Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք, որ երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում»,- շեշտել է Զախարովան` հավելելով, որ Մոսկվան հենց սկզբից ձգտել է շուտափույթ հրադադարի հասնել եւ իրավիճակը տեղափոխել բանակցությունների դաշտ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վաղը Ժնեւում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ներառված են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի, զինադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր: