Ճիշտն ասած, այսօրվա նիստը ես սպասում էի ուրիշ տեսակի, մենք պետք է մինչև նիստը բոլորովս հավաքվեինք, մտածեինք Երևան քաղաքի բնակիչների մասին, ովքեր պատերազմին մասնակցել են, զոհվել են, ովքեր բուժման կարիք ունեն: Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, որը վարում էր ավագանու նիստը, հորդորեց խոսել օրակարգի հարցերի վերաբերյալ և նկատեց, որ ավելի վաղ հենց նույն պատճառով տիկին Վարդանյանին ձայն չտրամադրեց: «Ինչո՞ւ կարգ ու կանոնը չենք պահում»,-ասաց նա:
Հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և նշեց. «Պարոն Սարգսյան, ո՛չ Երևանի ՏԻՄ օրենքից, ո՛չ կանոնակարգ օրենքից չի բխում, որ Դուք կարող եք սահմանափակել ավագանու անդամի ելույթի բովանդակությունը՝ անկախ նրանից՝ կապված է թեմայի հետ, թե կապված չէ։ Դուք գրաքննության որևէ իրավասություն չունեք, չի ունեցել քաղաքապետը, չեն ունեցել նախկին քաղաքապետերը: Հիմա Դուք ինչ ասում եք, գուցե, կներեք բառիս համար, «խաթրից ելնելով», կարող եմ ընդառաջել Ձեզ, բայց դա Ձեր իրավասություններից չի բխում»,-ասաց նա;
Ի պատասխան` Հրաչյա Սարգսյանն ասաց, որ կարծում է, թե «խաթրից ելնելով», անհրաժեշտ չէ առաջնորդվել: Նա նշեց, որ կանոնակարգ օրենքում փոփոխություններում հիմնավորված էր, թե ինչու է ելույթների համար առանձին հնարավորություն տրվում: Դավիթ Խաժակյանը կրկին չկիսեց կարծիքը, և պնդեց, որ որևէ մեկը լիազորություն չունի սահմանափակել ելույթը: