РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքը կհրաժարվի նախագահի պաշտոնից, երբ «անհրաժեշտ լինի», բայց դա վտանգի պատճառով հանկարծակի որոշում չի լինի: Գրում է Gazeta.ru-ն:
«Ո՛չ, ես հանկարծակի չեմ հրաժարվի (նախագահի լիազորություններից), անհրաժեշտության դեպքում ես պարզապես կթողնեմ այս պաշտոնը: Ինչո՞ւ հանկարծակի: Հանկարծակին՝ վտանգավոր է», - պատասխանել է Լուկաշենկոն լրագրողների այն հարցին, թե կարող է արդյոք «հանկարծ» հրաժարական տալ:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են երրորդ ամիսն անընդմեջ: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարեց օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող:
Ընդդիմության թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են ընտրությունների պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին: Ցուցարարներին աջակցում էին խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների աշխատակիցները՝ գործադուլ հայտարարելով: Ցուցարարների դեմ ուժայինները օգտագործում են հատուկ տեխնիկա, ձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Ավելի ուշ հանրապետության նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարեց երկրում ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որը պետք է նպաստի իշխանության փոխանցմանը: Մյուս կողմից, Լուկաշենկոն արևմտյան երկրներին մեղադրում է բողոքի ցույցերի մեջ և պահանջում է քրեական գործ հարուցել խորհրդի անդամների դեմ:
Հոկտեմբերի 26-ից Տիխանովսկայան համապետական գործադուլ է հայտարարել երկրում: