում:
Իսրայելական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ երկիրը չի կարող չեզոք դիտորդ լինել ԼՂ հակամարտությունում, քանի որ Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է: Այլ լրատվամիջոցներ գրում են, որ չնայած նրան, որ Իսրայելը լավ հարաբերություններ ունի Երեւանի հետ, նավթի 40 տոկոսը ստանում է Ադրբեջանից, ինչն այդ երկրի հետ հարաբերությունները շատ կարեւոր է դարձնում: Այդպիսով, իսրայելական լրատվամիջոցներում հաճախ հանդիպում են Հայաստանին ուղղված քննադատություններ՝ հրապարակումների 34 տոկոսում, այն դեպքում, երբ Ադրբեջանին ուղղված քննադատություններ են հանդիպում հրապարակումների 4 տոկոսում:
Հետխորհրդային տարածքում խաղաղ կարգավորման օգտին հանդես է գալիս Ղազախստանը: Հրապարակումների մեծ մասը չեզոք է: Վրաստանի լրատվամիջոցները քննադատում են եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին (8-ական տոկոս, սակայն հրապարակումների մեծ մասը (84 տոկոս) չեզոք է:
Ուկրաինական լրատվամիջոցներն աջակցում են Բաքվին: «Կիեւի դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե ելնելով համերաշխության զգացումից, այլ ուկրաինա-թուրքական հարաբերությունների սերտ բնույթից: Ուկրաինական լրատվամիջոցներում ակտիվորեն զուգահեռներ են տարվում Ղարաբաղի եւ Դոնբասի միջեւ: Հրապարակումների 30 տոկոսում բացասաբար են արտահայտվում Հայաստանի հասցեին, գրեթե 31 տոկոսում՝ աջակցում Ադրբեջանին»,- գրում են հետազոտության հեղինակները: