ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ընդունել իր պարտությունը ընտրություններում, մինչև նոյեմբերի 20-ը առանցքային Ջորջիա նահանգում վերահաշվարկի ավարտը: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Այսպիսով, ըստ հեռուստաալիքի, այժմ Դոնալդ Թրամփը գտնվում է «հուսահատ վիճակում»: Քաղաքական գործչի ընտանիքի շատ անդամներ և ամենամոտ խորհրդականները համոզում են նրան շարունակել վիճարկել քվեարկության արդյունքները դատարանում, իսկ մյուսները, որոնց թվում դուստրը՝ Իվանկան, ոգևորված չեն այդ փորձերից:
Նախագահն ինքը, ըստ աղբյուրների, մտադիր է սպասել Ջորջիայում ձայների վերահաշվարկի ավարտին, որը կավարտվի նոյեմբերի 20-ին: Այդ նահանգում պարտության դեպքում նա կհայտարարի իր պարտության մասին:
Բացի այդ, հեռուստաալիքի զրուցակիցները պնդում են, որ նախագահին շատ վրդովեցրել է եվրոպական երկրների ղեկավարների «դավաճանությունը», որոնք շտապել են շնորհավորել իր մրցակից Ջոզեֆ Բայդենին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Ներկայումս Թրամփը շարունակում է աշխատել Օվալաձև գրասենյակում՝ այնտեղ մնալով շատ ավելի երկար, քան նախատեսված է իր աշխատանքային գրաֆիկով, պնդում է CNN հեռուստաալիքը:
Ջորջիա նահանգը գտնվում է Միացյալ Նահանգների Արևելյան ափին, այն ավանդաբար համարվում է «տատանվող» և հաղթողին բերում է 16 ընտրիչի ձայն:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվեցին նախագահական ընտրություններ, պետության ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը:
Նոյեմբերի 7-ին ամերիկյան առաջատար լրատվամիջոցները՝ ABC News, FOX News, CNN, AP և NBC, հայտարարեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակի մասին: Արդյունքները դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել: