Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը չի կարող «տապալել համակարգը» և հեռացնել իրեն պաշտոնից: Դա կարող են անել միայն հենց բելառուսցիները` գործող օրենքների և սահմանադրության հիման վրա: Գրում է Gazeta.ru-ն։
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել՝ ելույթ ունենալով օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության շրջանակներում: Ըստ նրա, վերջերս արևմտյան երկրները շատ են անհանգստանում Բելառուսի զարգացման համար, ուստի նրանք երկրի իշխանությունների և նախագահի վրա «ազդեցության տարբեր սխեմաներ» են մշակում:
«Հասել են նրան, որ պատրաստ են Ռուսաստանին ներգրավել այս գործընթացում, բայց չգիտեն, թե ինչպես: Ես այս հայտարարությունն անում եմ երկաթե փաստերի հիման վրա, ինչպես ասում են Չինաստանում», - «БелТА» գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը։
Սակայն, ինչպես նա ընդգծել է, հանրապետության նախագահը կարող է հեռացվել իշխանությունից միայն մեկ եղանակով`օրինական:
«Հուշում եմ ճանապարհը, այն միակն է, ուրիշները չկան՝ միայն բելառուսցի ժողովուրդը կարող է դա անել այսօր գործող օրենքների և Բելառուսի սահմանադրության հիման վրա», - նշել է պետության ղեկավարը:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են օգոստոսից: