ԳՐԵՐ ԵԶՐԱԳԾԻՑ №6
ԻՆՉՈՒ... նախ՝ որովհետև վախենում է դավաճանության համար արդար պատժից։ Ահավոր է վախենում։ Դողում է իր կաշվի համար։
Երկրորդը՝ հիվանդագին իշխանատենչ է։ Հիշո՞ւմ եք ինչպես էր բոլորին խաբում, թե հենց ժողովուրդը պահանջեց, կհեռանա։ Երբ դա ասաց, հասկանալի էր, որ մինչև վերջին խազը, եղունգներով ու ատամներով կախվելու է աթոռից։ Այդ մասին շատ է գրվել, չշեղվենք հիմա։
Երրորդը՝ ենթադրում եմ, որ դրսից ինչ-որ խոստումներ է ստացել։ Մոտակա շաբաթները նա շատ հարմար ղեկավար է, օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Որոշ չափով նաև Ռուսաստանի համար։ Նա պարալիզացրել է պետական ապարատը, ամեն ինչ անում է, որ որևէ կերպ հնարավոր չլինի գործընթացները կանգնացնել։ Առնվազն մինչև դեկտեմբերի 1-ը թուրքերը չեն ուզի իրեն կորցնել, որ հանկարծ կործանարար շարժը չկանգնի, չդանդաղի։
ԻՆՉՊԵՍ... Իր պաշտպանության ընդհանուր սկզբունքն է. «օր գողանալ, ժամ փախցնել, հետո կերևա»... Անընդհատ ստեր է հնարում, պառակտում է, փորձում ժամանակ շահել։
Ա. ՄԵՂՔԻ ՍԼԱՔԸ ՇԵՂԵԼ. Մեղքը գցում է տարբեր խմբերի վրա. ղարաբաղցիներն են մեղավոր (տեսե՛ք Գիր №5-ի տեսանյութը, թե ինչպես են աշխատում Նիկոլի սադրիչները փողոցներում), կամավոր չգնացածներն են մեղավոր, զինվորներն են մեղավոր, սպաներն են մեղավոր, հներն են մեղավոր, բոլորը մեղավոր են բացի Սուրբ Նիկոլից։
Բ. ՀԵՏ ՊԱՀԵԼ ՓՈՂՈՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՑ, ԲԱՑ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒՑ. պառակտել, ատելություն, անվստահություն և կասկածանք սերմանել բոլորի մոտ բոլորի հանդեպ։ Վախեցնել հին ու նոր բոբոներով, դավադրություններով։
Գ. ՁԵՐԲԱԿԱԼԵԼ. կապ չունի, որ ժամեր կամ օրեր անց ստիպված է լինելու ազատել։ Կապ չունի, որ դատարանում գործը փլվելու է... Կարևորը ժամեր-օրեր շահելն է։ Ու դրա համար ինչ կեղծիքի ասես կդիմի. ժանգոտ հրացաններով լղոզված վիդեո կդնեն, թե բա մահափորձ էին պատրաստում, ինչ ասես կանեն...
Դ. ԽՈՍՏԱՆԱԼ. hանդիպել տարբեր խմբերի, հեքիաթներ պատմել, խոստումներ բաժանել աջ ու ձախ, խաբել, կապ չունի, որ այդ խոստումները կատարելու որևէ մտադրություն չունեն։
Ե. ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ ՏԱԼ. հեքիաթներ պատմել, թե աշխատում են միջազգային հանրության հետ։ Նիկոլը պատերազմից առաջ էլ միջազգային հանրության հետ աշխատել չգիտեր, վկա՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ փչացած հարաբերությունները, Եվրոպայի ու ԱՄՆ հետ գոյություն չունեցող հարաբերությունները։ Իսկ խայտառակ պարտություն ստորագրելուց հետո նույնիսկ շունիկ Չալոն ավելի շատ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում, քան Նիկոլը։
Զ. ՎԱԽԵՑՆԵԼ. թե բա. «Եթե Նիկոլը հիմա հրաժարական տվեց, ցնցումներ կլինեն»։ Միակ ցնցողը հենց շանտաժիստ Նիկոլն է։ Միակ աթոռակռիվ մղողն էլ է նույն ինքը։
Է. ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՆԵԼ. Կնոջն ու երեխաներին առևանգելու մասին հեքիաթն արդեն լսել եք։ Սպասե՛ք հեքիաթների երեխայի հիվանդության մասին, կամ որ ուզում էր ինքնասպան լիներ, բայց վերջին պահին Չալոն չի թողել և այլն, և այլն։ Կարծում եմ դեռ կլինեն լացելով լայվեր, բեմադրած այցելություններ զոհվածների տներ և զոհվածի մոր առաջ ծնկի իջնել։ Այդ ամենն անելու է, միայն թե մի քանի ժամով էլ երկարաձգի իր իշխանությունը։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ
Չթողնել, որ նիկոլական սադրիչներն ու պնակալեզերը ստեր տարածեն, կասկած և ատելություն ցանեն մարդկանց սրտերում։
Որտեղ տեսնում եք. «սա ընդամենը աթոռակռիվ է», «ախր մենք բոլորս ենք մեղավոր», մի խոսքով՝ ցանկացած այլ խմբի վրա սլաքներն ուղող քարոզչություն, մերժեք այն։
Մի տրվեք հույզերին, մի թողեք, որ կեղծ արցունքներով խաբեն։
Մասնակցեք բոլոր ակցիաներին, բողոքի ցույցերին։ Ինչքան շատ մարդ լինի, այնքան ավելի արագ իրականություն կդառնա #նիկոլսիքտիր-ը։ Այս մասին ավելի մանրամասն՝ Գիր №7-ում։