Կորուստները, որ կրեցին Հայաստանը Ղարաբաղում և Ուկրաինան Դոնբասում, կարող են կանխորոշել բլիցկրիգի մարտավարության վերածնունդը, որ 1939 թ. իրագործել էին Գերմանիայի զորքերը Լեհաստանում: Այդ մասին գրում է Breaking Defense-ը՝ մեջբերելով ԱՄՆ ԶՈՒ բարձրաստիճան սպայի կարծիքը՝ չտալով նրա անունը:
Գեներալը հիշեցրել է, որ այսօր, ինչպես և 80 տարի առաջ, կարևոր է ոչ միայն տեխնոլոգիան, այլև մարտավարությունը: Նա նշել է, որ 1939 թ. բոլորն էլ և՛ տանկեր ունեին, և՛ինքնաթիռներ, և՛ ռադիոկապ, սակայն կարևոր նշանակություն ուներ ռազմական տեխնոլոգիաների համակցության նոր եղանակը:
Breaking Defense-ը մանրամասնում է իր զրուցակցի մտքերը՝ նշելով, որ Ադրբեջանը և Ռուսաստանը կարող են և չունենալ ամենաժամանակակից զենքերը, բայց նրանք ունեն արդեն նորագույն անօդաչու թռչող սարքեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր սպառազինություն առավել արդյունավետ է դառնում:
«Դոնբասում Ռուսաստանն անօդաչուներ կիրառեց ուկրաինական թիրախները հայտնաբերելու համար, որպեսզի արագ և ավերիչ հրետանային կրակ բացի: Լեռնային Ղարաբաղում հենց անօդաչուները դարձան մահաբեր զենքը»,- ասում է ամերիկյան փորձագետը:
Ընդ որում, Breaking Defense-ի աղբյուրները պնդում են, որ ժամանակակից պատերազմն արդեն երբեք նախկինը չի լինի, ուստի ԱՄՆ-ի բանակը պետք է պատրաստվի նոր սպառնալիքներին:
«Չնայած այն հանգամանքին, որ իրենց անօդաչուները ծանր կորուստներ հասցրին հայերին, ադրբեջանցիներն իրենք էլ թաղվեցին արյունալի սպանդի մեջ, երբ իրենց հետևակը շարունակ գրոհում էր հայկական խրամատները: Ադրբեջանը տարածքային ձեռքբերումների հասավ, բայց դրանք համեստ էին և թանկ գնով… Այդպիսով ադրբեջանական նոր և հին մարտավարական հնարքների համակցությունն ակներևաբար նվազ հնարամիտ և հաջողված էր, քան գերմանացիներինը 1939 թ.»,- արձանագրում է Breaking Defense-ը:
Հարկ է նշել, որ խոսակցությունները Ադրբեջանի բլիցկրիգի մասին ղարաբաղյան հակամարտության գոտու վերջին ռազմական բախման ժամանակ չեն համապատասխանում իրականությանը, թեպետ Բաքվի հաջողությունն այդ աշնանային արշավում կասկած չի հարուցում: Մարտերի առաջին շաբաթը՝ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը, ադրբեջանական զորքերին ցանկալի արդյունք չտվեց: Նրանք կարողացան շարժվել դեպի հայկական դիրքերի խորքերն ընդամենը հաշված կիլոմետրեր: Բայց հետագայում, ռազմաճակատի հարավային ուղղությամբ կենտրոնացնելով երկու-երեք զրահատանկային «բռունցքներ»՝ մոտ 25 հազար զինվորների և մի քանի հարյուր զրահատեխնիկայի կազմով, նրանք կարողացան ճեղքել պաշտպանությունը և հետագա շաբաթների ընթացքում ծավալել հարձակողական նախաձեռնությունը: Ռազմական փորձագետների գնահատականներով՝ Ադրբեջանի ԶՈՒ կենդանի ուժի գերազանցությունը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նկատմամբ այդ ուղղությունում հասնում էր մեկին 10-12-ի: Անձնակազմի և ծանր տեխնիկայի ահռելի կորուստների գնով, ինչպես նաև փաստացի օդային բացարձակ գերազանցության շնորհիվ, իսրայելական և թուրքական արտադրության հարվածային անօդաչուների միջոցով Բաքուն 44-րդ օրը միայն կարողացավ 40-45 կմ առաջ շարժվել և վերցնել Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին ու հասնել Ստեփանակերտի՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի արվարձաններին:
Աղբյուրը՝ EurAsia Daily