Ռազմական դրությունը, անկախ նրանից իրավականորեն գոյություն ունի, թե ոչ, այսօր դա աբսուրդ է, որովհետև պատերազմում կրել ենք խայտառակ պարտություն և ռազմական դրություն պահպանելը նշանակում է ներքին հարցերի լուծում վարչապետի համար, որովհետև ամեն ինչը սուտ է։
Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ռազմական դրության ժամանակ արդյոք իրավաչափ չէ ոստիկանների՝ բռնի մեթոդներով փողոց փակողներին բերման ենթարկելը։
«Այսօր խոսել ռազմական դրության մասին աբսուրդ է։ Ինչ վերաբերում է հավաքներին, ապա նախ առաջինը՝ հավաքները խաղաղ են, և նրանք իրավունք ունեն խաղաղ, ինքնաբուխ հավաքներ իրականացնել, և ոստիկանության բռնի ուժ գործադրելը անիրավաչափ է»,– շեշտեց նա։
Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ ՀՀ ողջ պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երիտասարդները, ժողովուրդը դուրս է գալիս իր արժանապատվությունը պահելու, բայց իրավապահ մարմիները ոտնատակ են տալիս այդ արժանապատվությունը։ «Հավաքված այս բոլոր ոստիկանական ուժերը ոչ թե իրավապահ մարմիններ են և պետությունը պահպանողներ, այլ նրանք պարտության ոստիկաններ են»,– հավելեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիան մեկնարկել է քաղաքացիներին բերման ենթարկելով: Ոստիկանները բերման են ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանին, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր քարտուղար–ղեկավար Արա Սաղաթելյանին, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին, քաղաքագետ Հրանտ մելիք-Շահնազարյանին, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և այլ քաղաքացիների: