Իտալիայի Պալերմո քաղաքի խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի միասնական տեղեկատվական շտաբը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։