f

Անկախ

Դուք կարծում եք, որ հայ ժողովուրդը անմեղսունակների և հացկատակների հավաքածու է և այնտեղ չկան սթափ դատողության կամ վերլուծական բավարար ունակություններ ունեցող անհատներ.Հրայր Թոփչյան


Պատասխան ՀՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին

Պատերազմը չափազանց լուրջ գործ է, որպեսզի այն վստահենք զինվորականներին։ Ուինսթոն Չերչիլ

Անկասկած դա այդպես է։ Ուստի կխնդրեմ անկեղծ լինեք և բարձրաձայնեք, թե երկրի քաղաքական ղեկավարությունը պատերազմի ինչ տեսլական է ունեցել կամ ունեցել է ընդհանրապես։ Սա իմիջայլոց։

❗Իսկ հիմա անցնենք Ձեր հայտարարությանը, որը պատերազմի ռազմաքաղաքական գործընթացի ռազմական բաղադրիչն է։

❗Ես ռազմական տեսաբան, փորձագետ չեմ և նաև ռազմական կրթություն, որպես այդպիսին, չունեմ, ի տարբերություն Ձեզ, Գլխավոր շտաբի ղեկավարությանը և համացանցում վխտացող նորելուկ և տարատեսակ «փորձագետների» բանակի։ Բայց ես մարդ եմ, որն իրեն հասանելիք աղբյուրներով լրջորեն ուսումնասիրել է համաշխարհային ռազմաքաղաքական պատմությունը՝ սկսած Կարքեմիշիի ճակատամարտից մինչև Ծոցի պատերազմ, Գավգամելայից մինչև Կաննե և Վաթեռլո ու ձևավորել է սեփական պատկերացումները պատերազմների պլանավորման և վարման մասին։ Ուստի խոսենք ավելի հանգամալից, կետ առ կետ վերլուծելով Ձեր հայտարարության մեջ ներկայացված իրողությունները։

❗Ա) Դուք ասում եք, որ 2020թվականի հունիսին, երբ նշանակվեցիք ՀՀ Գլխավոր շտաբի պետ, իրականացրել եք ռազմաքաղաքական միջավայրի հանգամանալից վերլուծություն և ԱԽ նիստում վարչապետին ներկայացրել այդ վերլուծության արդյունքները, ըստ որի ապագա պատերազմում Թուրքիայի միջամտությունը չի բացառվում, հայկական բանակը այդ կարգի մարտահրավերներին պատրաստ չէ, ուստի խիստ անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով խուսափել պատերազմից կամ հնարավորության սահմաններում այն հետաձգել ժամանակ շահելու և բանակը վերազինելու, պատրաստելու նպատակով։ Բարի։ Այդ դեպքում ինչու կամ ում հրամանով նախաձեռնեցիք հուլիսյան ավանտյուրան, որը իր էության մեջ մարտահրավեր էր, և մարտահրավեր էր ոչ այնքան Ադրբեջանին, որքան Թուրքիային և Թուրքիայի հետևում կանգնած աշխարհաքաղաքական ուժային հզոր կենտրոններին։ Կրկնում եմ, ես ռազմագետ չեմ, բայց լավ գիտեմ այդ դիրքը և նրա իրական «ստրատեգիական» նշանակությունը, այնտեղ ընթացած մարտերի խրոնիկան, որը ներկայացվեց որպես մեծ «հաղթանակ» և որի համար այնքան պարգևներ բաժանվեցին, որքան չէր բաժանվել Արցախյան առաջին պատերազմում։ Բացի դրանից այդ ամենն ուղեկցվեց թմբկահարվող մեծ հաղթանակի մասին պալատական փորձագիտական շրջանակների հաղթական քարոզարշավով (Հակոբ Բադալյանին խորհուրդ կտամ մի անգամ էլ կարդա երկու տարվա իր «խորիմաստ» վերլուծությունները կամ դիտել յութուբյան հարցազրույցները և նոր, ապագայի վերաբերյալ խորհուրդներ տալ կամ վերլուծություններ կատարել)։ Անկեղծ ասեմ, ես բանակի խոհանոցին ամբողջովին ծանոթ չեմ, բայց այդ գործողություններից ինձ մոտ տպավորություն ձևավորվեց (ուրիշ եզրակացություն անել հնարավոր չէր), որ մեր բանակը 2016-ի համեմատ սպառազինվածության և մարտական պատրաստվածության առումով որակական մեծ թռիչք է ապրել և պատրաստ է ձեռնոց նետել առկա մարտահրավերներին։ Բոլոր խելացի մարդկանց համար ակնհայտ էր, որ այդ գործողությունը մեծ պատերազմից առաջ ուժերի փորձարկում էր և մարտակոչ «նոր պատերազմ, նոր տարածքներ» բանաձևով։ Հիմա եկել ու ասում եք, որ ես պետության ղեկավարներին նախազգուշացրել եմ բանակի անպատրաստվածության մասին։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Թե՞ Դուք կարծում եք, որ հայ ժողովուրդը անմեղսունակների և հացկատակների հավաքածու է և այնտեղ չկան սթափ դատողության կամ վերլուծական բավարար ունակություններ ունեցող անհատներ։ Դա վիրավորական է ու վիրավորական է հատկապես այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվել և մտահոգ են ազգի ու պետության ապագայով։

❗Ասում եք, որ պատերազմի երրորդ օրը պետության ղեկավարներին ներկայացրել եք ստեղծված ծանր իրավիճակը և առաջարկել դադարեցնել պատերազմական գործողությունները։ Սակայն Ադրբեջանը և Թուրքիան չեն համաձայնվել։ Պարոն գեներալ-գնդապետ, ես չպետք է Ձեզ ասեմ, որ պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը չէին սանձազերծել և նրանք չէ, որ պետք է կամ կարող էին այդ պատերազմը դադարեցնել։ Վարչապետ կոչվածին ուժով պարտադրեիք գնալ Մոսկվա կամ Լոնդոն կամ չգիտեմ թե էլ որտեղ, եթե գտնում էիք, որ ջախջախիչ պարտությունն անխուսափելի էր։ Ես հասկանում եմ, որ այդ դեպքում «դավաճանի» խարանը դաջվելու էր Ձեր վրա։ Քավ լիցի, վերցնեիք այդ խարանը, եթե դրանով կարող էիք փրկել բանակը, նրա ռազմատեխնիկական պոտենցիալը, հետևաբար նաև պետության ապագան։ Դրանով Դուք հարվածից դուրս կբերեիք նաև Ձեր սիրելի վարչապետին, որ այսօր մարդկային բանականությունը վիրավորող արդարացման փորձերից է կառչում։ Վախեցա՞ք Վասակի սինդրոմից թե Վարդանի լուսապսակը ավելի հաճելի էր․ սա հինգերորդ դարը չէ, պարոն գեներալ-գնդապետ։

❗Բ) Անցնենք առաջ։ Եթե պատերազմից երեք օր հետո Դուք արդեն պատկերացնում էիք ստեղծված իրավիճակի անհեռանկար լինելը, ինչու ձեռնարկեցիք Ջաբրայիլի անհասկանալի, չնախապատրաստված հակահարձակման օպերացիան, որտեղ ոչնչացվեց բանակի հարձակողական պոտենցիալի զգալի մասը (թվերին չեմ տիրապետում)։ Շատ ավելի ճիշտ կլիներ այդ ուժերն օգտագործել պաշտպանական նոր բնագծեր ստեղծելու համար, որի շնորհիվ կչեզոքացվեր Շուշիին սպառնացող վտանգը։ Շուշիի հանձնման մասին չեմ խոսում։ Ահռելի հակասական տեղեկությունների պայմաններում հնարավոր չէ հստակ պատկերացում կազմել տեղի ունեցածի մասին։

❗Պարոն գեներալ-գնդապետ, հայտարարվել էր, որ պատերազմը հայրենական է։ Գոնե պատկերացնում ե՞ք, թե ի՞նչ է նշանակում հայրենական պատերազմ։ Հայրենական պատերազմը դա պատերազմ է հայրենիքի և հայրենիքի ապագայի համար, և ոչ թե նրա մի կտորի համար։ Եթե պատերազմն ընդամենը Արցախի համար էր, ապա այդ խնդիրը «պատվով» կատարվել է․ այդ խնդիրը չկա և ձև մի արեք, թե ընտրվել է չարիքի փոքրագույնը։ Եթե չարիքի փոքրագույնը այն է, որ անպաշտպան է մնում Վարդենիսից մինչև Մեղրի սահմանը, ես ասելու բան չունեմ։ Պարոն գեներալ-գնդապետ, եթե պատերազմը հայրենական էր, ու ստեղծված ռազմական իրավիճակի պատճառով Ստեփանակերտը պաշտպանել հնարավոր չէր, ապա պետք էր այն 25000 զորքը (որոնք ամենամարտունակն էին), որ իբրև թե փրկել եք, դուրս բերել Ասկերանի և Մարտունու բնագծերից և նոր բնագծեր ձևավորել Քաշաթաղ-Կրկժան և դեպի Ասկերանին հարող բարձունքների վրա, այն հաշվարկով, որ թշնամու հարձակողական ներուժը զգալիորեն թուլացած է, ռազմաճակատի գիծը զգալիորեն կրճատվում է, բանակի մատակարարման խնդիրները զգալիորեն հեշտանում են, մոտենում է ձմեռը, և պաշտպանողական մարտերի արդյունավետությունը կբարձրանար։ Եթե պատերազմը հայրենական լիներ, ապա այդ օրերին երևանյան սրճարաններում աշխույժ եռուզեռ չէր լինի և զորակոչն էլ Փաշինյանի բանաձևով (երեսուն մարդ է հավաքում, ընտրում է իրեն հրամանատար և այլն)։ Եթե պատերազմը հայրենական լիներ, Դուք, որպես Հայրենական պատերազմը տապալած բանակի ղեկավար, ատրճանակը դեմ արած կլինեիք քունքին, ինչպես Ձեր իրավիճակում հայտնված զորավարներն են վարվել մինչ այս։ Ուրեմն այս պատերազմը հայրենական չէր, թե ինչպիսին էր, դուք ինձնից լավ գիտեք։

❗Գ) Մինչ Գլխավոր շտաբի պետ լինելը Դուք երկար տարիներ պատասխանատու պաշտոններ եք վարել Գլխավոր շտաբում։ Ձեզ հասու են եղել ինչպես գաղտնի հետախուզական տվյալները (եթե այդպիսիք եղել են), այնպես էլ բանակի պատրաստվածության, առաջնագծի ամրաշինական կառույցների իրական վիճակը։ Որքան հասկանում եմ, Գլխավոր շտաբի ռազմավարության մեջ հակառակորդի գլխավոր հարվածի ուղղություն է համարվել Ակնայի ուղղությունը։ Ես չեմ տիրապետում այն կարգի ինֆորմացիային, թե հատկապես ինչու է այդ ուղղությունն ընտրվել, այլ ոչ թե հարավային ուղղությունը։ Դա պարզ երևում է նույնիսկ անզեն աչքով։ Ակնայի ուղղությամբ ամրաշինական կառույցները երկու կարգ ավելի են, քան հարավային ուղղությանը։ Եթե նույնիսկ պատերազմի պլանավորման այդ ռազմավարությունն է մշակվել, ապա ինչու ապահովության նպատակներով լրացուցիչ ուշադրություն չի դարձվել նաև հարավային ուղղությանը։ Չէ՞ որ այդ ուղղությունը հարթավայրային է։ Հարձակվող կողմի ձախ թևը հուսալիորեն պաշտպանված է Արաքսով, իսկ պաշտպանական բնագծերի հաղթահարումից հետո հակառակորդը կարող էր օգտագործել աջ թևում գտնվող անտառային ու լեռնային տեղանքը և դիվերսիոն ակտիվ գործողություններ վարել, ինչը ցավոք տեղի ունեցավ։

❗Պարոն գեներալ-գնդապետ, այս ամենը ցույց է տալիս, որ Գլխավոր շտաբը պատերազմի վարման սեփական պլան չի ունեցել, ճիշտ չի կանխատեսել հակառակորդի հարվածի գլխավոր ուղղությունը, հաշվի չեն առնվել պատերազմի թատերաբեմի առանձնահատկությունները (լեռնային, անտառային և տափաստանային լանդշաֆտ)։ Եթե Գլխավոր շտաբը պատերազմի վարման սեփական սցենար ունենար, ապա նախօրոք պլանավորված որևէ հակահարձակման պլան կունենար իր զինանոցում, ասենք Շահումյանի ուղղությամբ, որտեղ հակառակորդի տեխնիկական և թվային առավելությունը վճռորոշ դեր չէր խաղա։ Էլ չեմ ասում Օմարից մինչև Նոյեմբերյան տեղաբաշխված զորքերի անգործությունը։ Ընդունենք, որ որոշակի նկատառումներից ելնելով, կանխարգելիչ հարվածը նպատակահարմար չի համարվում։ Բայց այդ դեպքում առնվազն նախատեսվում է որոշակի հակազդող գործողություններ հակառակորդի նախահարձակ լինելու դեպքում (Ջաբրայիլի հանպատրաստից ձեռնարկված օպերացիան հաշվի մեջ չի մտնում)։ Այլապես պասիվ պաշտպանողական մարտերի դեպքում, երբ նախաձեռնությունն ամբողջովին հակառակորդի ձեռքին է, և, որն ունի նաև լոգիստիկ և կոմունիկացիոն հսկայական առավելություն, ջախջախիչ պարտությունը անխուսափելի է։ Ռինգի անկյունում անընդհատ պաշտպանվող բռնցքամարտիկը վաղ թե ուշ նոկաուտի է ենթարկվում․ դրանք տարրական ճշմարտություններ են և դա հասկանալու համար նույնիսկ ռազմական կրթություն հարկավոր չէ։

❗Պարոն գեներալ-գնդապետ, Ձեր հայտարարությունը զորավարին վայել հայտարարություն չէ։ Իր էության մեջ այն պատասխանատվությունից փախչելու չհաջողված փորձ է։ Եթե Ձեր գործունեության արդյունքը ողբերգական չլիներ, ապա կլիներ շատ ծիծաղելի։ Լավ եղեք, եթե այս ստեղծված իրավիճակում կարող եք լավ լինել։

❗Հ․Գ․ Ինձ համար անհասկանալի է, թե ինչ նկատառումներից ելնելով գերագույն հրամանատար, հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջաբրայիլի խայտառակ օպերացիան մշակած և տապալած անձերին Ազգային հերոսի կամ զինվորական նոր կոչումներ է շնորհել։ Դուք ռազմական ի՞նչ հաջողությունների համար եք ստացել գեներալ-գնդապետի կոչում։ Հայ ժողովուրդը իրավունք ունի այդ մասին իմանալու։ Եվ հետո պատերազմը տապալած, երկրի ապագան վտանգի տակ դրած անձնավորությունները երկու ճանապարհ ունեն, կամ եկեղեցի են մտնում ապաշխարհելու, կամ գնդակ են արձակում իրենց քունքին։ Օրինակ Վեստ Սարգիսը եկեղեցի կառուցեց և ապաշխարհեց։ Իհարկե, այդ արարքից Անին հետ չեկավ։ Հայոց պատմության առնվազն վերջին 1700 տարվա ընթացքում ոչ ոք երկրորդ ճանապարհը չընտրեց, և, հիմնականում այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք։

❗Հ․Գ․1 Ես չէի անդրադառնա, եթե չլիներ Ձեր երեկվա հայտարարությունը։

Հ․Գ․ 2 Դեռևս հոկտեմբերի 11-ին անդրադարձել եմ պատերազմի վարման հարցին (հղումը մեկնաբանությունում)։ Քանի որ ես հանրային անձնավորություն չեմ, դա, մեծամասամբ, մնացել է աննկատ։ Սա ուղղակի այն բանի համար, որ ինձ չմեղադրեն հետին թվով խելացի երևալու մեջ։

Հրայր Թոփչյան

Հրայր Թոփչյան ՖԲ Գրառում Օնիկ Գասպարյան բաց նամակ խմբագրի ընտրանի

Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում. Դրանից էլ մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար
Ավելին
Ավելին