f

Անկախ

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,մինչ օրակարգային հարցերին անցնելը, Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել ելույթներով:

ՀՀ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների հարգելի անդամներ,

Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ երրորդ նիստը, ինչը նշանակում է, որ այսպիսի ֆորմատներով նիստերի անցկացումն այլևս դառնում են անշրջելի ավանդույթ և խնդիրն այստեղ միայն ավանդույթի մեջ չէ: Սա բացարձակ անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանի և Արցախի իշխանությունները լինեն միևնույն էջի վրա և Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր երկրի, հայրենիքի, ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ վերջին շրջանում մենք այս առումով բավականին արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և այդ աշխատանքը հասել է մի կուլմինացիայի, երբ մենք հնարավորություն ենք ունեցել արձանագրել, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են: Սա ամենևին չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, սա նշանակում է, որ ռազմավարության, վեկտորի ուղղությամբ մենք իսկապես ունենք նույնական պատկերացում և այդ նույնական պատկերացումներն ունեն մի քանի անհրաժեշտ հենասյուներ: Այդ հենասյուներից կարևորագույնը ես համարում եմ արձանագրումն այն բանի, որ Արցախի Հանրապետությունը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց Արցախի Հանրապետության հետ բանակցությունների` հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում:

Այս առումով, շատ կարևոր եմ համարում, որ ըստ էության, մեր համատեղ աշխատանքի ընթացքում ձևավորվում է, եթե չասենք ձևավորվել է, Ղարաբաղի հարցի բանակցային նոր բովանդակություն և կարծում եմ, որ այդ բովանդակությունը առաջինը` ավելի համապարփակ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերը և երկրորդը` այդ բովանդակությունը կառուցողական է` հարցի կարգավորման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից: Եվ այս առումով, ես նույնպես կարևորում եմ այն դիսկուրսը և քննարկումը, որ տեղի ունեցավ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որտեղ այդ նույն բովանդակությունը միս ու արյուն ստացավ, հստակ ձևակերպվեց և այն մենք պայմանականորեն անվանեցինք մյունխենյան սկզբունքներ:

Իհարկե, Արցախի և Հայաստանի Հանրապետության համագործակցության անկյունաքարային թեմաներից մեկն անվտանգությունն է, որովհետև Արցախը և Հայաստանն անվտանգության ընդհանուր տարածք են, անվտանգային ընդհանուր միջավայր են և այստեղ մեր օրակարգը որևէ ձևով չի կարող տարանջատված և տարբերակված լինել: Այդ առումով, մենք բնականաբար շատ ենք կարևորում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Զինված ուժերի մարտունակությունը և Զինված ուժերում հաստատված բարոյահոգեբանական մթնոլորտը:

Ընդհանուր առմամբ կարող եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերջին շրջանում, մասնավորապես 2019 թվականին, հսկայական միջոցներ է ձեռնարկել և հսկայական միջոցներ հատկացրել բանակում էական ու շոշափելի փոփոխություններ իրականացնելու համար` սկսած սպառազինությունների ձեռքբերումից, վերջացրած սպայական, շարքային կազմերի սոցիալական երաշխիքներից, այնպես էլ դրամական բավարարումների չափից: Եվ այս ամենի արդյունքում բնականաբար բոլորիս ակնկալիքն այն է, որ բանակում նաև կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները բերվեն բոլորովին նոր մակարդակի վրա և ես համարում եմ, որ այդ խնդիրն իրապես լուծելի է:

Վերջին շրջանի քննարկումներում ես մի այսպիսի արձանագրում եմ արել, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Հայաստանի Հանրապետությունում և Արցախում բանակը բացարձակ և անառարկելի հեղինակություն է: Այսինքն, բանակի հետ կապված ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որևէ քննարկում և որևէ թեմա, որովհետև Հայաստանում և Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է, բայց ցավոք սրտի մենք ունենք այսպիսի մի երևույթ, որ բանակում ծառայության հեղինակությունն այնուամենայնիվ որոշակիորեն զիջում է բանակի հեղինակությանը և մեր գործնական խնդիրն է բանակում ծառայության հեղինակությունը հավասարեցնել բանակի հեղինակությանը և այսօր մենք իհարկե կքննարկենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք:

Անվտանգային միջավայրի առումով կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք ևս մի այսպիսի իրողություն: Իհարկե, Զինված ուժերը մեր անվտանգության ամենաառաջնային երաշխիքը և երաշխավորն են, բայց ուզում եմ ասել, որ այդ առաքելության իրականացման մեջ բանակին երբեք միայնակ պետք չէ թողնել և պետք է բանակի գործառույթային ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնել: Կարծում եմ, որ մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ նաև ժողովրդավարությունն այն կարևոր երաշխիքներից է, որը պետք է ամրացնի ու ամրապնդի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Այս առումով գիտենք, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու համապետական ընտրություններ և կարծում եմ, որ ընդհանրապես Արցախի գոյության ողջ ընթացքում տեղի ունեցած ընտրություններն ի ցույց են դրել ժողովրդավարական առումով Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բոլորովին տարբեր իրողությունների գոյությունը, ինչը ևս մեկ անգամ գալիս է հիմնավորելու, որ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, որովհետև Արցախում արդեն 3, 5, 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակն անգամներով անհամեմատելի ավելի բարձր է եղել, քան հարևան երկրում և այդ իրողությունը ոչ միայն անշրջելի է, այլ ես կարծում եմ, որ այդ իրողությունը ևս մեկ անգամ շատ ավելի վառ ու արտահայտված կերպով կարտահայտվի Արցախի առաջիկա համապետական` նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ այս հարցում նույնպես Արցախի և Հայաստանի իշխանություններն ունեն նույնական պատկերացումներ ու մոտեցումներ:

Եվ իհարկե մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը մեր երկրների տնտեսությունների մրցունակությունն է: Տնտեսությունն է, որ պետք է Հայաստանի ու Արցախի Զինված ուժերին ապահովի անհրաժեշտ ռեսուրսներով` իրենց գործառույթներն իրականացնելու համար, և այսօրվա օրակարգում մենք կքննարկենք նաև տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր: Բայց մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ մեր տարածաշրջանում անվտանգային վիճակը ցավոք սրտի գնալով ավելի է լարվում և մենք այստեղ ավելի շատ նոր սրացումներ ենք տեսնում, քան լուծումներ և այս համատեքստը նույնպես անվտանգության խորհուրդների համատեղ նիստում կքննարկվի:

Այս առումով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի հետևյալ խնդրի վրա: Կարծում եմ` այսօր տարածաշրջանում ստեղծված աշխահաքաղաքական իրողությունների պայմաններում մենք պետք է արձանագրենք, որ ունենք համատեղ պատասխանատվություն ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության առումով, այլև ունենք առանձնահատուկ պատասխանատվություն` մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման և գլոբալ անվտանգության ապահովման առումով: Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ այս հարցում նույնպես Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները նույնական են և մեր առաքելությունն ու պարտավորությունն է` ապահովել մեր ազգային անվտանգությունը, տարածաշրջանային անվտանգությունը և մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ: Սա նույնպես մեր օրակարգային կարևոր խնդիրն է և մեր համագործակցության կարևոր առարկաներից մեկը, որտեղ մենք կարծում ենք՝ արդյունավետ համագործակցում ենք և իհարկե այդ համագործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա:

Հարգելի գործընկերներ, մեզ այսօր մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք»: 

Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացման հետ: 

Բակո Սահակյանը նշել է, որ նախատեսվող ծրագրերը հավակնոտ են, բայց միանգամայն իրատեսական՝ համոզմունք հայտնելով, որ միասնական ջանքերով, աշխատանքները համակարգված ու հետևողականորեն իրականացնելու դեպքում այդ նախագծերը կյանքի կկոչվեն:

 

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Բակո Սահակյան Նիկոլ Փաշինյան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին