f

Անկախ

Ինչո՞ւ Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմում ձախողվեց. The National Interest (ԱՄՆ)


Հեղինակի՝ Սվանթե Կորնելլի (Svante E. Cornell) կարծիքով՝ Հայաստանը Ղարաբաղում շատ ցավոտ պարտություն կրեց, և հարց է տալիս՝ ի՞նչը Հայաստանը սխալ արեց: Սխալներից մեկը, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը չկարողացավ ճիշտ գնահատել Ռուսաստանի հետ կապերի և Կրեմլի կողմից հնարավոր աջակցության սահմանների կարևորությունը: Նա պնդում է նաև, որ Թուրքիան կռվի մեջ մտավ Երևանի ագրեսիվ քաղաքականության պատճառով: Անշուշտ, միշտ չէ, որ կարելի է համաձայնել նրա հետ, որոշ դեպքերում նա սխալվում է, քանի որ չի կարող մեր ներքին իրավիճակն իմանալ այն նույն մանրամասնությամբ ու նրբություններով, ինչ մենք: Ինքն էլ գիտակցում է դա և խոստովանում, որ  Հայաստանի ներքին քաղաքականության շատ ավելի խոր վերլուծության կարիք կա: Այսուհանդերձ այս վերլուծությունն օգտակար է նրանով, որ օգնում է մեր խնդրին նայել ուրիշի, չեզոքի և անգամ կողմնապահի աչքերով և ավելին տեսնել, քան ներսից ենք տեսնում:

Հայաստանի սխալների երկարաժամկետ վնասը տեսանելի է բոլորին: Բացի նյութական կորստից, սա նաև հոգեբանական կորուստ է: Գերազանցության զգացումն անհետացել է, իսկ ահա մենակության զգացումը՝ սաստկացել:

Հայ-ադրբեջանական պատերազմում, որ բռնկվեց սեպտեմբերի 27-ին, Հայաստանը խոշոր ռազմական պարտություններ կրեց ադրբեջանական զորքերից: Նա զրկվեց ոչ միայն այն տարածքներից, որոնք նախկինում բնակեցված են եղել ադրբեջանցիներով և գրավվել էին 1993 թվականին: Ադրբեջանական զորքերը մտան բուն Լեռնային Ղարաբաղի տարածք և նոյեմբերի 8-ին գրավեցին ռազմավարական կարևոր և խորհրդանշական մեծ արժեք ունեցող  Շուշի քաղաքը:

Ըստ երևույթին, Հայաստանին հանկարծակիի բերեցին: Սա շատ տարօրինակ է այն առումով, որ վերջին տարիներին Հայաստանը ավելի ու ավելի հաճախ էր Ադրբեջանի հասցեին հանդես գալիս նախահարձակ հայտարարություններով: Ինչո՞ւ հակամարտությունը չունեցավ այն ընթացքը, ինչպես որ պատկերացնում էր հայկական ղեկավարությունը: Պատճառը թաքնված է մի շարք կործանարար սխալ հաշվարկներում: Հայաստանի ղեկավարությունն այս հակամարտությունում սխալ էր հաշվարկել գրեթե ամեն ինչ՝ միջազգային հանրության արձագանքը, Ռուսաստանի պատասխանը, Թուրքիայի դերը հակամարտությունում, ինչպես նաև իր թշնամու՝Ադրբեջանի ներքին շարժընթացը:

Հայ-ադրբեջանական հակամարտությունում մշտապես առկա է եղել մի խոր պարադոքս: Հայաստանի բնակչության թվաքանակը երեք անգամ ավելի փոքր է Ադրբեջանից, շատ քիչ օգտակար հանածոներ ունի և զբաղեցնում է մի աշխարհաքաղաքական դիրք, որը շատ հեռու է շահեկան լինելուց: Սակայն 1990-ական թվականների սկզբին այդ երկիրը հաղթանակ տարավ պատերազմում հիմնականում երկու գործոնի շնորհիվ. Ադրբեջանում ներքին խառնաշփոթ էր, իսկ Ռուսաստանը պաշտպանում էր Երևանին: Դա օգնեց Հայաստանին հսկողություն սահմանելու Լեռնային Ղարաբաղի և այդ անկլավը շրջապատող տարածքների վրա, որտեղ ապրում էր գրեթե 750 հազար ադրբեջանցի, որոնք ստիպված եղան փախչել այդտեղից:

Հայաստանում այդ հաղթանակը ռազմական գերազանցության զգացումի հիմք դարձավ, ինչը գոյություն ուներ մինչև անցյալ ամիսը: Սակայն դիվանագիտական գետնի վրա շուտով պարզ դարձավ, որ Հայաստանն ավելին է պոկել, քան կարող է մարսել: Այդ ազգի ողբերգական պատմության պատճառով միջազգային հանրության համակրանքը հիմնականում նրա կողմն էր: Սակայն Երևանի տարածքային յուրացումները և ադրբեջանցիների էթնիկ զտումները 1993-1994 թթ. փոխեցին այդ մոտեցումը: 1996 թ. այնպիսի միջազգային կազմակերպությունների բանաձևերում, որպիսին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, շատ հստակ ասվում էր, որ գրեթե բոլոր երկրները հանդես են գալիս գրավված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու և հակամարտությունն այդ կերպ կարգավորելու օգտին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնավարություն ունենան, բայց ոչ լիակատար անկախություն:

Հայաստանի գրաված ահռելի տարածքները երաշխիք էին, որ ո՛չ Ադրբեջանի ղեկավարությունը, ո՛չ հասարակությունը երբեք չհաշտվեին ստեղծված իրավիճակի հետ: Ադրբեջանում հզոր ռևանշիզմ առաջացավ, իսկ Բաքուն նավթային շահույթների զգալի բաժինը ներդրեց զինված ուժերում: Մեծացող անհավասարակշռությունը երկու երկրների միջև ավելի ու ավելի պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծում: Դա նման էր մի զսպանակի, որը հնարավոր չէր անվերջ ձգել, քանի որ այն կարող էր կտրվել: Ի պատասխան Հայաստանն ուժեղացնում էր իր ռազմական կախվածությունը Ռուսաստանից՝ տեսնելով ի դեմս նրան իր հաղթանակների երաշխավորին:

Մի որոշ ժամանակ Հայաստանը համզել էր իրեն, որ ժամանակը գործում է իր օգտին: 2008 թվականի ցնցումներից հետո, երբ Վրաստանում պատերազմ եղավ, իսկ աշխարհում ֆինանսական ճգնաժամ սկսվեց, Հայաստանին թվաց, թե իմաստուն է վարվել՝ հույսը դնեով Մոսկվայի վրա: Արևմուտքն իր կովկասյան սիրելիին՝ Վրաստանին, ռազմական հարձակումից պաշտպանելու հարցում անկարող գտնվեց, իսկ ֆինանսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ արևմտյան երկներն աստիճանաբար սկսեցին հեռանալ այդ տարածաշրջանից: Նույն տարին Կոսովոն անկախություն ստացավ, և Բալկաններում երկրորդ ալբանական պետությունը հայտնվեց: Հայաստանում դա նախադեպ համարեցին Լեռնային Ղարաբաղի համար: Նրանց հույսերն ավելի մեծացան, երբ Ռուսաստանը 2014 թ. բռնակցեց Ղրիմը: Դա շատ նման էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Հետևանքն այն եղավ, որ Երևանը հակամարտության կարգավորման բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո սկսեց դիտարկել որպես ձգելու մարտավարություն և խաղաղության դիմաց լուրջ զիջումների անհրաժեշտություն չէր տեսնում:

2016 թ. լարվածության խորացումը հանգեցրեց «քառօրյա պատերազմին», որի շնորհիվ Ադրբեջանն առաջին անգամ 1994 թ. ի վեր գրավված տարածքների մի հատվածի վրա իր հսկողությունը վերականգնեց: Ի՞նչն է կարևոր, Մոսկվան այն ժամանակ մի քանի օր անց կողմերի հետ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեց, բայց չփորձեց միջամտել և զսպել Ադրբեջանի հարձակումը: Դա պետք է տագնապի աղաղակող ազդանշան լիներ Երևանի համար: Բայց անհասկանալի պատճառով Հայաստանը սոսկ խստացրեց իր դիրքորոշումը:

Առաջին հրադադարը սեմանտիկ բնույթ ուներ: Շատ հայեր աստիճանաբար սկսեցին Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավված տարածքներն անվանել «ազատագրված տարածքներ»: Դա կարևոր փոփոխություն էր, քանի որ նախկինում այդ շրջանները համարվում էին անվտանգության գոտի և հաղթաթուղթ բանակցություններում, որպեսզի զիջումների հասնեին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Եվ հանկարծ ամեն ինչ փոխվեց: Հիմա Հայաստանը հասկացնում էր, որ առհասարակ չի վերադարձնի այդ տարածքները, անտեսում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը, որոնցում «Ադրբեջանին անմիջապես և անվերապահորեն վերադարձնելու» պահանջ էր դրված:

Երբ 2018 թ. գարնանը «թավշյա հեղափոխության» շնորհիվ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, սկզբում թվում էր, թե նա պատրաստ է վերականգնել խաղաղ գործընթացը: Հատկանշական է, որ ադրբեջանական էլիտան ողջունեց նրա գալուստը: Բաքուն չօգտվեց Հայաստանի ներքին խժդժություններից, որպեսզի նրա դեմ ռազմական գործողություններ սկսեր: Հուսալով, որ Փաշինյանը գործընկեր կդառնա խաղաղության հասնելու գործում, Բաքուն կարծես ժամանակ տվեց, որպեսզի նա ամրապնդի իր իշխանությունը: Երբ 2018 թ. հոկտեմբերին Ալիևը և Փաշինյանը հանդիպեցին Դուշանբեում, պայմանավորվեցին թուլացնել լարվածությունը: Անցած երկար տարիների ընթացքում առաջին անգամ խաղաղություն հաստատելու իրական հեռանկարներ բացվեցին:

Բայց հետո ինչ-որ բան փոխվեց: 2019 թ. մայիսին Փաշինյանը մերժեց ԵԱՀԿ «մադրիդյան սկզբունքները», որոնք 2007 թ. ի վեր հիմք էին ծառայում բանակցություններին: Նա փորձեց նաև փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով ընդգրկել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը: Սակայն 2019 թ. օգոստոսին ելույթ ունենալով Ղարաբաղի մայրաքաղաքում՝ հայտարարեց. «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդպիսով նա վերականգնեց Հայաստանի և Ղարաբաղի միավորման հին թեման, որի պատճառով էլ 1980-ականների վերջին սկսվել էր հակամարտությունը: Այդ երկու հայտարարությունները ոչ միայն հակասում էին իրար (եթե Ղարաբաղը Հայաստան է, ապա ինչու պիտի առանձին տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջը), այլև առհասարակ ոչնչացնում էին տարածքի կարգավիճակի շուրջ բանակցությունների բոլոր շանսերը: Փոփոխությունների ուրիշ նշաններ էլ կային: Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որ 2018 թ. սկզբնավորեց «Կանայք հանուն խաղաղության» շարժումը, այս ամռանը հանկարծ զինվորական հանդերձանք հագավ և ձեռքն ինքնաձիգ առավ՝ քարոզելով կանանց մասնակցել մարտական վարժանքներին: Նրանց որդին նույնպես կամավոր գնաց ծառայելու գրավված տարածքներում:

Փոխվեց նաև Հայաստանի զինված ուժերի ռազմավարությունը: Նույն տարին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի իշխանությունը և ազդեցությունն արագ կառավարությունում մեծացավ, հայտարարեց, որ Հայաստանը մերժում է «հողեր խաղաղության դիմաց» տրամաբանությունը, որն ընկած էր բանակցային գործընթացի հիմքում, և որդեգրում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ռազմավարությունը: Դրան ուղեկցեցին ագրեսիվ գործողություններ, ինչը փոխում էր տեղերում իրավիճակը: Հայաստանը սկսեց բացահայտ Սիրիայից և Լիբանանից եկած հայերին բնակեցնել գրավյալ տարածքներում՝ ստեղծելով այնտեղ նոր միջավայր, ստիպելով Բաքվին շտապ գործի անցնել: Երևանի դիրքորոշումը լավագույնս շարադրել է Փաշինյանը՝ 2020 թ. օգոստոսին հարցազրույց տալով BBC-ին: Նրա հայտարարությունները նույնիսկ ստիպեցին Hard Talk հաղորդումը վարող  Սթիվեն Սակուրային եզրակացություն անել. «Դուք ակնհայտ խաղաղարար չեք»:

Այնուհետև հայկական ղեկավարությունն ավելի հեռուն գնաց: Նա (հնարավոր է՝ ոչ միտումնավոր) ձեռնարկեց քայլեր, որոնք անմիջականորեն այդ վեճի մեջ ներքաշեցին Թուրքիային: Երբ հուլիսին հակամարտության գոտուց հյուսիս, ոչ ոքի կողմից չվիճարկվող հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ բռնկվեցին, Թուրքիայում մտավախություններ ծագեցին, որ Հայաստանը սպառնալիք է ստեղծում  բախումներին մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների համար, այն ենթակառուցվածքների, որոնցով փոխանցվում են ադրբեջանական նավթն ու գազը: Իսկ օգոստոսի սկզբին Հայաստանի նախագահն ու վարչապետն ընդգծված նշեցին Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակը, որով նախատեսված է Թուրքիայի արևելքում ստեղծել հայկական պետություն: Այդ պայմանագիրը ավելի քան 100 տարի վրդովմունք է հարուցում թուրք ազգայնականների շրջանում:

Տվյալ իրադարձությունները վկայում են, որ հայկական ղեկավարությունը թույլ է տվել առնվազն չորս լրջագույն սխալ:

Առաջին՝ «ազատագրված տարածքների» մասին հայտարարևությունները ցույց են տալիս միջազգային իրավունքի և ինստիտուտների թուլացումից նպատակաուղղված օգտվելու փորձ: Ադրբեջանը երկու տասնամյակ իր անկյունաքարն էր դարձրել Հայաստանի՝ սահմանները  ռազմական ուժի միջոցով փոխելու փորձերը ի չիք դարձնելու դիվանագիտությունն ու միջազգային ճնշումը: Միջազգային իրավակարգի թուլացումը Հայաստանին գործողությունների ազատություն էր տվել, և այժմ նրան թվում էր, թե կարող է հավերժ իր հսկողության տակ պահել այդ հողերը: Սակայն հայ ղեկավարությունը աչքաթող էր արել այն հանգամանքը, որ այդ նույն միջազգային կարգն էր զսպում Ադրբեջանին՝ չթողնելով նրան, որ հրաժարվի դիվանագիտությունից և ձեռնամուխ լինի հարցը ռազմական ճանապարհով լուծելուն: 2019 թ. նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ  ի հայտ է գալիս մի աշխարհ, որտեղ միշտ ուժեղն է ճիշտ: Նա հասկացրեց, որ Ադրբեջանը կվարվի համապատասխան ձևով, եթե իրեն չհաջողվի հասնել իր նպատակներին դիվանագիտական մեթոդներով: Հայաստանը չգիտակցեց նաև այն իրողության հետևանքները, որ իրեն չի հաջողվել հասնել միջազգային հանրության կողմից ադրբեջանական տարածքների գրավման ճանաչմանը: Վերջին իրադարձությունները տեսանելի ցույց տվեցին, որ եթե ռազմական գործողությունները կատարվում են այն տարածքներում, որոնք միջազգային հանրությունը ադրբեջանական է համարում, արևմտյան և մյուս երկրները կսահմանափակվեն զսպվածության և բանակցություններ վարելու սովորական կոչերով:

Հայաստանի երկրորդ սխալն ավելի լուրջ էր: Երևանը չգիտակցեց այն փաստը, որ չի կարող ռուսական աջակցությունը համարել ինքնին հասկանալի մի բան: Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա այնքան ուժեղ է, որ Վլադիմիր Պուտինը բնավ վտանգավոր չէր համարում Իլհամ Ալիևին մերձենալը և Ադրբեջանին ռուսական  ուղեծրի մեջ ներառելը: Ռուսական ռազմավարության փորձագետները վաղուց են հասկացել, որ որ Կրեմլը իր ազդեցությունը Հայաստանի վրա համարում է Ադրբեջանին և Վրաստանին ճնշելու լծակ, որոնք շատ ավելի կարևոր են աշխարհաքաղաքական տեսանկյունից: Մի քանի տարի առաջ Ռուսաստանը սկսեց մեծ քանակությամբ զենք մատակարարել Ադրբեջանին: Անկասկած, Բաքուն ռուսական զենքի դիմաց շատ ավելի թանկ էր վճարում, քան Երևանը, բայց Մոսկվայի այդ գործողությունները պետք է մտահոգեին հայկական ղեկավարությանը և կասկածներ առաջացնեին Ռուսաստանի վրա հույս դնելու հարցում: Առավել ևս, որ Կրեմլն ամեն կերպ գայթակղում էր Բաքվին մտնելու Ռուսաստանի ղեկավարած կազմակերպություններ, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը: Բայց Երևանում նման վերաիմաստավորում չարվեց, ընդ որում, նույնիսկ այն բանից հետո, երբ  2016 թ. Ռուսաստանը չփորձեց միջամտել հայ-ադրբեջանական հակամարտության հերթական բռնկմանը:

Դրա փոխարեն Երևանը, որպես թույլ խաղաթղթերով պոկեր խաղացող, սկսեց մեծացնել խաղագումարները՝ շատ բացահայտ բլեֆ անելով: Սրանից հետո Բաքուն որոշեց, որ ժամանակն է մերկացնել այդ բլեֆը: Առաջվա պես չի կարելի բացառել, որ Մոսկվան կմիջամտի և կպաշտպանի Հայաստանին, սակայն դա քիչ հավանական է: Պուտինը խորին անվստահությամբ է վերաբերվում Փաշինյանին և այն հանգամանքին, թե ինչպես է նա եկել իշխանության: Ըստ երևույթին, նա գոհ է, որ Փաշինյանն ապտակ է ստանում: Հնարավոր է՝ նա հույս ունի, որ Հայաստանում իշխանության կվերադառնա հին ռեժիմը: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը օգոստոսին մաքրեց իր կառավարությունը ռուսամետ ուժերից և բացահայտ բողոքեց Պուտինից, որ Ռուսաստանը Հայաստանին զինամթերք և ռազմական տեխնիկա է մատակարարում: Պուտինի զգուշավորությունը կարելի է բացատրել նրանով, որ իրեն պետք է սիրալիր վերաբերվել Ադրբեջանին, որպեսզի ազդեցության ինչ-որ լծակներ պահպանի ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր կովկասյան երկրի վրա: Հավանաբար Հայաստանի ղեկավարությունը չհասկացավ, որ Ռուսաստանը, չնայած իր սնափառությանը և բարձրագոչ հայտարարություններին, անկման մեջ է թե՛ գլոբալ, թե՛ տարածաշրջանային առումով: Իրավիճակը կարող է փոխվել, սակայն այսօր Ռուսաստանը  շահ չի տեսնում այդ պատերազմում վճռական մասնակցությունից: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանն օգտվեց այդ ռազմական գործողությունների բռնկումից հակամարտության գոտի ռուսական խաղաղապահներին մտցնելու համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանը հայտնվեց մեծ մեկուսացման մեջ, ինչը կարելի է ենթադրել նրա հռետորաբանությունից:

Երրորդ՝ Հայաստանի ղեկավարները չկարողացան ճիշտ գնահատել Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի ուժեղացող կապը և հատկապես Թուրքիայի դերն այդ տարածաշրջանում: 2015 թվականից թուրքական պետությունում իրենց դիրքերն են ամրապնդում զորեղ ազգայնական ուժերը, որոնք ավելի ու ավելի հաճախ են թելադրում արտաքին քաղաքականությանը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որ ավելի շուտ իսլամիստ է, քան ազգայնական, այդ ճնշման տակ  ավելի շատ հետևում է ազգայնական ուղղությանը: Դրա հետևանքով Անկարան ձեռնոց է նետում Մոսկվային Սիրիայում և Լիբիայում: Հայաստանին պետք է անհանգստացներ, որ թուրքական դրոնները գերազանցել են ռուսական ՀՕՊ-ին, ուստի պետք է իրեն ավելի զգույշ պահեր: Չնայած բավական հստակ նախպազգուշական ազդանշաններին, օրինակ՝ 2020 թ. փետրվարին Էրդողանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը կարևոր է Թուրքիայի համար նույնքան, որքան Ադրբեջանի համար, Հայաստանի ղեկավարությունն ուղղակի չնկատեց Թուրքիայի առաջխաղացումը ղարաբաղյան հակամարտությունում: Նա նույնիսկ արագացրեց այդ առաջխաղացումը իր խորհրդանշական գործողություններով, ինչպես, օրինակ՝ ամառային ելույթները ի պաշտպանություն Սևրի հաշտության պայմանագրին:

Վերջապես, Հայաստանի ղեկավարությունը չհասկացավ, թե ինչ ներքին փոփոխություններ են կատարվում Ադրբեջանում: Երկար տարիներ Իլհամ Ակիևին կաշկանդում էր իր շրջապատում տարբեր օլիգարխների ներկայությունը: Բայց վերջին շրջանում ադրբեջանական առաջնորդը զտումների հեռուն գնացող արշավ սկսեց՝ ձգտելով բարձրացնել պետական իշխանության արդյունավետությունը: Ամենայն հավանականությամբ, հայկական ղեկավարությունը չհասկացավ, որ Ալիևի ավելի վճռական գործողությունները կանդրառնան Ադրբեջանի համար ամենահրատապ խնդրի վրա, ինչպիսին չկարգավորված հակամարտությունն է և ադրբեջանական տարածքների գրավումը, թեպետ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ շատ դժգոհ է նման իրավիճակից:

Ուրեմն ինչո՞ւ Հայաստանի ղեկավարները թույլ տվեցին այդ լրջագույն սխալները: Միտքդ մի քանի պատճառ է գալիս: Վերջին տարիներին աշխարհն արագորեն փոխվում է՝ պահանջելով զգալիորեն ավելի մեծ ճկունություն և վերլուծական հմտություններ գլոբալ և տարածաշրջանային գործընթացների փոխազդեցությունները ճիշտ գնահատելու համար: Դրա փոխարեն ղեկավարությունը Երևանում դրսևորեց տարօրինակ ինքնաբավ հանգստություն՝ ընկալելով միայն սեփական քարոզչությունը: Բայց հնարավոր չէ միայն դրանով բացատրել նրա ձախողումների ողջ խորությունը: Այս առումով Հայաստանի ներքին քաղաքականության շատ ավելի խոր վերլուծության կարիք կա:

Այսօր արդեն հասկանալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ քաղաքական փորձ մինչև 2018 թվականին փողոցային ցույցերի ալիքի վրա իշխանության բարձունքին հասնելը, չկարողացավ ըմբռնել իր երկրի և տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը: Միաժամանակ նրա դիրքերը շարունակ թուլացնում էր Հայաստանի նախկին ղեկավարությունը, որը կապված էր Ղարաբաղի ղեկավարության հետ և պահպանում էր սերտ կապերը Մոսկվայի հետ: Դա ծայրաստիճան անկայուն իրավիճակ էր ստեղծում, և Փաշինյանը որոշեց մրցակիցներից առաջ անցնել և իշխանությունն ամրապնդել կոշտ ազգայնական ուղղության հաշվին: Հավանաբար նրա միավորվելու կոչը հիմնականում ուղղված էր ղարաբաղյան ղեկավարությանը: Բացի այդ, նա այդ կերպ ուզում էր ուժեղացնել իր հանդեպ համակրանքը այնտեղ ապրող հայերի շրջանում: Եթե այդպես է, ապա Փաշինյանն ամենակործանարար կերպով թերագնահատեց իր խոսքերի ազդեցությունը Բաքվի վրա:

Այժմ կողմերի միջև գործում է հրադադարի համաձայնությունը, որ ամրագրեց Ադրբեջանի հաղթանակը, բայց օգնեց հայերին պահպանելու հսկողությունը Լեռնային Ղարաբաղի մի մասի վրա: Հայաստանի սխալների երկարաժամկետ վնասը շատ հասկանալի է: Իհարկե, դա նյութական և ֆիզիկական վնաս է, սակայն շատ ավելի կարևոր է հոգեբանական վնասը: Հայաստանի ռազմական գերազանցության զգացումը կոտրվել է, իսկ մեկուսացման զգացողությունը շատ ուժեղ է երևում: Հիմա հասկանալի պետք է լինի, որ Հայաստանի անվտանգությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, եթե նա հասնի ամուր խաղաղության: Փաշինյանը թուլացած էր դեռ մինչև մարտական գործողությունները, և այս հակամարտությունից նրան ոչ մի կերպ չի հաջողվի անվնաս դուրս գալ: Ավելի ու ավելի հաճախ են հնչում նրա հրաժարականի պահանջները: Բայց կհեռանա Փաշինյանը, թե ոչ, այնքան էլ կարևոր չէ, որքան այն, թե արդյոք Հայաստանը կանի՞ անհրաժեշտ եզրակացություններ իր ձախողումներից և լուրջ քայլեր կձեռնարկի արդյոք խաղաղության հասնելու համար:

Աղբյուրը՝ How Did Armenia So Badly Miscalculate Its War with Azerbaijan?

 

Աշխարհում արցախյան պատերազմ The National Interest

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին