Գյումրու թիվ 19 դպրոցում այսօր դասադուլ է, աշակերտներին տուն են ուղարկել, իսկ մանկավարժներն ու ծնողներն էլ նախ հանդիպել են Շիրակի մարզպետին, հետո՝ մարզի դատախազին։ Պատճառն այն է, որ դպրոցի նախկին տնօրենը բողոքարկել էր Շիրակի մարզպետի որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին և դատարակը հօգուտ տնօրենի որոշում է կայացրել։ Եվ ըստ դպրոցում շրջանառվող լուրերի՝ նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը լուրեր է ուղարկել դպրոց, թե ինքը վերադառնալու է իր պաշտոնից և բոլորին <չոքացնելու է>։
Նախորդ շաբաթ ուսուցիչները ստորագրահավաք էին կատարել, որին մի քանի օր հետո միացել են նաև ծնողները։ Ստորագրահավաքը ներկայացրել են և մարզպետին, և դատախազին։ Հիմա սպասում են պատասխանի։ Պահանջը մեկն է, որ նախկին տնօրենը չվերադառնա, կոլեկտիվը չի պատրաստվում աշխատել նրա հետ։
- Մենք պարոն մարզպետին տեղեկացրեցինք, որ չենք պատրաստվում դասի բերել երեխաներին, ուսուցիչներն էլ չեն պատրաստվում դասարան մտնել, այնքան ժամանակ մինչև այս հարցին լուծում կտրվի։ Նույնը նաև դատախազին ներկայացրեցինք, հիմա երևի կգնանք դպրոց և, եթե հարկ կա նաև դիմում-բողոք կգրենք։ Վաղվանից նորից դասի ենք գնում։ Բայց եթե ինքը նորից կվերադառնա թեկուզ դատարանի վճռով, մենք, երեխաներին չենք տանի դպրոց, - ankakh.com-ի հետ զրույցում նշեց դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Նարինե Դավթյանը։
Ըստ նրա, նախկին տնօրենի հետ խնդիրներ եղել են իր պաշտոնավարման տարիներին, որպես օրինակ էլ ներկայացնում է․
- Մի շարք հանգամանքներ կան՝ դրամահավաքության հետ կապված, այն ժամանակ նախակրթարանը 4000-4500 դրամ վճար կար, հիմա կա ծնողական ներդրում ընդամենը 1000 դրամ, դա էլ՝ երկրորդ սնունդի համար։ Նախկինում դպրոցական սնունդի գումարը 800 դրամ էր, հիմա 500 է, և ոչ բոլոր ծնողներն են վճարում։ Այն ժամանակ անխտիր մինչև վերջին աշխակերտը վճարում էր, հիմա 15 հոգանոց դասարանից հինգն է վճարում, որովհետև մարդիկ ի վիճակի չեն, բայց ամեն ինչ էլ կարգավորվում է։
Շիրակի մարզի դատախազի հետ հանդիպումից հետո մանկավարժներն ու ծնողները ուղևորվեցին նորից դպրոց․
-Դատախազն ասաց, եթե դիմում-բողոքներ ունեք, գրեք ներկայացրեք, եթե ոչ՝ ուրեմն պետք է սպասել ամեն ինչ դատավարությամբ պարզ կլինի, - ասաց Ծնողական խորհրդի նախագահը։
Հավելենք, որ վաղը՝ փետրվարի 26-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում լսվելու է այս դպրոցի նախկին տնօրենի գործով դատական նիստը։
Ըստ քրեական գործի Գյումրու թիվ 19 դպրոցի նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա․ <ՀՀ Շիրակի մարզպետի՝ 21.11.2011թ. թիվ 454-Ա և 31.01.2017թ. թիվ 34-Ա հրամաններով նշանակված լինելով Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց ՊՈԱ կազմակերպության տնօրենի պաշտոնում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հիմնադրած պետական ուսումնական հաստատությունում իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանում օժտված լիենելով առանց լիազորագրի հանդես գալու ուսումնական հաստատության անունից, ներկայացնելու նրա շահերը, տնօրինելու դպրոցի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, պարտավորված լինելով ապահովելու բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի
Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը, մարզպետի հաստատմանը ներկայացնելու ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կրելով պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, 2014-2018թթ. ընթացքում Ալվարդ Մկրտչի Ղայթանջյանի, Համիկ Ջանիբեկի Թորոսյանի և Իզաբելա Արթուրի Մեսրոպյանի օժանդակությամբ շահադիտական դրդումներով կազմել է կեղծ փաստաթղթեր և նույն անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դիտավորությամբ վատնման եղանակով հափշտակել է դպրոցին հատկացված՝ խոշոր և զգալի չափերով՝ համապատասխանաբար՝ 2.569.246 ՀՀ դրամ, 457.210 ՀՀ դրամ և 850.223 ՀՀ դրամ գումարները: