Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Մենք դրական ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման փաստը։ Սա հնարավոր եղավ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից համաատասխան հայտարարության ստորագրումից հետո։ Ողջունում ենք բոլոր գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու արյունահեղության դադարեցումը։ ՀԱՊԿ-ն բազմիցս կոչ է արել հակամարտող կողմերին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմին ու կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով», - ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև դրական է գնահատել տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման որոշումը։
«Կարծում ենք, որ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումն էական զսպող գործոն է, որպեսզի հակամարտող կողմերն ուժ չկիրառեն։ Կրկին հիշեցնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր կլինի միայն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», - ընդգծել է Զասը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա: