ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից։
«Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, եւ գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- հայտնեցին ՀՔԾ-ից։
Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։
Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։