Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի «Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով խստացվում են զինծառայությունից խուսափելու և դրան առնչվող արարքների պատիժները: Օրինակ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը կպատժվի 6-12 տարի ազատազրկմամբ նախկինում նախատեսված 4-8 տարվա փոխարեն, պատերազմում հրամանը չկատարելու համար պատիժը 5-15 տարվա ազատազրկումից կդառնա 8-15 տարվա ազատազրկում, ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտական իրավիճակում կատարված դասալքությունը կպատժվի 8-15 տարվա ազատազրկմամբ նախկին 6-12 տարվա փոխարեն և այլն:
Հարցեր չտանք, թե ինչու է առաջացել այս փոփոխությունների անհրաժեշտությունը և մանավանդ մեկնաբանություններ չանենք, քանի որ հիմա այդպիսի «արարքներն» էլ հղի են այլ հետևանքներով (բարեբախտաբար տուգանքի և ոչ ազատազրկման): Ուստի արձանագրում ենք սոսկ փաստեր՝ առանց մեկնաբանությունների:
Ուրեմն, այս օրենքն ընդունել է Ազգային ժողովը 69 կողմ ձայներով (132-ից, մնացածը պարզապես բացակայել են): Ազգային ժողովի պատգամավորներից առնվազն 30-ը ժամանակին պարտադիր զինծառայություն չեն անցել, բայց սույն խստացված օրենքին կողմ են քվեարկել դրանցից 20-ը, մնացած 10-ը գերադասել են բացակայել: Այո, նրանք ժամանակին անհրաժեշտ չեն համարել ծառայել հայրենիքին, բայց հիմա կողմ են, որ ներկայիս խուսափողները խստագույնս պատժվեն:
Ո՞ւմ չի սպառնում այս օրենքը հնարավոր խախտումների դեպքում, այլ կերպ ասած՝ ովքե՞ր ենթակա չեն զորհավաքային զորակոչի: Այս հարցին պատասխան է տալիս «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետը. այն քաղաքացին, որը «1.ամրագրվել է ՀՀ կառավարության սահմանված կարգով, 2. առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի, 3. ունի չորս և ավելի երեխա, 4. ՀՀ ԱԺ պատգամավոր է»: Այսինքն, ի թիվս այլոց, նույն վերոհիշյալ խստապահանջ պատգամավորները:
Նույն օրը ոչ անհայտ ՀՀ քաղաքացի Սուրեն Զոլյանն այսպիսի գրառում արեց իր ֆեյսբուքում.
«Մեր դուխը մեզ չի ներում Ռուսաստանից ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ էլ օգնություն հայցել։ Չէ՞ որ Հայաստանին անվերապահորեն օգնելը՝ դա Ռուսաստանի պատմական առաքելությունն է և աշխարհաքաղաքական շահ։ Ուստի իրենք պիտի խնդրեն, որ մենք իրենց թույլ տանք մեզ օգնեն։ Զարմանալի է, որ մինչ հիմա նման խնդրանքով չեն դիմել» (https://www.facebook.com/suren.zolyan/posts/2003642196440047)։
Որտե՞ղ է հիմա դուխով Զոլյանի տղան: Ազգային ժողովում, այն պատգամավորներից մեկն է, որոնք հայրենիքին չեն ծառայել որպես զինվոր և կողմ են քվեարկել ծառայությունից խուսափողներին խիստ պատժամիջոցներ սահմանող օրենքին:
Ուստի մի քանի հարց չենք կարող չտալ պարոն Զոլյանին:
«Մենք», «մեր», «մեզ» ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք, այն հազարավոր զոհված կամ դեռ կենաց-մահու կռիվ տվող տղաների ծնողների՞ն, այն արցախցիների՞ն, որոնք տունուտեղ կորցրել, ծվարել են Հայաստանի տարբեր անկյուններում կամ օրն անցկացնում են նկուղներում ու տեսնում, թե ինչպես է ավերվում այն ամենը, ինչ քարը քարի վրա դնելով կառուցել են անցած տասնամյակներում: Գուցե ՀՀ գլխավոր հրամանատարի՞ն նկատի ունեք, որ «կապիտուլյացիայից» ու «ցավալի զիջումներից» է խոսում, կամ Արցախի նախագահի՞ն, որի դուխը ներեց օգնություն խնդրել Ռուսաստանից: Թե՞ այդ «մենքը» զուտ ձեզ ու ձեր տղային է վերաբերում:
Վերջին հարցը. իսկ ձեր դուխը ներո՞ւմ է ամեն օր կարդալ նահատակների ցուցակները, տարածքները կորցնելու և Արցախի բնակատեղիները ռմբակոծելու մասին հաղորդագրությունները, որոնք օր օրի, ժամ առ ժամա ավելի ու ավելի սահմռկեցուցիչ են դառնում: Ըստ երևույթին այդ լուրերը ձեզ չեն հասնում կամ եթե հասնում էլ են, ո՛չ ձեր սրտին են դիպչում, ո՛չ մտքին: Դուք ընդամենը հաստատում եք հայտնի ժողովրդական իմաստնությունը՝ տաք տեղից մարդու ձայնը միշտ բարձր է հնչում, դուխն էլ՝ տեղը, և տաք տեղերում միշտ էլ, բոլոր ժամանակներում ձեզ նմաններն են հայտնվում: