ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ վարչապետի պշտոնում:
Հայտարարության մեջ ասվում է.
«Վե՛րջ, բավական է …, այլեւս ԻՐԵՐՆ՝ իրնեց անունով:
Հիմա հերթով եւ կարճ:
1. Իշխանազավթման համար խոստացար արժանապատիվ եւ երջանիկ կյանք: Ասում էիր տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: Կառավարման ժամանակահատվածդ կփակվի 0 տոկոս աճով, իսկ ապագան ունի կայուն անկման անկասելի հիմքեր: 2020թ.-ը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Եվ սա մինչեւ պատերազմը:
2. Խոստացար արտահանմանը միտված տնտեսություն: Քո շրջանում երկրի արտահանման աճի տեմպը կրճատվեց 2,5 անգամ՝ 2017թ. համեմատ:
3. Խոստացար ներդրումային եւ նոր աշխատատեղերի բում: Օտարերկրյա ներդրումները փախան Հայաստանից: Միայն 2019թ. ՕՈՒՆ զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Վրաստանում գրանցվում է շուրջ 6,5 անգամ ավել ՕՈՒՆ, քան Հայաստանում:
4. Պետական բյուջեի աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էիր խոստացել, տեղերն էլ հատ-հատ գիտեիր: 2019թ. բյուջեն ունեցավ նույն՝ շուրջ 10 տոկսի իներցիոն աճը, ինչին մոտ աճ կար 2017թ.: Այս ուղղությամբ դրսեւորածդ պոպուլիզմը եւ անպտուղ գործողություններն էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա դառը պտուղները դեռ երկար են քաղվելու:
5. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (պետական բյուջեներում) աճեցրիր եւ փիառվեցիր: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չկատարվեց անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցար ծախսես, քանի որ գիտեիր, թե ինչ է սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին: 6. Խոստացար արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում: Հռչակեցիր «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքդ: Իրականում ձեւավորեցիր աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու ամբողջական հիմքեր. եկամտահարկի համահարթեցում՝ հակասոցիալական լիարժեք գործադրմամբ, գույքահարկով անապահով խավի հարստահարում, զբաղվածության պետական ծրագրերի 75 տոկոս թերակատարում, որի հետեւանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը, աշխատողների իրավունքներին միտված օրեսդրական եղած նախագծերի անտեսում, որոնք ունեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների դրական վերաբերմունքը եւ այլն: Հետեւանքը եղավ այն, որ 2017թ. համեմատ ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով: Արտագաղթի հետեւանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաեւ գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցիր՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան քո «ձեռքբերումն» է:
Հետո էլ տեսար իրական պատկերը եւ անհեթեթ կերպով մեղադրեցիր շարքային քաղաքացիներին՝ աղքատությունը իրենց գլխից չհանելու համար:
7. Խոստացել էիր աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Չկա: Փոխարենը, քո խմբակի՝ բարձրաաստիճաններիդ վարձատրությունը եռապատկեցիր գաղտնագողի եւ հակաօրինական պարգեւատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելացել է կրկնակի պակաս, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսինքն՝ աշխատող աղքատների կյանքն ավելի է բարդացել: Իսկ հակասոցիալական քո վարքագծի շարունակությունը եղավ աշխատող աղքատների հարկային բեռի ավելացումը՝ ի հաշիվ բարձր եկամուտ ունեցողների բեռի թեթեւացման:
8. Նույնիսկ պատերազմական այս ծանր օրերին կարողացար 2021թ. պետական բյուջեում նախատեսել քո եւ քո խմբակի կայուն բարեկեցության աճ: Ձեր աշխատավարձերը եռապատկել էս անարժան պարգեւատրումներով, հաջորդ տարի էլ ուզում ես ավելացնել եւս 22 տոկոսով: Իսկ սոցիալական պաշտպանության բյուջեն ավելացնում էս 2 տոկոսով:
9. Խոստացար 2050թ.-ին 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով եւ խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով ավելացրեց նաեւ ժողովրդագրական հետեւանքներն ու մարտահրավերները, որի մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:
10. Խոստացար «օղիով եւ պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցիր COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչեւ պատերազմը: Հետեւանքներն ահագնանում են՝ օրական մինչեւ 50 մահեր, իրենց մահին սպասող հարյուրավոր անօգնական քաղաքացիներ, առողջապահական համակարգի կոլապս, վրա հասած սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ: Նորից մեղադրում էս հանրությանը՝ քո եւ քո խմբակի ապաշնորհության մեղքը բարդելով քաղաքացիների վրա:
11. Խոստացածիդ եւ իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էիր «Վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացար շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» հավաքական առումով իրականում մի բանի մասին էին՝ նոր եւ խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով եւ անհարիր դրսեւորումներով:
12. Այս ընթացքում չլսեցիր եւ չընդունեցիր կառուցողական որեւէ առաջարկ: Առողջ լուծումների համար անհրաժեշտ հանրային քննարկումները փոխարինեցիր մեղադրանքներով, հանրությանը պառակտելով, «ՄԵՆՔԸ՝ քո ու քո խմբակի եսով», 70 տոկոս բացարձակ իշխանությունդ քեզ արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, նեղ քաղաքական ու անձնական շահերիդ ծառայեցնելով:
13. Պատերազմը մեզանից տարավ ամեն ինչ: Հիմա դու արդարանում ես, իրականում քո նույն ոճով եւ գործիքակազմով մեղավորներ ես ձեւակերպում: Մանիպուլացնում ես իրողությունները: Խոսում ես նոյեմբերի 10-ին ստորագրածդ հայտարարության մասին եւ դրա հիմքերը քեզանից դուրս ես ներկայացնում:
14. Փոխարենը՝ առարկայական խոսիր քո երկուսուկես տարիների կառավարման մասին, որի յուրաքանչյուր օրը երկիրը բերեց այս օրվան: Խոսիր պատերազմի 45 օրերից եւ տուր իրական բացատրություններ:
15. Կարճ ԱՍԱ՛, որ դա դաժան պարտություն էր, որի համար մեղավոր ես եւ անցնցում ՀԵՌԱՑԻ՛Ր: Արածդ արդեն անտանելի է, պաշտոնդ պահելու համար ՀԱՅ ժողովրդի գլխին նոր փորձություններ այլեւս մի՛ նախաձեռնի:
Խոնհարվում եմ բոլոր ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ վառ հիշատակի եւ նրանց ընտանիքների առջեւ:
Պարտական եմ ՁԵԶ: Այլեւս ապրելու եմ այս անփոփոխ գիտակցությամբ …
Ես մեղավոր եմ, կներեք: