«Ես հասկանում էի, որ ժամանակավոր առաջին տիկին եմ և ձգտում էի այդ ընթացքում լավ օգտագործել ունեցածս հնարավորությունները և հնարավորինս շատ օգուտ տալ, մնացածը ինձ չէր հետաքրքրում»:
Սա Ռիտա Սարգսյանի պատասխանն էր տարիուկես առաջ, երբ նրան հարց տվեցի, թե ինչու հասարակության ճնշող մեծամասնությունը գաղափար չունի իր ազգանպաստ գործունեության մասին, ինչու այն ժամանակին պատշաճ չի լուսաբանվել, ինչու համապատասխան հասարակական կարծիք չի ստեղծվել:
Ասեմ, որ Ռիտա Սարգսյանը միակ առաջին տիկինն է, որի մասին գրել եմ, այն էլ երեք անգամ, և գրել եմ զարմանքով, հիացմունքով ու դրվատանքով: Իսկ նրանով հետաքրքրվելու առիթը պատահականություն էր: 2019-ի ամանորին Թբիլիսիում էի, այցելեցի Թումանյանի տուն-թանգարան և զարմանքով իմացա, որ թանգարանի պատշաճ կահավորման ու ներկայացման հարցում նա վճռական դեր է խաղացել: Հետագայում էլ ավելի զարմացա, երբ ծանոթացա նրա՝ որպես մի քանի բարեգործական հիմնադրամների ղեկավարի գործունեությանը: Մինչդեռ մինչ այդ նրան հանդիպել էի մեկ-երկու հարսանիքներում և ծննդյան խնջույքներում ու վերաբերվում էի որպես սիրունատես ու կենսուրախ կնոջ ընդամենը:
«…ժամանակն է, որ մենք էլ փորձենք անդրադառնալ մեր նախկին նախագահների տիկնանց գործունեությանը՝ անաչառ գնահատական տալու՝ առաջին տիկնոջ տիտղո՞սն է զարդարել նրանց, թե՞ իրենք են զարդարել այդ տիտղոսը: Ինչ վերաբերում է Ռիտա Սարգսյանին, ապա հարկ է նշել, որ քաղցկեղով հիվանդացած երեխաների հարյուրավոր ծնողներ, արհեստական բեղմնավորման շնորհիվ ծնող դարձած հարյուրավոր անձինք, աուտիզմ ունեցող հարյուրավոր ընտանիքներ հիշելու են նրա մասին որպես մի անձնավորության, որ ճակատագրական դեր է ունեցել իրենց կյանքում: Այդ մարդկանց երախտագիտությունը մի հետք է, որ հնարավոր չէ ջնջել, և մի գնահատական, որից ավելի մեծ պարգև հնարավոր չէ պատկերացնել»,- գրեցի այն ժամանակ:
Ի՞նչ իմանայի, որ տարիուկես անց այդ եռանդով լեցուն, ուրիշներին կյանք պարգևելուն նվիրված անձնավորությունն անակնկալ հեռանալու է երկրային կյանքից և այս խոսքերը չափազանց տեղին ու արդիական են դառնալու, մանավանդ առավել ցավ են պատճառելու այս օրերի խորապատկերում, համապատասխան համեմատությունների պարագայում:
Ասում են՝ covid-ն էր պատճառը: Կարծում եմ՝ ճակատագրական դեր է խաղացել նաև այն, որ դարանակալ վիրուսին գումարվել են պատերազմական ծանր օրերի ապրումները, որոնք թևաթափ են արել և թույլ չեն տվել պայքարել հիվանդության դեմ: Հավանաբար նա չուզեց տեսնել իր Արցախի անկումը, պարզապես չուզեց:
Անահիտ Հարությունյան