Ադրբեջանում պատերազմն ուղեկցվում է հայերի հանդեպ ատելության զանգվածային եւ համակարգված քարոզչությամբ, սոցիալական ցանցերում ատելություն սերմանելու հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում: Այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Օմբուդսմենի խոսքով՝ Ադրբեջանում ատելությունը սկսվում է քաղաքական իշխանությունից եւ ավարտվում է մշակույթի գործիչներով, մտավորականության ներկայացուցիչներով եւ այլ անձանցով:
«Եվ այս ատելության քարոզչությունը, ատելության յուրաքանչյուր բառը արժանանում է մեծ խրախուսանքի եւ ուրախության: Մենք հայտնաբերել ենք խմբեր Telegram-ում եւ այլ սոցիալական ցանցերում, որտեղ պարզապես տոնախմբություններ են, անցկացվում են հարցումներ, քվեարկություններ բացառիկ ցինիզմով եւ ատելություն սերմանելու լրացուցիչ նպատակով»,- ասաց Թաթոյանը: