Մեր հարևան երկրի ներկայացուցիչը կարծում է, որ հայ ժողովուրդը կանգնած է անդունդի եզրին և հավաստիացնում է, որ ոչ ոքի համար գաղնիք չէ՝ Հայաստանին այս աղետին հասցրին Փաշինյանը և նրա հրոսակախումբը: Եվ զգուշացնում է՝ նման ղեկավարով կորուստները կարող են Արցախով չսահմանափակվել, ապագայում Հայաստանին ավելի մեծ մասշտաբի աղետներ են դարանակալել: Ուստի հանդուրժել նրա ներկայությունը հավասար է ինքներս մեզ ինքնասպանության փորձի ենթարկելու, որից հետո հայտնի չէ, թե քանի դար կպահանջվի նորից մեր պետականությունը վերականգնելու համար: Իսկ «հայ ժողովուրդը հաստատ արժանի չէ դրան», ամփոփում է նա:
«Գունավոր հեղափոխությունները», որոնք արվում են Արևմուտքի նուրբ ղեկավարությամբ, թերևս կարելի է համեմատել միայն պետական օրգանիզմը մահացու վտանգավոր վիրուսով վարակելու հետ: Դա ցիանի կալիում չէ, որ սպանում է վայրկենաբար, այլ քայքայում է ներսից աստիճանաբար: Եվ եթե ժամանակին ձեռնամուխ չլինես բուժման արմատական ձևերին, ապա այն մի երկու տարում լրիվ կքայքայի յուրաքանչյուր պետական օրգանիզմ:
Ուկրաինան՝ այս պնդումը հաստատող մեր աչքին սովոր օրինակը, այսօր փոխարինվել է Հայաստանով: Երբ 2018 թ. Հայաստանում, համաձայն «գունավոր հեղափոխությունների» լավագույն ավանդույթներին (իսկ դրանց շարժիչ ուժը միշտ էլ փողն ու դրանով գնված ամբոխն է եղել), իշխանության եկավ դեմագոգ Նիկոլ Փաշինյանը, ողջամիտ մարդու համար պիտի որ ակնհայտ լիներ՝ Հայաստանին ծանր փորձություններ են սպասում:
Հայաստանը կարող էր դասեր քաղել միկրոֆյուրեր Միխայիլ Սահակաշվիլու արյունալի դիկտատուրայի իննամյա պատմությունից, որ իշխանության բերվեց Վրաստանում «գունավոր հեղափոխության» ճանապարհով: Բայց, ինչպես հայտնի է, պատմության գլխավոր դասն այն է, որ ոչ ոք և երբեք նրանից դասեր չի քաղում:
«Եվրամետ երիտասարդության» հաղթական առաջնորդ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանը կոռուպցիայի խնդիրը զենքի վերածեց քաղաքական հակառակորդների դեմ: Հին և փորձված հնարք: Նման տեխնոլոգիաներ են կիրառվել Սերբիայում, միջինասիական հանրապետություններում, Բելառուսում: «Կոռուպցիայի դեմ պայքարը» Միշիկո Սահակաշվիլու սիրած հաղթաթուղթն էր: Բայց փաստացի նրա արյունահեղ դիկտատուրայի ինը տարում կոռուպցիան Վրաստանում մի լավ ծաղկեց՝ դառնալով իշխող կուսակցության պետական քաղաքականությունը, պետական բյուջեն և կառավարական պաշտոնյաների գրպանները լցնող գրեթե գլխավոր միջոցը:
Նույնը տեղի ունեցավ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարման երկուսուկես տարում: Կոռուպցիան հաղթահարվե՞լ է: Ազատությունն ու ժողովրդավարությունը հաղթանակե՞լ են: Ոչ, Փաշինյանը գնում է Սահակաշվիլու հետքերով՝ բանտերը լցնում է իր քաղաքականության ընդդիմադիրներով ու ցուցարարներով: Հայաստանում բոցաշունչ հեղափախական Փաշինյանի կառավարման ժամանակ կտրուկ մեծացե՞լ են աշխատատեղերը, բարձրացե՞լ են աշխատավարձերն ու թոշակները, գներն իջե՞լ են, ժողովրդի կենսամակարդակը բարձրացե՞լ է: Դարձյալ ոչ: Ժողովուրդը նախկինից շատ ավելի է աղքատացել:
Հետևաբար ինչո՞վ էր զբաղված վարչապետ Փաշինյանը վերջին երկու տարում: Նրա հեղափոխական կառավարության ձեռքերն այնպիսի «մանրուքների», ինչպիսին տնտեսությունն է, պարզապես չէին հասնում, քանի որ այդ կառույցը զբաղված էր քաղաքական մրցակիցների հաշվեհարդարով:
Հայաստանի ողբերգությունն այն է, որ անորակ լրագրողը, հայտնվելով իշխանության ղեկին, նախ սկսեց պետական պաշտոններում իր մարդկանց նշանակել՝ ղեկավարվելով ընդսմին գլխավոր սկզբունքով՝ իր հանդեպ թեկնածուների անձնական նվիրվածությամբ: Նրա ցնորական փոփոխությունների հետևանքով բանակից, հետախուզությունից, իրավապահ և պետանվտանգության մարմիններից հեռացվում էին նրանք, որոնց լոյալությունը նոր իշխանությանը կասկած էր հարուցում, այսինքն՝ պրոֆեսիոնալները: Իսկ որ պատասխանատու պաշտոններում բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում էին պատահական մարդիկ, հաճախ անփորձ երիտասարդներ, վարչապետ Փաշինյանին քիչ էր հետաքրքրում:
Այսօր շատերն են համոզված, որ Փաշինյանը հանձնեց Արցախը նպատակաուղղված ու միտումնավոր: Ոչինչ չենք հաստատի, քանի դեռ չեն ներկայացվել ուխտադրուժ դավաճանության համապատասխան ապացույցները: Բայց այն, որ Փաշինյանը հնարավորինս թուլացրել էր հայկական ուժային կառոււյցները և հասել էր Հայաստանի մեկուսացմանը միջազգային ասպարեզում, մեր կարծիքով, անվիճելի է:
Փաշինյանը կարողացավ փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ անձնական հաշիվները մաքրելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, թեպետ հեղափոխության ալիքի վրա խոստացավ ժողովրդին, որ «վենդետա չի լինելու»: Մինչդեռ Ռուսաստանը քանի անգամ խնդրեց ձեռնպահ մնալ քաղաքական հաշվեհարդարներից, առավել ևս, որ իրավական տեսանկյունից Քոչարյանին մեղադրանք ներկայացնելու հիմքեր չկային: Բացի այդ, Փաշինյանը հետ կանչեց ՀԱՊԿ-ում Հայաստանը ներկայացնողին, որպեսզի դատի նրան: Ինչպե՞ս կարելի էր նման հրապարակային ապտակից հետո օգնություն սպասել այդ ռազմական կազմակերպությունից:
Փաշինյանը Նավալնու կողմնակիցներին թույլ տվեց, որ Հայաստանում սեմինար անցկացնեն, որի ընթացքում սովորեցնում էին, թե ինչպես Ռուսաստանում հեղաշրջում իրականացնել: Փաշինյանի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի թելադրանքով նրա ոչ ադեկվատ քաղաքականության շնորհիվ Իրանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ արցախյան հարցի կապակցությամբ հանդես եկավ Ադրբեջանի կողմից: Թեպետ Իրանը երեք տասնամյակ շարունակ Հայաստանի համար անվտանգության և տնտեսության բնագավառներում երկրորդ կարևոր գործընկերն էր Ռուսաստանից հետո:
Ինչի՞ վրա էր Փաշինյանը հույսը դրել՝ իր ժողովրդին հասցնելով անդունդի եզրին: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օգնությա՞ն: Իսկ գուցե Լեհաստանի և Ռումինիայի՞, որոնք համակարգում էին Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ կապերը: Բայց նույնիսկ հայկական հզոր սփյուռքը ոչինչ չկարողացավ կորզել եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կառավարություններից, բացի աջակցության հռետորական հայտարարություններից:
Ի՞նչ հույս կարող էր ունենալ Հայաստանը Արցախի համար պատերազմում Փաշինյանի օրոք, եթե Ալիևը զգուշացնում էր, որ ադրբեջանական բանակը թվաքանակով գերազանցում է ողջ Արցախի բնակչությանը: Ի լրումն՝ Թուրքիայի լայնածավալ և համակողմանի օգնությունը զորքերով, հատուկ ջոկատներով, ռազմական ղեկավարությամբ և տեխնիկայով, Պակիստանի օգնությունը, Իսրայելի ռազմա-տեխնիկական օգնությունը, մի քանի հազար վարձկանների ներկրումը Սիրիայից և Լիբիայից: Այս ամենին Փաշինյանը կարող էր հակադրել միայն երկրի ու բանակի ապաշնորհ կառավարումը, ինչպես նաև արևմտյան գործընկերների հետ կապած հույսը: Այնպես որ ուզում ես հարց տալ՝ հիշելով Տարաս Բուլբայի նվիրական հարցը. «Հը, Փաշինյան, օգնեցի՞ն քեզ քո լյախերը»:
Նույնիսկ նման ձախողակ ղեկավարության պայմաններում և չնայած հակառակորդի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի մեծ գերազանցությանը՝ ազատամարտիկների և կամավորների քաջության ու վճռականության շնորհիվ ադրբեջանա-թուրքական եռօրյա բլիցկրիգը հաջողվեց ձախողել: Մարդիկ շարունակում էին պաշտպանել հայրենի հողը: Եվ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնաց մի արարքի, որ փաստացի ազգային դավաճանություն է: Անհասկանալի հանգամանքներում հանձնեց անառիկ Շուշին, որ առանցքային բարձունք է Արցախում: Փաշինյանն ամոթալի կապիտուլյացիա ստորագրեց, որը հարկադրում է հայերին թողնել իրենց տները Քարվաճառի և Բերձորի շրջաններում: Հայաստանի վարչապետին այդ քայլին է հանգեցրել, իր խոսքով, իբր ռազմական ղեկավարությունը՝ համոզելով, որ «հետագա ռազմական գործողություններն անհնարին են»: Այնինչ այժմ պարզ է դառնում, որ Փաշինյանը հրաման չի տվել ժամանակին հայկական բանակին պաշտպանել Արցախը և ժամանակին օգնություն չի խնդրել իր ռազմավարական դաշնակցից՝ Ռուսաստանից: Նա լուր էր սպասում «լյախերից», որոնք իրենց հերթին Փենսիլվանիայի նահանգում չէին կարողանում գլուխ հանել ընտրողների ձայներից:
Փոխանակ հրաման տալու Հայաստանի զինված ուժերին՝ Փաշինյանը դիմեց հերթական պոպուլիստական քայլին՝ «կռվելու» ուղարկեց Արցախ իր կնոջն ու որդուն: Դիվանագիտալան լեզուն նման արարքը գնահատելու համար չափազանց աղքատ է: Իսկ հասարակ մարդկանց լեզվով գտել է արժանի դարձվածքը՝ «էժանագին դերասանություն»:
Այսօր արդեն այնքան էլ կարևոր չէ՝ դավաճան է Փաշինյանը, թե պարզապես հիմար: Փաստն այն է, որ նա հայկական պետությունը հասցրել է անդունդի եզրին: Արցախը տալիս էր գյուղատնտեսական ապրանքների մեկ երրորդը, իսկ հիմա Հայաստանը հերթական անգամ պետք է լուծի տասնյակհազարավոր փախստականների հարցը, որոնք, Փաշինյանի շնորհիվ, ստիպված են լքել իրենց հայրենի տները և այրել: Ապահովության համար Նիկոլ Փաշինյանն իրեն էլ է մտցրել տուժածների ցուցակը: Երբ իր դավաճանությունից գազազած բնակչությունը սկսեց գրոհել կառավարական հաստատությունների վրա, հայտարարեց իր ժամացույցի և օծանելիքի կորստյան մասին: Այ, այսպիսի դժբախտություն:
Այսօր հայ ժողովուրդը կանգնած է հերթական ծանր փորձության առջև: Դավաճանը, որ տենչում էր ԱՄՆ-ի և Եվրամիության օգնությունը, բայց ամեն կերպ հեռու էր պահում իրեն Ռուսաստանից, երկիրը հասցրեց իսկական աղետի: Իսկ հիմա ցանկանում է իր վրայից գցել պատասխանատվությունն այն մարդկանց վրա, որոնք գործընթացի հետ կապ չունեն: Այսօր ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանին «գունավոր աղետի» հասցրին Փաշինյանը և նրա հրոսակախումբը: Նման ղեկավարով կորուստները կարող են Արցախով չսահմանափակվել: Ապագայում Հայաստանին ավելի մեծ մասշտաբի աղետներ են դարանակալել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն բազմիցս է ապացուցել, որ իրեն դարակ ճամարտակություններով չես վախեցնի, և այդ դեպքում հարկ է մտածել, թե քանի դար է անհրաժեշտ հայ ժողովրդին, որպեսզի կրկին վերականգնի իր պետականությունը: Ավելի լավ է իր վրա նման ինքնասպանության փորձեր չանի: Հայ ժողովուրդը հաստատ արժանի չէ դրան:
Աղբյուրը՝ EurAsia Daily